Ինչպես գիտեք, որպես ԵԱՀԿ նախագահող մեր հիմնական առաջնահերթություններն են եվրոպական անվտանգության կարգը պաշտպանելն ու նաև համապարփակ անվտանգության հայեցակարգը հաստատելը, որը կապում է անվտանգությունը նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ:
Երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Անն Լինդեն, ում խոսքերն է մեջբերում ադրբեջանական անգլալեզու լրատվամիջոցներից մեկը։
«Եվ իհարկե, մենք կտեսնենք՝ արդյո՞ք կա ինչ-որ բան, որ կարող ենք անել ԵԱՀԿ տարածքում հակամարտության լուծմանը նպաստելու համար», - նշել է Լինդեն:
ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է, որ այս համատեքստում, իհարկե, միջազգային իրավունքը, մարդու միջազգային իրավունքները, հումանիտար իրավունքը, կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը ԵԱՀԿ առաջնահերթություններն են:
«Այնպես որ, կարծում եմ, որ հնարավոր է համատեղ աշխատել այդ հարցերի շուրջ», - հավելել է եվրոպացի դիվանագետը։
Հանդիպումից հետո Լինդեն իր թվիթերյան էջում գրառում է կատարել։
«Հաճելի էր խոսել Ադրբեջանի նախագահի հետ: Կառուցողական քննարկումներ ԵԱՀԿ-ի հետ կապված հարցերի ու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Ընդգծվեց ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերը ակնառու խնդիրների լուծման մեջ», - գրել է ԵԱՀԿ գործող նախագահը։