Ամիսներ առաջ իշխանությունը, ի դեմս Գլխավոր դատախազության, որոշեց պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, որպես հիմնավորում՝ հղում անելով «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի առաջին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ՝ հասարակական կազմակերպություններ են։
Չնայած դիմադրության ալիքին, իշխանությունն այս ընթացքում հասցրել է համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակել՝ հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, միավորումների գույքը պետականացնելու եւ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար: Իսկ սա արդեն վերաբերում է ոչ միայն գրողներին ու նկարիչներին, այլեւ բոլոր միություններին ու ՀԿ-ներին:
Մասնավորապես, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Վլադիմիր Վարդանյանը հեղինակել են նախագիծ, որով փոփոխություն է առաջարկվում Քաղաքացիական օրենսգրքում։ Փաստաթղթով փորձ է արվում կանխել, ինչպես հեղինակներն են նշում, «արատավոր մի երեւույթ եւ պաշտպանել պետությանը պատկանող գույքի վաճառքը»։ Վերոնշյալ նախագիծը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ եւ դրանով փաստի առաջ կանգնեցրել ստեղծագործական միություններին։
Օրեր առաջ բոլոր ստեղծագործական միություններն ու հասարակական կազմակերպությունները նամակ էին ուղարկել վարչապետին՝ հանդիպման ակնկալիքով, սակայն մինչ օրս՝ ոչ մի պատասխան։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում ասում է, որ անհասկանալի եւ անորոշ վիճակ է, բայց մի բան փաստ է ու որոշակի, որ այդ շենքերը կառուցվել են միությունների, ինչպես նաեւ տարբեր անհատների, գրողների անձնական միջոցներով․ «Ես, օրինակ, իմ տպագրած գրքերից տոկոսներ եմ ուղարկել գրական ֆոնդին, որն այդ գումարներով կառուցում էր Ծաղկաձորի մեր ստեղծագործական տունը, իսկ Գրողների միության Բաղրամյանի շենքի կառուցման գործում իր անձնական գումարներից է ներդրել հենց Ավ․ Իսահակյանը, որն այդ ժամանակ ՀԳՄ նախագահն էր, էլ չեմ հաշվում գրական ֆոնդի ներդրումներն այդ շենքերի պահպանման, կառուցման, նորոգման հարցում։ Հիմա այս ամեն ինչի համար ո՞վ է պատասխան տալու, ենթադրենք՝ պետականացրին, դրանից հետո ի՞նչ է լինելու․․․․»։
Օրեր առաջ ԱԺ-ում կազմակերպված հանդիպման ժամանակ օրինագծի հեղինակները չե՞ն մանրամասնել, թե ինչ է լինելու շենքերը պետականացնելուց հետո, եւ ի՞նչ գործիքակազմ է կիրառվելու։ «Ոչ մի գործիքակազմ էլ չկա, ընդհանուր բառեր են, ու որ ամեն միություն իր մասնագիտական ուղղությամբ պետք է աշխատի։ Լավ, աշխատեցինք, բայց ո՞վ է վճարելու, մենք պետք է դառնանք վարձակալ եւ պետք է վճարե՞նք այստեղ մնալու համար, աշխատավարձերի հարցը ո՞նց է կարգավորվելու։ Այս բոլոր հարցերն անորոշ են, եւ հավատ էլ չի մնում, որ եթե պետական դարձան, ինչ է լինելու դրանց ճակատագիրը, կարող է 15 տարի հետո մի ուրիշ կառավարություն է գալիս ու ասում է՝ ընկերներ, դուրս եկեք գնացեք, դուք մեզ պետք չեք այլեւս, մեր երկրին էլ պետք չէ մշակույթ, այդ ժամանակ ի՞նչ պիտի ասենք։ Ամեն անգամ, մի քանի տարին մեկ մեր կյանքն այսպես խռովելով, այսպիսի բաներ սարքելով ո՞ւր կհասնենք․․․»։
