Հասարակություն

Կարմիրներին` դահլիճ, կապույտներին` բակ. ՇՊՀ-ում դիպլոմների հանձնումը մեծ դժգոհություն է առաջացրել

Կարմիրներին` դահլիճ, կապույտներին` բակ. ՇՊՀ-ում դիպլոմների հանձնումը մեծ դժգոհություն է առաջացրել

Շիրակի Պետական Համալսարանում (ՇՊՀ) հուլիսի 15-ին կայանալիք դիպլոմների հանձնման արարողությունը դարձել է բուռն քննարկումների պատճառ։ 2024-2025 ուստարվա շրջանավարտների համար միջոցառումն այս տարի անցկացվելու է նոր՝ տարանջատված ձևաչափով, ինչն ուսանողության մի մասի մոտ ընկալվել է որպես խտրական վերաբերմունք։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կարմիր (գերազանցության) դիպլոմ ստացող շրջանավարտները կհրավիրվեն առավոտյան՝ ժամը 09։00-ին, հանդիսավոր արարողության, որը կանցկացվի համալսարանի նիստերի դահլիճում,իսկ կապույտ (սովորական) դիպլոմ ստացողները կստանան իրենց վկայականները միայն ժամը 18։00-ին, համալսարանի բակում` առանց առանձին արարողակարգի։

Այս տարբերակումը լուրջ դժգոհություն է առաջացրել բազմաթիվ շրջանավարտների շրջանում, ովքեր պնդում են, որ համալսարանի այս որոշումը խախտում է հավասարության սկզբունքը։

 «Բոլորն էլ նույն համալսարանի  ուսանողներն են, նույն համալսարանում են սովորել։ Նրանց մի մասին հանդիսավոր հարգանք է մատուցվում, իսկ մյուսներին պարզապես կանչում են բակ՝ վերցնելու իրենց դիպլոմները։  Ցավոտ ու նվաստացուցիչ է։ Սա առաջին տարին է, որ այս ձևաչափն են ընտրել, երբեք այդպես չի եղել»,- Hraparak.am-ին ասաց  շրջանավարտներից մեկի ծնողը։

Ուսանողները նաև  համալսարանի  սոցիալական էջերում իրենց քննադատական մեկնաբանություններն են թողնում, որոնք սակայն  հաճախ ջնջվում են։

ՇՊՀ֊ից  պարզաբանում են, թե այս որոշումը պայմանավորված է բացառապես կազմակերպչական խնդիրներով։ Պատճառաբանում են, թե 600-ից ավելի շրջանավարտ ունեն, մինչդեռ նիստերի դահլիճը ընդամենը 135 տեղանոց է, և ֆիզիկապես անհնար էր բոլոր շրջանավարտների համար նույն վայրում , միևնույն ժամին կազմակերպել միասնական արարողություն։

Բացի այդ, ըստ համալսարանի, երեկոյան բակում նախատեսվում է տոնական միջոցառում բոլոր շրջանավարտների համար։ Ինչևէ,  ուսանողները  համարում են, որ ՇՊՀ֊ի կողմից խիստ խտրական վերաբերմունքի են արժանանում և դիմում են ներկայացրել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խնդրելով վերանայել այդ մոտեցումը և գնահատել՝ արդյո՞ք այն չի խախտում ուսանողների իրավունքներն ու կրթական հավասարության սկզբունքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image