Հասարակություն

«Հրապարակ». Եթե Աղազարյանը կամ Մուրազին համարում են, որ խախտվել է իրենց անձնական կյանքի գաղտնիությունը, թող դիմեն մեզ

«Հրապարակ». Եթե Աղազարյանը կամ Մուրազին համարում են, որ խախտվել է իրենց անձնական կյանքի գաղտնիությունը, թող դիմեն մեզ

Հայաստանում մարդու իրավունքներն օրեցօր դառնում են առավել անպաշտպան, խոցելի եւ վտանգված: Թեպետ ՀՀ սահմանադրության մեջ նշվում է, որ մարդը գերագույն արժեք է, մարդու անձնական կյանք մտնելն ու անձնական կյանքի գաղտնիությունը խախտելը քրեորեն պատժելի արարքներ են, իսկ իշխանություններն ամեն հարմար առիթով հորջորջում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանի իրավապաշտպանները, միջազգային իրավապաշտպան կառույցները, ինչպիսիք, օրինակ, «Ֆրիդմ հաուսն» է, արձանագրում են, որ Հայաստանում մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը ոչ միայն դրական առաջխաղացում չեն արձանագրում, դեռ մի բան էլ նահանջ են ապրում: Բացի այն, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ եւ խոսքի ազատության համար կալանավորված անձինք, կան SMS հաղորդագրությունների միջոցով աշխատանքից ազատված պաշտոնյաներ եւ անգամ իրավապահ մարմինների ղեկավարներ, կան ոստիկանության կողմից ընդդիմադիր գործիչների եւ հասարակ քաղաքացիների խոշտանգման դեպքեր, մեզանում կա նաեւ անձնական կյանքի գաղտնիության հետ կապված լուրջ խնդիր: 

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը շանտաժի ենթարկեց իր թիմակից Հովիկ Աղազարյանին՝ անձամբ ուսումնասիրելով, ապա իր ողջ թիմին տրամադրելով Աղազարյանի հեռախոսի պարունակությունը` նրա անձնական` ինտիմ բնույթի նամակները, սեռական կյանքին վերաբերող տարբեր մանրամասներ, եւ այդ ամենը դարձնելով հանրային քննարկման առարկա ու նրան կուսակցությունից վտարելու պատճառ: Այժմ հերթը Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականներինն է, եւ անգամ որոշ լրագրողներ են բուլինգի ենթարկվում եւ վարկաբեկվում: 

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայությունն իր ձեռքին դարձրել է գործիք` անձնական հաշիվներ մաքրելու, հակառակորդների դեմ կոմպրոմատներ հավաքելու եւ մարդկանց անձնական կյանքի մանրամասները հրապարակայնացնելու համար: Օրեր առաջ նա սրբազաններից մեկի մասին գրառում արեց Ֆեյսբուքում, թե սրբազանը կենակցում է, իր իսկ տերմինով` «դոմփում» է իր քեռակնոջը: Հաջորդիվ նույնաբովանդակ գրառմամբ հանդես եկավ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, որն ազգին կրթելու առաքելություն է ստանձնել, բայց գրում է, որ politik կայքի խմբագիր Բորիս Մուրազին «սեռական ծառայություններ է մատուցում երրորդ նախագահին եւ որոշ եպիսկոպոսների»: 

Այն, որ Փաշինյանի իշխանության կեղծ ժողովրդավարի դիմակը պատռվել է, եւ Հայաստանում այժմ գործում է ավտորիտար ռեժիմ, մեծ հայտնագործություն չէ ու տեսանելի է քիչ թե շատ գրագետ մարդկանց: Նման դեպքերում մեծ աղմուկ կբարձրանար` հատկապես կաղմկեր մարդու իրավունքների պաշտպանը, սակայն այդ կինը զբաղված է բացառապես իշխանականների իրավունքների պաշտպանությամբ եւ չի էլ հիշում, թե որն է իր առաքելությունը: 
Սակայն մեկ այլ կառույց էլ կա, որի ուղիղ պարտականությունն է անձնական տվյալների պաշտպանությունը` արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որի ղեկավար Գրիգոր Ներսիսյանը պարզ չէ, թե ինչով է զբաղվում: Մի առիթով նա զանգահարել էր «Հրապարակի» խմբագրություն եւ մեզ մեղադրում էր անձնական տվյալ հրապարակելու համար` որդեգրումների հայտնի գործով, մինչդեռ լրագրողը որեւէ պարտավորություն չունի քրեական գործերի կամ պաշտոնյաների անձնական տվյալները գաղտնի պահելու հարցում: 

