Հարցազրույց

«Հրապարակ». Մարդը հայրենիք է հանձնում ու ասում` իմ միակ մեղքը հայրենասիրությունն է

«Հրապարակ». Մարդը հայրենիք է հանձնում ու ասում` իմ միակ մեղքը հայրենասիրությունն է

«Հրապարակի» զրուցակիցը «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանն է:

- Նիկոլ Փաշինյանն Արցախի թեմայով նախկին 3 նախագահներին հրավիրեց բանավեճի, մերժում ստացավ եւ նրանց հորդորեց գնալ թոշակի` չխառնվել քաղաքական հարցերին: Արժե՞ր Փաշինյանի առաջարկն ընդունել եւ գնալ բանավեճի:

- Նախագահները բավականին դիպուկ արձագանքեցին նրա առաջարկին, հատկապես ինձ շատ դուր եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը, ճիշտ կլինի, որ բանավեճը լինի Նիկոլն ընդդեմ Նիկոլի (նախկին Նիկոլը): Իրականում ի՞նչ կարիք կա բանավիճել 100 տոկոսանոց հարցերի շուրջ: Այն, որ Նիկոլ Փաշինյանն է հանձնել Արցախը, այն, որ նա է բանակցային պրոցեսները տապալել, այն, որ նա է հայտարարել, որ բանակցություններ է սկսել սեփական զրոյական կետից, բոլորս ենք հիշում, անկախ այն բանից, թե նա որքան կհրաժարվի իր ասածներից: Ես կարծում եմ, որ 3 նախագահները եթե համաձայնեին բանավեճի գնալ այդ մարդու հետ, կստացվեր, որ ցածրանում են:

- Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում բանավիճել նրանց հետ: Ո՞րն է նպատակը:

- Հավանաբար, մեզ սպասվում են նոր, մեծ աղետներ, նա մեզ նախապատրաստում է դրան: Վստահաբար կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի մտադրությունները նենգ են, նա Ալիեւի հետ նոր՝ ավելի վատ պայմանավորվածություններ է ձեռք բերել, նրան նոր թիրախներ են հարկավոր: Այսօր Նիկոլի մեծ եղբոր` Ալիեւի ծննդյան տարեդարձն է, գուցե նոր բաներ է ցանկանում նվիրել նրան` տարածքի կամ զինվորի տեսքով: Նա Ալիեւի հետ համագործակցված է աշխատում, այս բոլոր օրակարգերը, շոուները, մարդկանց «կրթելու» փորձերը եւ այլն, նույն կետից են ուղղորդված: Հիմա էլ պարզվում է՝ համալսարան ավարտելը բավարար չէ կրթված լինելու համար…. մի քանի օր առաջ Իջեւանից փայտ էին բերում, իբրեւ մրսում էին, հիմա էլ` կիսամերկ գետնին պառկած, անգլերեն են պարապում։ Անգամ նման հարցերում են մարդկանց խաբում, բայց պետք չէ մտնել նրանց օրակարգ, նախագահներն էլ ճիշտ արեցին, որ չմտան: Նիկոլը դավաճան է, դա անհերքելի փաստ է:

- Ոմանք ասում են` Փաշինյանն այնքան արդար է ու ճիշտ, որ պատրաստ է բանավիճել նախկինների հետ, իսկ նախագահները թաքցնելու բան ունեն, ուստի հրաժարվում են:

- Փառք Աստծո, այդ զանգվածը փոքր է, սակայն կա ու կլինի միշտ: Իմ, Ձեր եւ մեզ նման մարդկանց հայրենասիրությունն այնքան անհերքելի է, որքան Նիկոլի դավաճան լինելը: Այդ մարդը ցանկացած պատասխան մանիպուլացնելու է, անգամ եթե Նիկոլին ասեն` սպիտակը սպիտակ է, նա հաջորդ օրն ասելու է՝ սպիտակ է, սակայն սեւ է: Այս մարդու հետ օրակարգ մտնել այն բանի համար, որ ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ապացուցես, աբսուրդ է, անկարելի է: Վաղուց անցել է 2018 թվականը, եւ նրա մանիպուլյացիաներին էլ ոչ ոք չի հավատում… Վաղն ասելու է. «Ես փրկեցի 50 հազար զինվորի կյանք, որովհետեւ, եթե Սյունիքը չհանձնեի, 50 հազար կզոհվեր: Ես փրկեցի 150-200 հազար սյունեցու կյանք» եւ այլն: Նա միայն փրկող է: Նրա բոլոր դավաճանությունները «հանուն» ինչ-որ բանի են: Եթե մի մարդ հայրենիք է հանձնում ու ասում` իմ միակ մեղքը հայրենասիրությունն է, էլ ի՞նչ ասես այդ մարդուն: Անառակը երբեք չպետք է բարոյականությունից խոսի:

- Փաշինյանն ուզում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվել, ռազմագերիների հարցն օդից կախված է….

- Այն, ինչ ուզում է Ալիեւը, Նիկոլ Փաշինյանը համաձայն է: Անգամ չի հասկանում, որ այս պահին օրակարգ թելադրողը Հայաստանը պետք է լիներ: Պարզ հարց` եթե խաղաղություն ես ուզում Հայաստանի հետ, ինչո՞ւ ես հայ ռազմագերիներին պահում քո բանտերում: Սահմանից է խոսում ողջ օրը, բայց նրա օրակարգում չկա ադրբեջանցիներին Ջերմուկի բարձունքներից հեռացնելու հարցը: Աշխարհում ոչ մի պետություն պատերազմ չի ուզում, հատկապես` հայերս: Եթե թուրքն ուզում է արյուն, քանի որ արնախում է իր տեսակով, ապա մենք այդպիսին չենք, բայց խաղաղության գինը չպետք է լինի այսքան թանկ: Եթե մեր կյանքի, մեր հողերի եւ մեր ինքնասիրության հաշվին է լինելու խաղաղություն, ուրեմն մեզ դա պետք չէ: Դա խաղաղություն չէ, դա նոր պատերազմի մեկնարկ է: 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Ադրբեջանը միայն պահանջներ է ներկայացնում: Վաղն էլ գուցե պահանջի, որ Հայաստանը հայտարարի, որ 1915-ին ոչ թե թուրքերն են հայերին ցեղասպանել, այլ հայերը` թուրքերին: Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի պահանջում, որովհետեւ ունեն պայմանավորվածություններ: Չի բացառվում, որ պատվերով էսկալացիաներ տեղի ունենան առաջիկայում` մարդկանց շանտաժի ենթարկելու համար: Նա մեր ազգի գլխին անվերջ պատերազմներ է բերելու` հանուն իր իշխանության:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image