Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ ու ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից իրականացվել է Հանրային կարծիքի ուսումնասիրություն-հետազոտություն (հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից): Տվյալները հավաքվել են 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցման մեթոդով։
Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գ․ Պողոսյանի աչքին առաջնահերթ զարնել է «Ձեր կարծիքով Հայաստանը, ընդհանուր առմամբ, շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ» հարցադրումը։ Այս հարցի հետ կապված՝ նախկինում եթե միշտ գրանցվում էր 60-70 տոկոս դրական ցուցանիշ, հիմա բոլոր հարցվածների միայն 46 տոկոսն է դրական պատասխանել այս հարցին, ընդ որում՝ 14 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել․ «Իսկ չպատասխանողները, որպես կանոն, այն մարդիկ են, որոնք չեն ուզում բացասական պատասխան տալ, բայց ունեն այդպիսի կարծիք։ Ու եթե այս տվյալները համեմատենք նույն կազմակերպության 2018-ի ցուցանիշների հետ, ապա 2018-ին «սխալ ուղղությամբ» ասել է ընդամենը 14 տոկոսը, իսկ 2024-ին արդեն 40 տոկոսն է համարում, որ «սխալ ուղղությամբ» է Հայաստանը գնում։ Այսինքն՝ այս 6 տարվա ընթացքում 3-4 անգամ աճել է այն մարդկանց թիվը, որոնք կարծում են, որ «սխալ ուղղությամբ» ենք առաջ շարժվում։ Սա ոչ միայն բացասական, այլեւ շատ մտահոգիչ արդյունք է»։
«Որո՞նք են հիմնական խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանում» հարցին եթե նախկինում գերակշռում էին սոցիալական խնդիրների՝ աշխատանքի, աշխատավարձերի մասին պատասխանները, ապա այսօր մարդկանց 41 տոկոսը մատնանշել է ազգային անվտանգության եւ սահմանային խնդիրները․ «Սա նույնպես մտահոգիչ է, եւ մարդկանց 41 տոկոսը սա համարում է թիվ մեկ խնդիրը, այսինքն՝ իրենց առօրյա խնդիրները մի կողմ են թողնում եւ առաջինը նշում են ազգային անվտանգության հարցը։ Սա անսպասելի ու միանգամից աչքի զարնող ցուցանիշ է»,-ընդգծում է սոցիոլոգը։