Միլիտոնյանն ընդգծում է՝ մշակույթի մարդիկ վրդովված են, որովհետեւ այսպիսի վերաբերմունքը հարգանքի նշան չէ մշակույթի մարդու հանդեպ, ավելին՝ հարգանք չէ նաեւ մեր մշակույթի պատմության հանդեպ։ Զրուցակիցս նկատում է՝ այս տարվա նոյեմբերի 15-ին պետք է նշեն ՀԳՄ 90-ամյակը, բայց 90-ամյակին ընդառաջ իշխանությունից «հրաշալի նվեր» ստացան, որը հիմա քննվում է վարչական դատարանում․ «Դրանից ավելի «լավ նվեր» չէինք էլ կարող պատկերացնել․․․․»։
Ինչպես գրել էինք, ստեղծագործական միություններին պատկանող գույքերի հարցը դատարանն առանձին-առանձին է քննում, օրինակ՝ ՀԳՄ Սեւանի հանգստյան տան շենքի հարցը դատարանում քննվելու է նոյեմբերի վերջին։ Բաղրամյան հասցեում գտնվող շենքի հարցը՝ հունվարի 22-ին։ Հատկանշական է, որ Սեւանի հանգստյան տան շենքի հարցը գրավոր ընթացակարգով է քննվում, ինչպեսեւ՝ Նկարիչների միության Աբովյան 17-ի դեպքում, ինչը նշանակում է, որ այդ շենքերի ճակատագիրը որոշվելու է փակ դռների հետեւում։ «Ստացվում է ՝ գրավոր ընթացակարգով արագ վճիռը կայացնում են ու վերջում էլ ավելացնում, որ բողոքի ենթակա չէ․․․։ Է, հետո՞․․․»։
«Սեւանի հանգստյան տունը ճարտարապետական բարձրարժեք գործ է, ու որին պետությունը 30 տարուց ավելի մատ չէր կպցրել, միայն գրողների ջանքերով է այդ շենքը պահպանվել, բա այդ ժամանակ ինչո՞ւ չէիք մտածում, որ շենքը պետական է։ Դեռ Լեւոն Անանյանի օրոք եւ նրա ջանքերով ներդրողներ գտնվեցին, որոնք վտանգավորության աստիճանի հասած, քայքայված շենքը նորոգեցին ու փրկեցին։ Հիմա մենք այդ մարդկանց ի՞նչ ենք պատասխանելու։ Կամ՝ մեր միության Ծաղկաձորի շենքը, որն անվերջ նորոգվում է, թարմացվում է, գույքահարկեր ենք տալիս, նույնը՝ Բաղրամյանի շենքի դեպքում։ Հիմա այս ամեն ինչի համար ո՞վ պետք է պատասխան տա, ի՞նչ հիմքեր ունենք, որ վաղը չեն վաճառի, բա այդ ներդրողները մեզ չե՞ն ասի՝ եղբայր, մեզ ձեռ առա՞ք, այս ի՞նչ արեցիք․․․․»,- ասում է Միլիտոնյանն ու ընդգծում, որ, մասնավոր ներդրողներից բացի, միություններն իրենք են բավականին ներդրումներ արել։
Ըստ Միլիտոնյանի՝ անիմաստ է այս օրինագծի քննարկումը, եթե դատական պրոցեսներ կան․ «Ու դեռ պարզ չէ՝ այս շենքերը պետակա՞ն են դառնալու, մասնավո՞ր, եթե դատը եղավ, ուրեմն պետական հիմնարկ են դառնալու սրանք, ու այդտեղ կարող է պետությունը որոշում է, որ եթե վարձը տաք, կապրեք, չեք տա՝ գնացեք։ Սակայն հիմա էլ տարածում են, թե նույնկերպ կաշխատեն, բայց դա էլ խիստ անորոշ է, ո՞նց ենք նույնկերպ աշխատելու, եթե ասում են՝ միայն գրական գործունեությամբ պետք է զբաղվեք, նկարիչները՝ նկարչական, եւ այդպես շարունակ։ Ո՞վ է վարձավճարները հավաքելու, ո՞վ է աշխատավարձ տալու․ հազար ու մի հարց է առաջանում։ Դրա համար նշեցինք, որ եթե դատական պրոցեսները պահում եք, ճիշտ չէ այս օրենքը հիմա գործարկել»։
