Քաղաքականություն

Ադրբեջանը չունի այդպիսի գումարներ, որ վերականգնի գրավյալ տարածքները․ ադրբեջանագետ

Ադրբեջանը չունի այդպիսի գումարներ, որ վերականգնի գրավյալ տարածքները․ ադրբեջանագետ

Փաշինյանական կապիտուլյացիայից ու Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները (նրանց հետ միասին նաև Թուրքիայի Հանրապետության պաշտոնյաները) հայտարարում են Արցախից բռնազավթված տարածքներում շինարարական աշխատանքներ սկսելու մասին, տեսանյութերն են հրապարակում՝ ներկայացնելով, որ իբր ինչ-որ աշխատանքներ են տարվել ու սկսում։

Այս տարվա հունվարի 19-ին Ադրբեջանի ավտոճանապարհների պետական ​​գործակալությունը հայտնել էր, որ սկսվել է Վարանդայի (Արցախի արևելքում է, ադրբեջ․՝ Ֆիզուլի) և Շուշի միջև ավտոմոբիլային մայրուղու կառուցումը, և թունելների ու մայրուղու ընդհանուր շինարարության նախագծի իրագործումը կավարտվի 2022 թվականին։

Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ղարաբաղում կկառուցվի 3 օդանավակայան՝ նշելով, որ Ֆիզուլիում արդեն սկսվել են մեկի կառուցման աշխատանքները, և որ «Ֆիզուլիի օդանավակայանը կլինի միջազգային, ու նախատեսվում է այն շահագործելու հանձնել 2021-ի աշնանը»։

Ադրբեջանական իշխանությունները հատկապես կենտրոնացած են Շուշիի հետ կապված շինարարական աշխատանքներ տանելու վրա, քանի որ այն համարում են «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքը»։

Հունվարի 26-ին Թուրքիայի նախագահ, իշխող «Ազատություն ու զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության (ծայրահեղական «Գորշ գայլեր» զինված խմբավորման քաղաքական թև) առաջնորդ Դևլեթ Բահչելին Ազգային մեծ ժողովում (խորհրդարան) հայտարարել էր, որ «Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել ու հաստատել ԱՇԿ-ի՝ ազատագրված Շուշայում դպրոց կառուցելու նախագիծը»: 

Նիկոլ Փաշինյանի համախոհ Իլհամ Ալիևը մարտի 4-ին Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO / Economic Cooperation Organization) գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում ունեն տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում: «Ցանկանում եմ նշել, որ նոր միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով` Զանգեզուրով [Սյունիք], և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Մենք հրավիրում ենք ECO-ի անդամ երկրներին օգտագործել Զանգեզուրի միջանցքը», - ասել էր Ալիևը։

ECO-ի անդամ երկրներն են՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը, Ադրբեջանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղըրղըզստանի Հանրապետությունը, Պակիստանի Իսլամական Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Թուրքիան, Թուրքմենստանը, Ուզբեկստանի Հանրապետությունը։  

Իսկ արդեն մարտի 6-ին իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ Բաքվի բռնապետը սպառնացել էր․ «Այսօր Հայաստանը խուսափում է համագործակցությունից: Փորձում է խանգարել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը: Բայց նրան չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք ․․․ Մենք կհասնենք դրված նպատակներին, ինչպես նրանց քշեցինք մեր հողերից»:

Մարտի 15-ին, երբ արդեն Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի թագավորության Արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Ադրբեջանից պետք է գար Հայաստան, Ալիևն իր ընտանիքի անդամների հետ խորհրդանշական այց էր կատարել Հադրութ ու Շուշի։ Հադրութում Ալիևը բարձրացրել էր ադրբեջանական դրոշը։ Հաջորդ նաև մեկնաբանություններ ու լուսանկարներ էին հրապարկվել, որոնց համաձայն՝ Բաքվի բռնապետը խորհրդանշական կերպով դրել էր «Ֆիզուլի - Հադրութ և Հադրութ - Ջեբրաիլ - Շյուքյուրբեյլի ճանապարհների հիմնարկեքը»:

Մարտի 20-ին ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցները գրել էին (նաև լուսանկարներ են հրապարակվել), որ Նովրուզը նշելու առթիվ Ալիևն իր կնոջ ու դստեր հետ այցելել է Շուշի ու տոնի առթիվ կրակ վառել «Ջըդըր-դյուզյու» անունը ստացած տեղանքում։ «Վերականգնման աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է: Այսօր լինելով Շուշայում՝ արդեն ծանոթանում եմ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքին... Մենք կվերականգնենք ոչ միայն Շուշան, այլև բոլոր ազատագրված հողերը: Ստեղծագործական աշխատանքը սկսվել է, ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկը տրվել է: Վնասների հաշվարկ է ընթանում, քաղաքների գլխավոր հատակագծերը պատրաստվում են: Առաջին հերթին պատրաստվում է Աղդամ քաղաքի և ամբողջ Աղդամի շրջանի գլխավոր հատակագիծը, դրա նախնական տարբերակն ինձ ներկայացված է: Ներկայումս դրա վրա աշխատանքներ են տարվում՝ հաշվի առնելով իմ հանձնարարականները։ Եվ մոտ ապագայում գլխավոր հատակագիծը կհաստատվի», - հայտարարել էր Ալիևը։ 

Վերոգրյալից հարցեր են առաջանում՝ ադրբեջանական այս նախաձեռնություններն ի՞նչ ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ապագայի վրա, և իմքայլական իշխանությունները, որոնց դիրքորոշումները բավականին համընկնում են «Ենի Ազերբայջանի»-ի հետ, էլ ի՞նչ են պատրաստվում անել Հայաստանի, Արցախի, Սյունիքի շուրջ։ 

Թեմայի վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ։

- Ադրբեջանն Արցախից գրավված տարածքներում ներդրումներ է կատարում, օտարերկրյա ներդրումների կոչ է անում, և եթե օտարերկրյա կազմակերպությունները ներդում են անում, միջազգային առումով խոչընդոտներ չե՞ն ստեղծվում Հայաստանի համար, Արցախի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցություններում։

- Տեսեք, իրավիճակը հետևյալն է։ Ես չեմ հանդիպում այլ ներդրումների մասին տեղեկության, համենայնդեպս ադրբեջանական պաշտոնական տեղեկատվության մեջ։ Հադրութի շրջանում ենք իրենք [Ադրբեջանը] փորձում ինչ-որ վերականգնողական աշխատանքներ իրականացնել։ Այս պահի դրությամբ միայն դեպի Շուշի ճանապարհի մասին է խոսք գնում, որը Հադրութի միջով են փորձելու կառուցել։ Այլ ինչ-որ լուրջ ներդրումների մասին այն շրջաններում, որոնք Ադրբեջանը գրավել է, այս պահի դրությամբ, համենայնդեպս Հադրութի մասով չեմ հանդիպել։ Միգուցե թաքնված է այդ ինֆորմանցիան, հրապարակված չէ։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ Ադրբեջանի ակտիվ աշխատանքներին։ Օրինակ,  ես տեսնում եմ, որ հայերից զավթված նույն ՀԷԿ-երը և այլն, հիմա ներկայացնում են որպես իրենց կողմից արագ կառուցված։ Իլհամ Ալիևը գնում է, ինչ-որ օբյեկտների բացում է կատարում, որոնք մեր կողմից են կառուցվել՝ մեր ներդրումների հաշվին, մեր ձեռնարակատերերի կողմից։ Եվ ներկայացվում են որպես իրենց կողմից «զրոյից սարքված» կամ «զրոյից վերականգնված»։ Պետք է հասկանալ, որ զուտ քարոզչական, ֆեյք նյուզ է՝ «ակտիվ ու բուռն աշխատանքների վերաբերյալ»։ Ամեն ինչին չարժե հավատալ։ Առավելևս բոլոր ամպագոռգոռ պլանները, որոնց մասին իրենք խոսում են, դեռ պետք է հետևել ու տեսնել, թե դրանց քանի՞ տոկոսն է իրականանալու։ Առավելևս ինչքա՞ն ներդրողներ կկարողանան բերել, որովհետև այնուամենայնիվ ռազմական գոտի է, այնտեղ, այնուամենայնիվ, հանգիստ չէ իրավիճակը։ Եվ ես չունեմ այնպիսի վստահություն, որ Ադրբեջանը կարողանալու է լուրջ միջազգային ներդրումների կապիտալ բերել։ Ամենայն հավանականությամբ, իրեն օգնելու են Թուրքիան կամ Պակիստանը և այլն։

- Իրանն էլ է, չէ՞, պատրաստակամություն հայտնել ներդրումներ կատարել։

- Պատրաստակամությունը դեռ չի նշանակում, որ այդ ներդրումները կան։ Պետք է հասկանալ, որ ողջունել կարող են բոլորը, պատրաստակամություն հայտնել՝ շատերը։ Բայց առանցքային հարցն այն է՝ արդյո՞ք Ադրբեջանն իր պետական երաշխիքները տալու է, որ այդ ներդրումներն այդ մարդկանց բերելու են ֆինանսական շահ և արդարացնելու են։ Այս պահի դրությամբ ոչ ոք այդ մարդկանց չի կարող նման երաշխիքներ տալ, այդ թվում՝ նաև Ադրբեջանը։ Այսինքն՝ մեզ համար արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը չունի այդպիսի գումարներ, որ ինքնուրույն վերականգնի գրավյալ տարածքները։ Եվ երկրորդը, բացի թուրքական ընկերություներից, այլ ընկերությունների գործունեություն ծավալելու մասին ինֆորմացիա չունենք։ Այսինքն՝ դա դեռ դեկլարատիվ ցանկությունների և կենացների մակարդակում է։

- Անն Լինդեն այցելեց Ադրբեջան, Հայաստան, խոսեց Մինսկի խմբի դերակատարության մասին, Միջազգային մարդասիրական իրավունքի մասին, խաղաղության հարցում կանանց դերակատարության մասին։ Նաև Նովրուզի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բայդենը շնորհավորեց Ալիևին, կրկին անդրադարձավ Մինսկի խմբին, խաղաղությանը։ Այս ամենը, որ համադրում եք, ի՞նչ տպավորություն եք ստանում, Արևմուտքը, Ռուսաստանը ինչպե՞ս են տրամադրված։

- Կարծում եմ, որ Մինսկի խմբի բոլոր եռանախագահ պետությունները բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ աշխատանքներ են տանելու։ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ փոխել համանախագահ երկրների ֆորմատը, պարտադիր այդտեղ փորձում է ներառել Թուրքիան, այդ թվում՝ նաև փորձում է ինչ-որ նոր ձևաչափեր բանակցային գործընթացում գտնել։ Բայց հայկական կողմի գլխավոր խնդիրը պետք է լինի այն, որ բանակցային գործընթացում որևէ փոփոխություն ի օգուտ Ադրբեջանի տեղի չունանա։ Եվ մենք վերադառնանք այն ֆորմատին, որը կար մինչ պատերազմական ժամանակահատվածը։ Որովհետև, այնուամենայնիվ, Արցախյան հարցը լուծված չէ, կարգավիճակի հարցը դեռ բաց է։ Մեզ համար հիմա առանցքային պետք է լինի Արցախի անկախության ճանաչման հարցը։ Եվ ինչքան էլ Ադրբեջանը փորձի ասել, որ դա արդեն անցյալում է և փակված էջ է, դա իրականությանը չի համապատասխանում։ Եվ ինքը ստիպված, վաղ թե ուշ, այսինքն՝ մենք պետք է ստիպենք Ադրբեջանին վաղ թե ուշ նստել բանակցային սեղանի շուրջ և քննարկել այդ բոլոր հարցերը։ Այս պահին ես չունեմ օպտիմիստական կարծիքներ ապագայի վերաբերյալ, որ մեր ներկա իշխանությունները կարողանալու են դա անել։    
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image