Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը խորապես գիտակցված բնույթ ունի, որը հիմնված է բարիդրացիության ու փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա:
Նշվում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ, հաղորդում է ռուսական «Տասս» լրատվական գործակալությունը։
Զախարովան անդրադարձել է Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության կառավարության ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված «Բարեկամության ու եղբայրության պայմանագրին», որը հայտնի նաև «Մոսկվայի պայմանագիր», «Լենին-Քեմալ պայմանագիր» անվանումներով։
«Մենք այս նշանակալի ամսաթիվը դիտարկում ենք 2020 թվականի երկկողմ դիվանագիտական կապերի մեկդարյա հոբելյանի հետ միասին՝ որպես ռուս-թուրքական գործընկերության կարևորության փոխըմբռնման պատմական վկայություն», - նշվում է մեկնաբանության մեջ:
«Մեր համագործակցությունը խորապես գիտակցված է, հիմնվում է բարիդրացիության սկզբունքի, փոխադարձ հարգանքի ու շահերը հաշվի առնելու, համատեղ արդյունավետ աշխատանքի ու Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման վրա՝ հանուն տարածաշրջանում և ընդհանուր առմամբ Եվրոպական աշխարհամասում խաղաղության, անվտանգության ու կայունության»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում նաև հաստատել են բոլոր ոլորտներում Թուրքիայի հետ կառուցողական համագործակցություն կառուցելու, առևտրատնտեսական ու ներդրումային համագործակցությունն ընդլայնելու, էներգետիկայի, արդյունաբերության ու ենթակառուցվածքների ոլորտում հեռանկարային նախագծեր իրականացնելու, մշակութային ու հումանիտար փոխանակումներն ու մարդկային շփումները բարելավելու պատրաստակամությունը:
«Վերջին հարյուր տարվա ընթացքում իր քաղաքական ու պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն ու սկզբունքներին հետևելը երաշխիք է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության ու Թուրքիայի Հանրապետության հարաբերությունների հետագա առաջադեմ զարգացման համար», - ՌԴ ԱԳՆ խոսնակը: