Մշակույթ

Կես դար քո կյանքից նվիրես այս երկրին, այդքան սիրես, նվիրվես ու այսպիսի վերաբերմունքի արժանանաս

Կես դար քո կյանքից նվիրես այս երկրին, այդքան սիրես, նվիրվես ու այսպիսի վերաբերմունքի արժանանաս

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, ամփոփելով տարին, չի ուզում բողոքել տարատեսակ դժվարություններից, ասում է՝ առողջ է, ստեղծագործում է, ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ, որպես ստեղծագործող՝ բավարարված է, հենց միայն Ազգային պատկերասրահում իր ցուցահանդեսը մեծաթիվ այցելություններ է գրանցել, որոնց մեջ՝ նաեւ օտարազգիներ, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել իր արվեստի հանդեպ։ «Էրոս» թեմայով մեկ այլ ցուցահանդես է ունեցել Գդանսկում, Օրենբուրգում, մասնակցել է միջազգային պլեներների՝ Լիտվայում։ Սակայն այս ամենը, ըստ նրա, քիչ է՝ երջանիկ ու գոհ ապրելու համար, երբ մեր երկրի սահմաններն անառիկ չեն, ունենք փախստականներ, գերիներ եւ սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ։

«Անգամ երբ ուզում ես մի հատ սուրճ խմես ու կտրվես այս հոգսերից, նորից մտքերով մտնում ես նույն խողովակի մեջ ու տեսնում ես, որ այսօր մեզնից ոչ մի բան կախված չէ, մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում աշխարհում, մեր խոսակցություններն ավելորդ խոսակցություններ են, եւ ցավ ես ապրում, երբ տեսնում ես այլ երկրների վերաբերմունքը քո երկրի հանդեպ եւ հենց մեր վերաբերմունքը՝ մեր հանդեպ։ Բայց ավելի ցավալի է, երբ տեսնում ես, որ ազգովի չգիտենք, թե ուր ենք գնում, կարծես լուռ նստած՝ ինչ-որ բանի ենք սպասում․․․»,- նշում է նկարիչը։  

Իշխանությունը բակերի բարեկարգումը, ճանապարհների ասֆալտապատումը, մանկապարտեզների վերանորոգումն ուզում է ներկայացնել որպես մեծ ու կարեւոր գործ՝ նկատում է Փ․ Միրզոյանը, մինչդեռ դա ցանկացած կառավարության սուրբ պարտականությունն է․ «Բա քո երկիրն է, չանե՞ս, քո երեխայի համար մանկապարտեզ չսարքե՞ս․․․, մի հատ փորձիր գնալ Գառնի, ամբողջ Ջրվեժը քանդված է, կամ՝ Թումանյան փողոցն ասֆալտապատեցին, հիմա էլ գծերն ինչքան ժամանակ է՝ չեն գծում, ընդհանրապես՝ այս քաղաքը, երկիրն այս վիճակից հանել է պետք, այլեւս չի կարող այսպես շարունակվել»։

Միրզոյանը զարմանում ու զայրանում է՝ ներկա գնաճը, տնտեսական խնդիրներն իբր քիչ էին, հանրային տրանսպորտի գինն էլ են թանկացնում․ «Տրանսպորտի տոմսը թանկացնելով՝ նորից այս ժողովրդին չոքացնում են, ուրիշ ձեւ գտեք․․․, ես թեպետ չեմ օգտվում տրանսպորտից, բայց ունեմ ընկերներ, ուսանողներ, որոնք ամեն օր հազիվ են գալիս դասի։ Այսօր ներքին կառավարման հարցերում շատ մեծ թերություններ կան․․․ այդ միլիոնները, որ ուղղում են տարբեր զարդարանքների եւ այլ միջոցառումների, խոսում է նրա մասին, որ երկիրը չի կառավարվում, լինի դա տոնածառի զարդարանքը, թե օրհներգը փոխելու հարցը․․․, ենթադրենք՝ վերջին 4 տողը փոխեցին, հետո՞ ինչ․․․ այնպիսի տպավորություն է, որ պետությունն այլեւս բանուգործ չունի եւ մտածում է, թե էլ ինչով այս ժողովրդին զբաղեցնի։ Կառավարելու փոխարեն չգիտես թե ինչով են զբաղված․․․»։

