Հասարակություն

Հոկտեմբերի 27-ը՝ մանկության վախերի ու տպավորությունների մեկնաբանությամբ

Հոկտեմբերի 27-ը՝ մանկության վախերի ու տպավորությունների մեկնաբանությամբ

«Յոթ տարեկան էի, երբ տեղի ունեցան հոկտեմբերի 27-ի դեպքերը։ Ամեն օր հեռուստատեսությամբ այդ կադրերն էին ցույց տալիս, որի սարսափելի տեսարանները կամաց-կամաց մխրճվեցին հոգուս մեջ ու մնացին այնտեղ։ Այդ օրվանից աշխարհը փոխվեց ինձ համար։ Ամեն օր դասի ժամանակ ուսուցչուհուցս խնդրում էի եւ դուրս էի գալիս դասարանից ինչ-որ մի պատրվակով։ Ինձ անընդհատ թվում էր, թե դռան հետևում կան զինված մարդիկ, ովքեր պատրաստվում են մեզ սպանել։ Այդ վախերը մանկուց սկսեցին ինձ հետ ապրել։ Ու ես որոշեցի  ֆիլմ նկարել»,- մեզ հետ զրույցում պատմում է ռեժիսոր Հայկ Բաբայանը։

Ռեժիսորի խոսքով Ֆիլմը, որը անվանվել է «Երևանն արցունքներին հավատում էր», ինքնանպատակ չի ծնվել, այն իր հոգու պոռթկումն է և մանկության վախերի խոսուն պատկերը՝ դերասանների և կադրերի միջոցով։ Ֆիլմի պրեմիերան կայանալու է մայիսի 28-ին, Կինոյի տանը։

 «Սյուժեի էպիկենտրոնը հոկտեմբերի 27-ի ողբերգությունն է։ Սակայն ես չեմ կենտրոնացել միայն տվյալ իրադարձության վրա։ Ես համարում եմ, որ հոկտեմբերի 27-ը՝ և՛ նախկինում, և՛ հիմա, և՛ հետո անընդհատ գլորվելու է մեր առջև։ Շատ հաճախ, երբ որ ասում եմ հոկտեմբերի 27-ի մասին է ֆիլմը բոլորը մտածում են, որ պետք է գան  ու դահլիճում միայն տեսնեն կրակոցներ ու գնան տուն։ Չէ՝ նման բան չկա։ Ֆիլմը գեղարվեստավավերագրական է, բայց գեղարվեստական մասն ավելի շատ է։ Այդ իսկ պատճառով էլ ես շեշտում եմ, որ սա պատմության մեջ առաջին ֆիլմն է, որը գեղարվեստորեն անդրադառնում է մեր հայոց պատմության ամենախայտառակ էջին։ Ամբողջ ֆիլմում հոկտեմբերի 27-ի ուրվականը կա։ Բայց ինքը խաբուսիկ է՝ այսինքն, դու կարող ես նայել ֆիլմը  ու մտածես, որ ֆիլմի սկզբից բոլորովին մի այլ բան ես տեսնում, բայց ինքը անընդհատ  հիշեցնել է տալիս այդ ողբերգական օրը։ Կան և արխիվային կադրեր, և՛ դերասաններն են խաղում ֆիլմում, այսինքն՝ ինքը այսպիսի մի ամբողջություն է»,- ասաց Հայկ Բաբայանը։ 

Մեր այն հարցին, թե Ֆիլմը ո՞ր ժամանակաշրջանից սկսած է ընդգրկում իրականությունը, ռեժիսորն ասաց․ «Կարևոր և տեղին հարց։ Ֆիլմն ընդգրկում է, կարելի է ասել, Սովետական միության հիմնադրումից սկսած ոչ միայն մեր օրերը, այլ նաև՝  հեռանկարային ապագան։ Ֆիլմի ֆինալը, որ տեսնեք, կարող եք մտածել, լավ՝ սա 2025 թվակա՞նն է, թե՞՝ 2027 կամ՝ 2040-ը։

Ռեժիսորը նշեց, որ Ֆիլմին մասնակցում են հայտնի դերասաններ՝ Աշոտ Եդիգարյանը, Գևորգ Մինասյանը, Արա Սարգսյանը և լուսահոգի Կարպիս Շամլյանը, ով չհասցրեց ֆիլմի պրեմիերային մասնակցեր։ Վերջինիս խոսքով երկրորդական դերեր էլ կան, մարդիկ, ովքեր դերասաններ չեն, բայց ֆիլմում երևում են։

«Սկզբում Ֆիլմի նկարահանումները ձգձգվեցին կորոնավիրուսի պատճառով, հետո՝ 2020 թվականի սկզբին նախապատրաստական աշխատանքներ սկսեցինք, որպեսզի աշնանը նկարահանեինք ֆիլմը, սակայն 44-օրյա պատերազմը սկսվեց։ Մի խոսքով անընդհատ փորձություններ, տառապանքներ։ Ես շատ մեծ դժվարությամբ՝ իմ ընկերների և իմ միջոցներով, ստեղծեցի ֆիլմը, ոչ մի պետական աջակցություն չի եղել։ Ես միշտ իմ հնարավորություններով եմ ֆիլմ նկարում, որպեսզի ճակատս պարզ լինի»,-ասաց ռեժիսորը։

Քանի որ սյուժետային  թռիչքներ կան ֆիլմում՝ իրականությունից դեպի գեղարվեստական, մեզ հետաքրքրեց սյուժեն, ռեժիսորն ասաց․ «Դերասանները մեկ իրար հետ են խոսում, ինչ-որ բաներ են ասում, բայց չկա ինչ-որ ժամանակահատված, ժամանակատեղ։ Այսինքն, պայմանականությունների մի շղթա կա, բայց դա էլ ինքնանպատակ չի։ Ֆիլմը սկզբից մինչև վերջ մենք ենք, այն, ինչ որ մեր շուրջը կա, երբ տանից դուրս ենք գալիս, այն, ինչ-որ տեսնում ենք՝ դա ֆիլմում կա։ Եթե մենք չենք ուզում, որպեսզի նոր հոկտեմբերի 27 կրկնվի, մենք պետք է պայքարենք նախ և առաջ տգիտության դեմ, որովհետև մեր երկրի չարիքը նախ և առաջ տգիտությունն է։ Երբ որ մենք Նիվայի հետևը Մոնթե Մելքոնյանի նկարն ենք կպցնում, մեզ թվում է, որ մենք արդեն ինչ-որ լուրջ վիճակների մեջ ենք, բայց մենք գնում ենք այդ Նիվայով ու Մոնթե Մելքոնյանով դեպի այդ անդունդը։ Ֆիլմում կա այսպիսի մի դրվագ, որտեղ դերասանն ասում է՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի՝ առաջին անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս, իսկ երրորդ անգամ՝ կադրերով է ցույց տալիս կրկնվող եղելությունը։ Ֆիլմում կոդեր կան, որտեղ դերասանները փորձել են ինչ-որ բաներ ասել, պատմել, ցույց տալ։ Դրանք իմ վախերն են, հոկտեմբերի 27-երի իմ ապրումները»։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image