Առողջապահության նախարարությունը տևական ժամանակ է չի վճարում Նորք ինֆեկցիոն բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունքի քաղիրավական պայմանագրով աշխատող բուժակների աշխատավարձերը։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հակոբ Ավետիսյանը, որը չվարձատրված բուժակներից է․
«Մարտի 10-ին մեզ ասեցին, որ էլ չգանք՝ փակվում է քովիդ բաժանմունքը։ Ուշացնում են աշխատավարձը ու արդեն բավականին երկար ժամանակ, փետրվար ամսվա աշխատավարձն ամբողջությամբ և մարտ ամսվա մի քանի օրվա փոխարեն»։
Ուշացման պատճառը հիվանդանոցից նշել են՝ ֆինանսավորում չունենք։ Ավետիսյանի խոսքով չվարձատրված բուժակների թիվը 10 է։
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը ներկայացրեց պատճառը, թե ինչու մինչև այժմ չի վճարվել բուժակների աշխատավարձերը․
«Հնարավոր է ոչ թե փետրվարը ամբողջությամբ, այլ մի քանի օրվա փոխարեն չի վճարվել, խնդիրը նրանում է, որ մենք պետական հիմնարկ ենք, հինգշաբթի օրը Կառավարությունում հաստատվել է, որ գումարը տրամադրվի՝ մենք այսօր-վաղը սպասում ենք այդ փոխանցումներին, որ կարողանանք վճարել։ Փետրվար ամսվա հետ կապված Կառավարությունում մի քիչ ուշացավ գումարի տրամադրման հետ կապված, անցյալ նիստի ժամանակ հաստատվել է, որ Առողջապահության նախարարությանը փոխանցվի գումար և այդ գումարն արդեն բաշխվելու է հիվանդանոցներին։ Կառավարությունը արդեն գումարը տվել է, դրված է փոխանցման, մեկի բանկը կարող է այսօր փոխանցել, մյուսինը՝ վաղը»,- հավաստիացրեց Սարգսյանը։
Նշենք, որ Կառավարության մարտի 31-ին կայացած նիստի ժամանակ հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 3,009,864.1 հազ դրամի սահմանված չափաքանակով:
Դրանից օրեր առաջ մենք գրել էինք, որ առողջապահության նախարարությունը լրացուցիչ ֆինանսավորման պահանջ է ներկայացրել կառավարություն՝ 4,5 միլիարդ դրամի, որը ֆինանսների նախարարության կողմից մերժվել է։ Փաստորեն՝ եկել են համաձայնության այդ գումարից 3 միլիարդը փոխանցելու համար։ Իսկ գումարը գոյացել է առողջապահական լրացուցիչ ծառայությունների, տարբեր շինաշխատանքների եւ այլ ծախսերի հետ կապված, որոնք բյուջեում նախատեսված չեն եղել։