Փ․ Միրզոյանն անընդունելի է համարում բուհերը միավորելու եւ ակադեմիական քաղաք տեղափոխելու ծրագիրը, որովհետեւ. «Մեր այս պատերազմական վիճակը թույլ չի տալիս նման ծրագրեր կազմել, ուրիշ բան, որ կառավարությունը տեղափոխվի, եթե իրենց հարմար չէ քաղաքի կենտրոնը, թող իրենք գնան այդ «գառադոկ»։ Երեւանում Թամանյանը կրթական հաստատություններն այնպես է դասավորել քաղաքի կենտրոնում, որ սա ինքն իրենով արդեն ակադեմիական քաղաք է, հատկապես երբ ուսանողությունը դուրս է գալիս շրջելու քաղաքի փողոցներով, պատկերացրեք, որ այդ երիտասարդներն այլեւս չլինեն, մնալու են տուրիստները, ծերերն ու ռեստորանները։ Չի կարելի այդպես․․․ մենք դառնալու ենք միայն տուրիստ ընդունող քաղա՞ք… Ես ամեն օր հիանում եմ մեր բուհերի շենքերով՝ Կոնսերվատորիայից սկսած մինչեւ բժշկական, իսկ այդ ակադեմիական քաղաքի պրոյեկտը նայում եմ ու տեսնում, թե ինչ է․․․ դուք մի հատ մետրոյի կայարան չեք կարողանում բացել, ո՞նց եք ակադեմիական քաղաք կառուցելու կամ տրանսպորտ փոխելու, սա նաեւ նախկիններին եմ ասում, ո՞նց կարելի էր 30 տարվա մեջ երկիրը հասցնել այս վիճակին․․․  ինձ մեկ-մեկ թվում է՝ մի խելոք մարդ չկա, որ այդ մարդկանց խորհուրդ տա, բայց, ցավոք, սրանք խորհուրդ չեն լսում, եւ իրենց թվում է՝ ամեն ինչ գիտեն։ Ես երբեմն լսում եմ շատ կիրթ, խելոք մարդկանց, որոնք ելույթ են ունենում հեռուստատեսությամբ, բայց, ցավոք, նրանց էլ լսող չկա։ Հիմա մեր այս հարցազրույցն էլ իրենց հետաքրքիր չի լինի, կասեն՝ դե, նկարիչ է, էլի, երեւի կտավի փող չունի, դրա համար խոսում է․․․․ Ամոթ է»։

Փարավոն Միրզոյանին ապշեցնում են պատմական Հայաստանը մոռանալու կոչ-հորդորները․ «Դե արի՝ մեր պապիկին ու տատիկին մոռանանք, ես ո՞նց կարող եմ իմ տատիկին մոռանալ, որը լավաշի մեջ մեղր էր փաթաթում ու ասոմ էր՝ տղա ջան, դե գնա: Ես ուզենամ էլ, չեմ կարող մոռանալ․․․ ինչպես որ Մասիս սարը չեմ կարող մոռանալ, եւ դրա մասին խոսելը նույնիսկ ավելորդ է, դա մեր հոգիների մեջ է եւ չես կարող հանել, ով ուզում ես եղիր, Ռուսաստանի ցարն էլ չի կարող հանել, որովհետեւ սա Հայաստանն է, անկախ նրանից, թե սահմանը ոնց ես գծելու, դա նշանակություն չունի, որովհետեւ էությունն ուրիշ տեղ է, ո՞նց կարող ես այսօր մոռանալ Կարսը, Անին, Արցախը, որը երեկ Հայաստան էր․․․ այն օրը ցույց տվեցին, որ Անիի մոտ թուրքերը մի հուշարձան են կառուցել ու ասում են՝ այստեղ հայերը թուրքերին կոտորել են․․․ այ հարգելիս, չե՞ս ուզում պատասխանել դրան, չէ՞ որ դու պետություն ես, մարդ ուղղակի ամաչում է այս վիճակից»։   

