ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին սկանդալային հայտարարություն արեց։ Նա մի կողմից արցախահայերի վերադարձի իրավունքը շեշտադրեց, ըստ էության, արձանագրելով, որ այն կարող է օրակարգ բերվել, եթե պաշտոնական Երեւանը հետապնդի այդ հարցը, մյուս կողմից հայտարարեց, թե Ադրբեջանի քայլերն այդ հարցում «կառուցողական են»։ Ըստ Զախարովայի, Մոսկվան Բաքվի հետ շփումներում բարձրացնում է «Ղարաբաղից փախստականների հարցը եւ նրանք տուն վերադառնալու հնարավորություն ունեն»։
«Մենք մեկ անգամ չէ, որ մեկնաբանել և ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը՝ ուղղված հարազատ վայրերը լքած բնակչությանը վերադարձի հնարավորություն տալուն: Ես ազնվորեն կասեմ ձեզ՝ այդ հարցը բարձրացնում ենք ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումներում, ստանում ենք համապատասխան պարզաբանումներ», - հայտարարեց Զախարովան։
ՌԴ ԱԳՆ խոսնակը ոչ ավել, ոչ պակաս, «կառուցողական» է որակում Ադրբեջանի քայլերը, այն նույն Ադրբեջանի, որը էթնիկ զտման ենթարկեց անզեն արցախցիներին ու ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո ստիպեց ուղղակի փախչել՝ փրկվելու համար։
ՌԴ ԱԳՆ խոսնակը ճիշտ է ասում՝ մարդիկ լքել են իրենց տները, գերեզմաններ, պատմություն թողել։ Զախարովան, անշուշտ ճիշտ է նաեւ խնդրի հասցեագրման հարցում՝ Երեւանն է գլխավոր սուբյեկտը, որը պետք է աշխարհի դռները ծեծի ու պահանջի՝ ապահովել վերադարձի իրավունքը՝ համապատասխան երաշխիքներով ու կարգավիճակով։ Արցախցիների ճակատագրի համար պաշտոնական Երեւանի պատասխանատվության հարցը չենք էլ քննարկում։ Որ 120 հազար արցախցիներ բռնի տեղահանվեցին Նիկոլ Փաշինյանի վարած աղետաբեր քաղաքականության հետեւանքով, բազմիցս ենք գրել, որ վերադարձի իրավունքն օրակարգ բերելու հարցում Երեւանի դիրքորոշումը էական նշանակություն ունի, եւս առիթ ունեցել ենք խոսելու, բայց ՌԴ ԱԳՆ խոսնակը մինչեւ վերջ անկեղծ չէ ու մի շատ կարեւոր հանգամանք է մոռանում, թե արցախցիներն ո՞ւմ երաշխիքի ներքո էին 44-օրյա պատերազմից հետո վերադարձել իրենց տները։
Այ այստեղ, իսկապես, «նրբերանգներ» կան։ Պատերազմից հետո Հայաստանում ապաստանած արցախցիների ռուսական երաշխիքի ներքո հետ վերադարձան, ի վերջո, պատերազմը կանգնեցվեց ՌԴ նախագահի երաշխիքով։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում Պուտինի ստորագրությունը հենց այդ երաշխքին էր, մինչդեռ Արցախում էթնիկ զտումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Այն նույն խաղաղապահների, որոնց հավատալով Հայաստանում ապաստանած արցախահայերը վերադարձան իրենց տները։
Այստեղ չենք քննարկում, թե Փաշինյանը ինչ խաղեր տվեց Արեւմուտքի հետ, ինչպես Մոսկվայի գրկից փորձեց տեղավորվել Վաշինգտոնի ու Բրյուսելի գրկում, բայց երբ ՌԴ ԱԳՆ խոսնակը խոսում է զուտ մարդկային ճակատագրերի մասին ու Բաքվի քայլերը «կառուցողական» է որակում, ինչպես ժամանակին Փաշինյանը, ի դեպ, չպետք է մոռանա, նաեւ այս հանգամանքը եւ պետք է փորձի պատասխանել նաեւ այն հարցին, թե ի՞նչ արեց Մոսկվան՝ զսպելու համար Բաքվին։
«Վերադարձի հնարավորություն եղել է և կա: Եթե մարդիկ հետաքրքրված են իրենց տների, հարազատ վայրերի պահպանմամբ, հավանաբար պետք է օգտվել այդ հնարավորությունից: Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ այն ախր կա»,- դիվանագիտական ցինիկությամբ պնդում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավանաբար, նկատի ունենալով «Հայերի վերաինտեգրման» Բաքվի ծրագիրը, որով Արցախում էթնիկ Զտումից օրեր անց, Ալիեւը փորձում էր մարդասեր երեւալ աշխարհի առջեւ ու խոստանում պաշտպանել Ադրբեջանի քաղաքացիություն կամ կեցության իրավունք ստացող հայերի իրավունքները, օրինակ, թույլ տալ կիրառել մայրենի լեզուն՝ անգամ առանց հատուկ կարգավիճակի, ապահովել կրոնական ազատությունը կամ մշակութային հուշարձանները, բայց այս ամենը՝ միայն խոսքով, որովհետեւ գործով, այդ նույն ժամանակահատվածում հայաթափված Արցախում Բաքուն հետեւողականորեն ու ծրագրված ոչնչացնում էր հայկական հետքը՝ գերեզմաններ, եկեղեցիներ, ամբողջական գյուղեր, շարունակում թշնամական հռետորաբանությունն ու ատելության խոսքը։