Հայոց պատմությունը 2018 թվականից գրելու մոլուցքով մեր պատմության ու պատմական հիշողության դեմ պայքարի դուրս եկած փաշինյանական իշխանության թիրախում հիմա էլ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտն է հայտնվել։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են կրճատել են ԳԱԱ պատմության ինստիտուտի ֆինանսավորումը, ինչը անհանգստություն ու մտահոգություններ է առաջացրել։ Շշուկներ են պտտվում, որ ֆինանսական խնդիրներ ստեղծելու ճանապարհով Ադրբեջանի պահանջները հլու հնազանդ կատարող ՔՊ-ական վարչակարգը մտադիր է չեզոքացնել Պատմության ինստիտուտը։
Գաղտնիք չէ, որ պատմությունը հերքող, պատմական փաստերը խեղաթյուրող ու դրանք ադրբեջանական նարատիվների տրամաբանության շրջանակում դիտարկող Նիկոլ Փաշինյանը հետեւողական պայքար է մղում այն ամենի դեմ, ինչը առնչություն ունի, ինչպես ինքն է ասում` «պատմական» Հայաստանի հետ, ԳԱԱ պատմության ինստիտուտը հենց այդ կառույցն է` Հայոց պատմության ու հիշողության ինստիտուցիոնալ կրողը, գիտական մակարդակում։
Ինստիտուտի՝ շուրջ 20 տոկոսով ֆինանսավորման կրճատումն անխուսափելիորեն հանգեցնելու է կրճատումների, ինչը էական հարված է լինելու ինստիտուտի համար։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ըստ էության, չհերքեց մեր տեղեկությունը՝ նշելով, թե խնդիրը դեռ փակված չէ ու քննարկում է գնում, դեռ վերջնական որոշում չկա։
«Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հետ հիմա աշխատում ենք, փորձում ենք հասկանալ, թե այդ կրճատման կամ ֆինանսի իջեցման պատճառը որն է։ Միջգերատեսչական հանձնաժողով է եղել, որը որոշում է կայացրել` ըստ վարկանիշների, թե ինչ․․․ Ինչպես հասկանում ենք, ամեն ինչ դեռ հստակ չէ, հենց այս պահին զբաղված ենք դրանով։ Մենք թուղթն ենք ստացել Նոր Տարվա նախաշեմին»,-մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը։
Նրա խոսքով, ինստիտուտի հանար ֆինանսավորման կրճատումը լուրջ բացասական հետեւանքներ կարող է ունենալ ինստիտուտի գիտական ներուժի վրա։ Ակնկալում են, որ հարցը դեռ հնարավոր է լուծել։ «Սա կարեւոր խնդիր է, երկրի համար մենք գիտական եւ գաղափարական հաստատություն ենք, պետք է փորձենք մեր գիտական ներուժը պահպանել։ Հայագիտական եւ հումանիտար ինստիտուտների մեջ մենք առաջինն ենք 1943 թվականից՝ Ակադեմիայի հիմնադրումման օրվանից, ամեն ինչ անելու ենք, որ ֆինանսավորումը վերականգնվի։ Կա նաեւ համատեղության խնդիր, եթե նախկինում այդ մասով մոտեցումները խիստ չեն եղել, հիմա ավելի խիստ են, որովհետեւ աշխատանքային օրենսդրությամբ պետք է մարդիկ առավելագույնը 1,5 դրույք աշխատեն եւ այդ դեպքում մենք ստիպված ենք լինում կրճատել դրույքաչափը»-բացատրեց Աշոտ Մելքոնյանը։
Հաշվի առնելով այն քաղաքականությունը, որը վարում է գործող իշխանությունը ազգային ինստիտուտների նկատմամբ, այսպես կոչված, «իրական ու պատմական» Հայաստանների պայքարը, արդյո՞ք պատահական է ֆինանսավորման կրճատման խնդիրը։ Աշոտ Մելքոնյանը ասաց՝ իրենց գիտական մոտեցումը հստակ է, իսկ ենթատեքստի հարցը պետք է հասցեագրել այն մարդկանց, ովքեր ունեն նման մոտեցումներ Հայոց պատմության վերաբերյալ։
«Մենք՝ որպես գիտնականներ, մեր դիրքորոշումն ունենք, պարզ չէ՞, որ Արեւմտյան Հայաստան եւ «Արեւմտյան Ադրբեջան» հասկացությունները նույն հարթության վրա չի կարելի դնել, որովհետեւ մի դեպքում կեղծիքի, մյուս դեպքում իրական պատմության մասին է խոսքը։ Նույնը կարող ենք ասել Հայոց պատմության ու Հայաստանի պատմության հետ կապված՝ այստեղ ուղղակի գրաբարի խնդիր գոյություն ունի եւ Հայոց պատմությունը նշանակում է Հայքերի պատմություն՝ երկու Հայաստանների պատմություն։ Գիտական տեսանկյունից մենք մեր ասելիքն ասում ենք, իսկ եթե քաղաքական ենթատեքստ կա, այդ մասին հարցը պետք է ուղղեք այն մարդկանց, որոնք նման մոտեցում ունեն», շեշտեց Պատմության ինստիտուտի տնօրենը։
Աշոտ Մելքոնյանը զգուշավոր փորձում էր իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ գնահատականներից խուսափել՝ մնալ գիտական կարծիքի շրջանակներում, հավանաբար, մտավախություն ունենալով, որ ինստիտուտի համար այս բարդ փուլում կտրուկ գնահատականները կարող են վատ անդրադառնալ գործընթացի վրա։ Նա շեշտեց՝ գիտականության տեսանկյունից նահանջ չի լինելու, քանի դեռ ինքը ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենն է, իսկ քաղաքական կոնյուկտուրան չի կարող ազդել գիտության անաչառության վրա։
«Բոլոր իշխանությունների ժամանակ մենք մեր ասելիքն ասել ենք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հետ կապված մեր կարծիքը հայտնել ենք, որ չի կարող լինել հաշտության հանձնաժողով ոճրագործի եւ զոհի միջեւ, կամ` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում Ցյուրիխյան արձանագրությունների կապակցությամբ հայտնել ենք մեր կարծիքը»-նշեց նա։
Խնդրեցինք նույն՝ գիտականության տեսանկյունից մեկնաբանել գործող իշխանությունների, այսպես կոչված, խաղաղության օրակարգն Ադրբեջանի հետ կամ Թուրքիայի հետ հաշտեցման հարցը։ «Դա քաղաքական հարց է, ինստիտուտի խնդիրը չէ։ Այսօրվա Ադրբեջանի ռազմական հռետորաբանության պարագայում ակնկալել խաղաղության պայմանագիր նշանակում է լինել միամիտ։ Չի երեու՞մ, որ Ադրբեջանն ամեն ինչ օգտագործում է՝ վիժեցնելու համար այդ պայմանագիրը։ Թուրքերը եւ նրանց կրտսեր Ադրբեջանը չեն փոխվել։ Որպես գիտնական՝ այդ մոտեցումը հստակ կարող եմ ասել՝ շատ անհավանական է, որ հավասարը հավասարի կեցվածքով որեւէ համաձայնագիր կնքվի»-պատմաբանի կարծիք հայտնեց Աշոտ Մելքոնյանը։ Իսկ որպես գիտական հիմնարկի ղեկավար նշեց` պարտավոր է ինստիտուտի աշխատակիցների իրավունքների պաշտպանության դիրքերում կանգնել, եթե խնդիրը քննարկումների արդյունքում չլուծվի։