«Հրապարակին» է դիմել Կոտայքի մարզի, Նոր Գեղի համայնքի բնակիչ Սուրեն Խաչատրյանը՝ նշելով, որ դատական ակտերի հարկադիր կատարման Եղվարդի բաժանմունքից մարտի 7-ին առձեռն ծանուցվել է՝ մարտի 11-ին տնից վտարման որոշման մասին: Խաչատրյանը պնդում է, որ ԴԱՀԿ-ի հարկադիր կատարող Գեղամ Վարդանյանը անմիջապես կապ ունի տան աճուրդի եւ գնորդի հետ: Իսկ բնակարանի պատմությունը հետեւյալն է. «Ես մեքենա գնեցի, 5000 դոլլար պարտք մնացի: Պայմանավորվեցինք, որ ամեն ամիս 120 հազար դրամ վճարեմ: Ամիսներ անց վթարի եմ ենթարկվել, որից հետո առողջական խնդիրներից ելնելով չեմ կարողացել այդ գումարը տալ: Խնդրել եմ, որ ամիսը 50 հազար դրամ վճարեմ, բայց համաձայնության չեկանք, ու դիմեց դատարան: Տանս վրա կալանք դրվեց, եւ տունս վաճառվեց 6000 դոլարով»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Խաչատրյանը:
Ըստ Խաչատրյանի՝ ԴԱՀԿ-ից առձեռն ստացած որոշումը ապօրինի է, քանի որ ձեռքի տակ ունի վտարումը կասեցնող փաստաթուղթ. «Այդ կարճ ժամկետում հնարավորություն չունեմ բողոքարկելու կամ այլ կացարան գտնելու: Բացի այդ, մեր ձեռքի տակ հիմա կասեցում ունենք, որի դատավարությունը պետք ա կայանա մայիս ամսին: Ես տունը չեմ ազատի, որովհետեւ հարկադիրի աշխատողը, ֆակտ ա, ինքը բաց մասնակցություն ունի տան աճուրդի եւ գնորդի հետ: Ասեմ ինչո՞ւ: Հարկադիրի պետը ինձ զանգել, ասել ա, որ արդեն 2 ամիս անցել է ինչո՞ւ չես բողոքարկում»: Ասում եմ. «Ինչին ա 2 ամիս անցել»: Ասում ա. «Վտարման որոշումից»: Փաստորեն գնորդը դիմում է գրել արդարադատության նախարարին, նախարարն էլ առանց գործին ծանոթանալու, հրահանգ ա տվել հարկադիրին, որ տնից մեզ վտարեն: Ես որեւէ ծանուցում չեմ ստացել: Հարկադիր կատարող Գեղամ Վարդանյանին ասում եմ, ինչո՞ւ ինձ չեք ծանուցել, որ վտարման որոշում կա: Գեղամը ինձ ասում ա. «Գնա փոստերում ման արի, ես ուղարկել եմ»: Մարտի 7-ին ինձ կանչել ա, առձեռն տալիս ա ծանուցումը, ասում ա, որ 11-ի պետք ա տունը ազատեմ: Բնակարանը գնել է բանկի աշխատող Աղավնի Տոլմաջյանը: Ասում են, հայրը շատ ազդեցիկ մարդ ա, դրանից էլ ուզում են ջրի գնով տուն մեր ձեռքից խլել:
«ԴԱՀԿ-ի գործողությունները ակընհայտ անօրինական են: Ընդամեն 3 օր առաջ են տվել որոշում իմ վստահորդին, եւ ըստ էության 3 օր ժամկետ են տվել, որ բնակարանը ազատեն: Այդ պարագայում, որ նա 3 օրում չի կարող տեղափոխվել այլ բնակարան: Բացի այդ, իր իրավունքները չի կարող իրականացնել, քանի որ դատական ակտը բողոքարկման ժամկետ ունի», - մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Խաչատրյանի փաստաբան Արմեն Վարդանյանը:
Փորձեցինք նաեւ պարզաբանում ստանալ ԴԱՀԿ Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարող Գեղամ Վարդանյանից, թե ի՞նչ ձեւով և արդյո՞ք ողջամիտ ժամկետներում են ծանուցել քաղաքացուն. «Փոստի միջոցով ենք ծանուցել: 1 շաբաթից ավելի է, ինչ մենք առձեռն ենք ծանուցել: Նախ իրավունք էլ չունեմ հեռախոսով մանրամասնելու, եթե իրենց անունից հանդես եք գալիս, լիազորագրով ներկայացեք մեզ մոտ, մենք ձեր հարցերին կպատասխանենք»:
- Ի՞նչ կապ ունեք աճուրդի եւ գնորդի հետ:
- Ձեզ սխալ են տեղեկացրել, մենք ոչ մի գնորդի հետ էլ կապ չունենք, աճուրդը էլեկտրոնային աճուրդ ա, 3 տարի առաջ վաճառվել է այդ տունը, իրենք բոլոր ատյաններով անցել են, բողոքարկել են մեր աճուրդի որոշումները բոլոր ատյաներում, դատերը կրվել են: Գնորդն էլ դիմել ա ասում ա. «Վտարեք, ես գույք եմ ձեռք բերել»: Ձեզ լրիվ սխալ ինֆորմացիա են տվել: Եթե դուք հարկադիր գործընթացներին ծանոթ եք, ապա աճուրդները իրականանում են էլեկտրոնային եղանակով, պարտադիր կայքում հրապարակում ենք: Իրենց ամբողջությամբ տեղեկացրել ենք, դաժե սնանկության առաջարկ է արվել, 2 ամիս աճուրդ չի ներկայացվել, ոչ մի իրավունքից չեն օգտվել, չգիտեմ ինչ հույսով, հիմա գույքը վաճառվել է, նոր սկսել են տեղներից շարժվել»:
Սուրեն Խաչատրյանի ընկերը, ում տունը 2011 թվականին ԴԱՀԿ-ն վաճառել է, ասում է, որ դատավոր Հեբոյանը եւ ԴԱՀԿ-ի աշխատակիցները այս նույն ապօրինի ձեւով իրեն են բնակարանից վտարել. «Ես դիմում եմ ԱԱԾ-ին, որ կանխեն դատավոր Հեբոյանի կատարած որոշումը: Այս դատավորի շ շնորհիվ հերթական ընտանիքը կորցնում է իր բնակարանը: Հանցավոր համաձայնության գալով ԴԱՀԿ-ի աշխատողների հետ, բնակարանը գնահատվել է 14 մլն. դրամ,վաճառել 3 մլն.դրամ: Նույն Հոբոյանը, ով 2011 թվականին նույն ճանապարհով խլեց իմ բնակարանը, հիմա նույն ձեւով ընկերոջս են բնակարանից վտարում: Ոչ մի իշխանափոխություն էլ տեղի չի ունեցել: Սերժի ժամանակի նույն դատավորներն են՝ իրենց անօրինական գործերով»,- ասաց Էդգար Մանուկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում :