Փաշինյանին թվում է, թե ինքը Լենին պապին է, կինն էլ՝ Կրուպսկայան։ Ինքը մի կողմից, կնիկը մյուս կողմից կրթություն են քարոզում՝ սովորել սովորել, սովորել։ Այսօր Փաշինյանը Լենին պապիի ոճով հիշեցնում է, որ այնպես արեք , որ աշխատանքը ձեզ փնտրի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ՝ կրթություն, կրթություն, կրթություն։
Չասեք, որ կրթությանը դեմ եմ, լավ սովորելուն դեմ եմ։ Մանավանդ , որ ինքս ապրել եմ Լենին պապիի դաստիարակության դարաշրջանում և կատարել եմ նրա պատվիրանները։ Ես դեմ եմ, որ դա անում է մի մարդ, որն ինքը չունի նույնիսկ բարձրագույն կրթություն ու բարեկեցիկ ապրում է և աշխատանք փնտրող ու չգտնող բարձրակարգ մասնագետներին մի կողմ է ծալում ու կրթություն չունեցողներին պեղում, հանում։ Որ բնագավառի նայեք՝ կրթություն կամ համապատասխան կրթություն չունեցողներն են ղեկավարում, մինչդեռ ինքը խոսում է կրթություն, կրթություն, կրթությունից։ Ժողովուրդը երեխայի նման է։
Ոչ թե ծնողի խոսքերով է կերակրվում և սովորում, այլ նրա՝ գործերով։ Նայում, տեսնում է ծնողն ինչ է անում, ինքն էլ նույնն է անում։ Հիմա նայենք Փաշինյանի արածը։ Լավ կրթություն ունեցողը գործ չի գտնում, կրթություն չունեցողն էլ պաշտոնի է անցնում։ Մարդիկ ի՞նչ են հասկանում դրանից։ Որ կրթություն հեչ պետք չէ, երկիրը, եթե կարելի է այդպես ասել, ղեկավարում է կրթություն չունեցող անձ՝ իր հետ ասֆալտին պառկածների հետ միասին։ Այս մարդու իշխանության օրոք ամենաբարձր կրթությունը իր հետ ասֆալտին պառկելու դասընթացն է եղել։ Հիմա եկել՝ կրթությունից է խոսում։ Մարդիկ տեսնում են նրա լավ ապրելու ձևը և կամաց- կամաց հեշտ ապրելուն ձգտողները շատանում են։ Ի՜նչ կրթություն․ ով Նիկոլի հետ ասֆալտին պառկել, նա է գործ ստանում։ Դրանից երկիրն է տուժում, բայց դա իշխանությանը չի հետաքրքրում։