«Հրապարակը» Գրիգոր Ներսիսյանին հարցրեց` ինչո՞ւ այժմ համապատասխան քայլեր չեն ձեռնարկում՝ մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը պաշտպանելու համար, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը հրապարակավ գրառումներ են անում, թե ով ում հետ է սեռական հարաբերություններ ունենում՝ նույնիսկ նշելով անուններ: Մեր զրուցակիցը, անդրադառնալով հարցին, ասում է. «Ես անձամբ տեղյակ չեմ այդ գրառումների մասին, ամեն դեպքում, եթե անգամ նման գրառումներ կան, եւ եթե դրանք պարունակում են մարդու անձնական տվյալներ որեւէ ֆիզիկական անձի վերաբերյալ, եւ այն տվյալ անձը համարում է օրենքի խախտում, ապա տվյալ անձը պետք է դիմի գործակալությանը, որպեսզի ուսումնասիրություն կատարվի: Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ինքն իրենով չի կարող որեւէ անձի վերաբերյալ վարչական վարույթ հարուցել: Անպայման տվյալ անձը կամ անձինք պետք է բարձրաձայնեն մեզ, որպեսզի գործակալությունը կարողանա գործողություններ կատարել: Դա այնպիսի հարց է, որ գուցե տվյալ անձը չի ցանկանում, որ իր անձնական տվյալների հիման վրա վարույթ հարուցվի, եւ իրականացվի քննություն, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը համակարգային բնույթի գործերի մասին է, օրինակ` արտահոսքերի մասին, որի արդյունքում կարող են մեծ թվով մարդկանց անձնական տվյալներ դուրս գալ: Սա իրավունքի էությունն է: Օրինակ` եթե իմ իրավունքը խախտվում է, ես եմ որոշողը՝ դիմե՞լ համապատասխան միջոցների, թե՞ ոչ: Օրինակ` եթե ինչ-որ լրատվամիջոց իմ մասին հոդված է հրապարակում եւ իմ կենսագրության մեջ ավելացնում է ինչ-որ մի հատված, որը խեղաթյուրում է իմ ամբողջ կենսագրությունը, ես կարող եմ որոշել` դիմե՞լ միջոցների, թե՞ ոչ»: 
Բայց ակնհայտ է, որ իշխանություններն այս առումով անցել են բոլոր կարմիր գծերը, նախ՝ Հովիկ Աղազարյանի անձնական տվյալները դարձրին հանրային քննարկման առարկա, հիմա հոգեւորականների եւ լրագրողի սեռական կյանքն են շահարկում, չենք խոսում այն մասին, որ այդ տեղեկությունները որեւէ աղերս չունեն իրականության հետ։ «Եթե Հովիկ Աղազարյանը գտներ, որ իր իրավունքները խախտվում են, ապա նա, լինելով պատգամավոր, շատ լավ գիտի այս մարմնի տեղը, կարող էր դիմել մեզ, եթե չի դիմել, հավանաբար, ինքն այլ կարծիքի է: Ի դեպ, եթե քրեական վարույթ է հարուցվում, մենք` վարչարարություն իրականացնող մարմիններս, քայլեր ձեռնարկելու իրավունք չունենք՝ մինչեւ վարույթի ավարտը: Ասեմ, որ մեզ դիմելու դեպքում մեծ է խորհրդատվության քանակը, շաբաթը յոթ-ութ, գուցե տասը անձ է դիմում: Մարդիկ հիմնականում բավարարվում են բանավոր եւ գրավոր խորհրդատվությամբ, հետագայում ընթացք չեն տալիս խնդիրներին»,- ասում է Ներսիսյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image