Փ․ Միրզոյանը հատուկ հորդոր-խորհուրդ ունի Ն․ Փաշինյանին․ «Այ ընկեր ջան, մի քիչ հպարտ քայլիր, էլի, հատկապես որ գնում ես այդ հանդիպումներին, բանակցություններին, գլուխդ բարձր ու մի քիչ էլ հպարտ քայլիր․․․ հետո՝ ո՞վ է նրան խորհուրդ տվել այդ գլխարկը դնել․․․, մենք մասնագետներ ունենք, որոնք կարող են խորհուրդ տալ` ինչպես հագնվել, ինչպես քայլել, ինչ պահվածք ունենալ, երբ ու որտեղ ֆոտո անել․․.»։

Նկարիչն անդրադառնում է նաեւ իշխանության՝ ստեղծագործական միությունների շենքերը պետականացնելու նախաձեռնությանը․ «Մեր այսօրվա կառավարությունը կարծես երկար չի մտածում, ինչ եկավ գլուխը, կարող է անել, ու դու ոչինչ չես կարող անել, որովհետեւ գլխիդ տալու են։ Մի քանի միություն կա, որոնք այս երկրի հիմնական մշակութային երակներն են, որոնց պետք է տեր կանգնել․․․ բայց քանի որ դու գող ես, մտածում ես՝ դիմացինդ էլ է գող, ու կարող են էլ ինչ ասես անեն։ Թե՛ նկարիչների, թե՛ մյուս միությունները, անկախ ամեն ինչից, պետք է լինեն պետության հովանու ներքո, բայց հիմա դու քո հիմքը, քո ոտքի տակը քանդում ես, փոխանակ այնպես անես, որ ոչ մեկն իրավունք չունենա այդ շենքն առանց քեզ վաճառելու, մի բան, ինչին ես կողմնակից եմ»։

Օրեր առաջ լրացել է Փ․ Միրզոյանի 75-ամյակը, բայց ոչ մի գերատեսչություն, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարությունը, որեւէ ուղերձ կամ շնորհավորանքի խոսք չի հղել վարպետին․ «Մարդ, որը 50 տարի ծառայում է հայ արվեստին ու մշակույթին, ոչ մի ուշադրության կամ գնահատանքի խոսք չի ստացել իր 75-ամյա հոբելյանին, որը, հավատացեք, առաջին հերթին իրենց էր պետք, ո՛չ ինձ։ Կես դար քո կյանքից նվիրես այս երկրին, այդքան սիրես, նվիրվես քո երկրին ու այսպիսի վերաբերմունքի արժանանաս։ Ոչ մի ուղերձ, ոչ մի շնորհավորանք պետական մակարդակով․․․․, ընդ որում՝ ես չեմ գտնում, որ եթե այսօրվա պետությունը գնահատի Փարավոն Միրզոյանին, ուրեմն դա Նիկոլ Փաշինյանն է գնահատում։ Ոչ, ցանկացած կոչում, որ ես ունեմ, իմ ժողովրդի գնահատականն է, բայց դա էլ այսօր արդեն կարեւոր չէ, որովհետեւ ամենամեծ ցավն իմ երկրի ապագան է․․․ մեր ողնաշարն ուղղելու համար մեզ մի 50 տարի պետք կգա, պատմական բոլոր ժամանակներում այդպես է եղել, մի քանի սերունդ պիտի փոխվի, նորերը գան, ու գուցե 50 տարի հետո Արցախը հետ բերես, բայց առաջիկա 5-15 տարում դու չես կարող այնպիսի իրավիճակ ստեղծել, որ որեւէ պետության հետ կռիվ անես։ Պետք է մի քիչ խելք հավաքենք, այլ ճանապարհ չկա»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image