Երեկ կրկին Բաքվում դատվող հայ գերիներին ու պատանդներին նվիրված ակցիա տեղի ունեցավ: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը «Հրապարակ»-ին ասաց, որ հացադուլից հետո Ռուբեն Վարդանյանը վերականգնման փուլ է անցնում, Բաքվում ընթացող շինծու դատավարության հաջորդ նիստն ապրիլի 1-ին է։ «Բայց իմ խնդրանքը ժողովրդին այն է, որ դատից դատ չհիշենք, այլ միշտ հիշենք այդ մարդկանց` ամենօրյա ռեժիմով, սոցիալական ցանցերում, մեր խոսույթի եւ գործողությունների մեջ։ Միայն այսկերպ մենք կարող ենք հարցը պարտադրել այս իշխանություններին՝ որպես օրակարգ»,- ասաց Թանդիլյանը։
Մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի ուղերձները՝ Թանդիլյանն ասաց, որ դրանք երկարատեւ խաղաղության մասին են։ «Ռուբեն Վարդանյանին անձամբ ճանաչելով՝ համոզված եմ, որ իր ուղերձներն ուժեղ մարդու, պայքարի եւ երկարաժամկետ խաղաղության մասին է։ Նա խաղաղասեր մարդ է, եւ իր բոլոր ծրագրերը հումանիտար են, ժողովուրդների միջեւ կամուրջ ստեղծող։ Այս առումով նա իրեն չի դավաճանում՝ խաղաղասեր, մեծահոգի եւ իսկական, մաքուր եւ արժանապատիվ հայ։ Ես հուսով եմ, որ իրեն կտեսնենք Բաքվի բանտից դուրս, եւ կվերադառնա հայրենիք»։
Հարցին, թե որոնք են լինելու իրենց պայքարի հետագա քայլերը, նա ընդգծեց` տարբեր նախաձեռնությունների, ուժերի հետ հանդիպումներ եւ խորհրդակցություններ են ունենում։ Այդ քննարկումների ընթացքում պարզել են, որ շատերը բավականաչափ իրազեկված չեն, թե ինչ է կատարվում, քանի որ ՀՀ իշխանություններն անդադար հակաքարոզ են իրականացնում։
«Շատ նախաձեռնություններ եւ ուժեր նույնիսկ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ են արշավներ իրականացնում։ Իրազեկման միջոցառումներ ենք ուզում անել՝ հարցը քննարկման դնել միջազգային փաստաբանների միջոցով ու նաեւ շարունակել դիմել տարբեր կառույցների։ ՄԱԿ-ից այժմ սպասում ենք պատասխանի, երբ ստանանք, կհրապարակենք»,- նշեց Թանդիլյանը։
«Իշխանությունները բավարար ջանք չեն գործադրում գերիների վերադարձի համար։ Հարցը միայն գերիների վերադարձը չէ, ՀՀ կառավարությունը ոչ միայն չի լուծում նրանց վերադարձի հարցը, այլեւ շատ հարցերում ուղղակի անկարող է»,- մեզ հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը։ Անդրադառնալով Գյումրիում եւ Փարաքարում կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ Մանուկյանը վստահություն հայտնեց, որ ՔՊ-ի թեկնածուները չեն հաղթելու։ «Ես հավատացած եմ՝ ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Փարաքարում իշխանությունը պարտվելու է։ Մենք գիտենք, թե իշխանությունը վերցնելու համար ՔՊ-ն ինչ քայլերի է գնում ընտրություններից առաջ եւ հետո։ Այս իշխանությունները կմնան որպես ավագանիների մանդատագողեր։ Բազմաթիվ ՏԻՄ-երում նրանք հենց այդպես էլ արել են, սա իրենց գործելաոճն է, ամեն ինչ կարելի է սպասել, բայց ես վստահ եմ, որ ժողովուրդը միաձայն մերժելու է այսօրվա իշխանությանը»,- ասաց Մանուկյանը։ Ըստ նրա՝ ժողովուրդը մերժում է իշխանությանը, եւ այս համատեքստում Գյումրին շատ կարեւոր է՝ որպես Հայաստանի երկրորդ քաղաք։
«Կարծում եմ՝ Գյումրիում արձանագրված արդյունքները հետագա իրադարձությունների վրա կարող են մեծ հետք թողնել»,- նշեց նա։