ՀԳՄ շենքում դեռ 90-ականներից եղել է նաեւ թատրոն, նախ՝ Էլբակյաններինը, հետո՝ Համազգայինը, հիմա էլ՝ «Բոհեմ» թատրոնը, իսկ դահլիճը, թատրոնին ծառայելուց բացի, օգտագործում են նաեւ իրենց գրական հանդիպումների համար։ «Հիմա մենք որտեղի՞ց վարձակալներ գտնենք միայն գրականության գծով, որ գրողներ գան միայն ու վարձ վճարեն․․․։ Եթե այդ վարձակալներն էլ չլինեին, այդ ստեղծագործական միությունները ո՞նց էին ապրելու»,- ասում է ու նկատում, որ ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը Կադաստրից որեւէ մեկին չէին հրավիրել, երբ հիմնական պատասխանատուն ինքն է, իսկ միությունները որպես 3-րդ կողմ են ներգրավված։ Ավելին՝ Կադաստրը թե՛ դատախազությանը, թե՛ իրենց մի քանի ամիս առաջ նամակ էր հղել՝ տեղեկացնելով, որ օրինական էր ճանաչել սեփականության իրավունքի գրանցումը։
ՀԳՄ նախագահը չի հերքում, որ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ վաճառվել են ինչ-ինչ շենքեր, բայց եթե իշխանության մտահոգությունը շենքերի վաճառքն է, ապա դրան լուծում կա․ դեռ իրենց համաժողովի ժամանակ առաջարկել են՝ պահպանել շենքերի սեփականության իրավունքը՝ հետագայում առանց վաճառքի պայմանի, որով կփարատվի այն մտավախությունը, թե սեփականատերերի կողմից հնարավոր է վաճառվեն դրանք։
«Թեպետ Նկարիչների միության համաժողովի ժամանակ ԿԳՄՍ նախարարն առաջարկեց, որ շենքերը նվիրենք իրենց, իրենք էլ նվիրեն մեզ, ինչից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ, մենք առաջարկեցինք պահպանել շենքերի սեփականության իրավունքը՝ հետագայում առանց վաճառքի պայմանի, ու եթե ձեր մտահոգությունը վաճառքն է, սա կփարատվի, եթե, իհարկե, չկա ուրիշ նպատակ»։
ՀԳՄ նախագահը, սակայն, այդքան էլ լավատես չէ, քանի որ Հանրային հեռուստաընկերության պատրաստած լրատվությունը լավատեսության հիմքեր չի թողնում, ավելին՝ ազդում է դատական ընթացքի վրա․ «Դա մեծ լծակ է դատական ընթացքի վրա, ու սա արդեն 2-րդ ռեպորտաժն է, որ գնում է Հ1-ով։ Շահառուներից ոչ մեկը՝ ո՛չ Կադաստրի կոմիտեն, ո՛չ ստեղծագործական միությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, չեն ընդգրկվել այդ թողարկման մեջ, եւ մենք մեզ թույլ ենք տալիս ասել, որ դա միակողմանի ու միտումնավոր մոտեցում էր, դատական պրոցեսի վրա ազդող միջոց։ Այն տպավորությունն էր, որ Ազգային ժողովի օրենքի նախագիծն օրենքի ուժ է ստացել, դատերն արդեն ավարտվել են, մեղավորները՝ պատժվել։ Հոկտեմբերի 6-ի Հանրայինի լրատվականի թողարկման մեջ հնչեց անհասկանալի մի լուր. իբր ստեղծագործական միություններն ու հասարակական կազմակերպությունները ֆինանսավորվում են պետության կողմից, եւ խոսքը միլիոնների հասնող գումարների մասին է։ Մեր պարտքն ենք համարում հիշեցնել՝ ստեղծագործական միություններին, ՀՀ անկախացումից հետո, պետության կողմից ֆինանսավորման որեւէ ձեւաչափ չի եղել, եւ այդ միություններն իրենց գոյությունը պահել, շենքերի պահպանման խնդիրները լուծել են սեփական միջոցներով եւ հովանավորների օժանդակությամբ՝ միշտ գտնվելով հարկային դաշտում։ Ստեղծագործական միությունների շենքերը երբեք պետական գրանցում չեն ունեցել։ Եվ ամենաանհասկանալին. պարզվում է, որ 25 տարի անց պետությունն ինքն իրեն ճանաչում է մեղավոր եւ պատժի արժանի»։