2017 թվականի նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության կենտրոն Բրյուսելում Հայաստանի 3-րդ նախագահ (2008-18), ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախկին նախագահ (2014-19), ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար (2008-18) Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ (2014-19) Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (EU-Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement / CEPA)։
2021 թվականի մարտի 1-ին լիարժեքորեն ուժի մեջ է մտել Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։
Համաձայնագիրը կնքված է՝ Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, Եվրոպական Միության և Ատոմային Էներգիայի եվրոպական համայնքի (The European Atomic Energy Community / EAEC / Euratom / Եվրատոմ) ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև։
ՀԸԳՀ-ի Գլուխ 2-ի (Էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը) հոդված 42-ում, ի թիվս այլ հարցերի, նշվում է, որ Համագործակցությունը պետք է ընդգրկի հետևյալ ոլորտները (2-րդ մաս)՝ (g) քաղաքացիական միջուկային էներգետիկայի հատված՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները և կենտրոնանալով, մասնավորապես, միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով այսուհետ դիտարկվելիք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) ստանդարտները և Եվրոպական միության ստանդարտներն ու փորձը, նաև՝ կենտրոնանալով միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով միջազգային ուղենիշներն ու փորձը։
Այդ ոլորտում համագործակցությունը պետք է ներառի՝
(i) ապահովության, անվտանգության և թափոնների կառավարման ոլորտներում տեխնոլոգիաների, լավագույն գործելակերպերի փոխանակումը և վերապատրաստումը՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով,
(ii) Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ
ապագործարկումը և այդ առումով ճանապարհային քարտեզի կամ
գործողությունների պլանի հնարավորինս շուտ ընդունումը՝ հաշվի
առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով։
Արդյո՞ք վերոշարադրյալը նշանակում է, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի։
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ, աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի հետ։
- Պարո՛ն Մանվելյան, մարտի 1-ից ամբողջովին ուժի մեջ մտավ ՀԸԳՀ-ն։ Այդտեղ կետ կա, որը վերաբերում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակմանն ու անվտանգ ապագործարկմանը։ Հիմա որ ամբողջովին ուժի մեջ է մտել այս համաձայնագիրը, նշանակո՞ւմ է, որ ատոմակայանը պետք է փակվի հնարավորինս շուտ։
- Չկա պարտադրանք, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի։ Սա, այսպես ասենք, ճանապարհային քարտեզի նման մի բան է, որտեղ Եվրամիությունն իր ցանկությունն է հայտնում, որ «լավ կլինի, որ փակվի այս ատոմակայանը»։ Բայց այդ նույն ենթագլխում, որ վերաբերում է ատոմակայանին, նշվում է, որ նաև երբ որ կստեղծվեն համապատասխան հզորություններ այն փոխարինելու համար։ Եթե կա այդ համապատասխան հզորությունը, այդ դեպքում Եվրամիությունը կարող է (կոպիտ ասած) պարտադրել մեզ փակել ատոմակայանը։ Այս պահին չկան համապատասխան հզորություններ, ոչ ոք չի կարող մեզ պարտադրել, ու այդ կետը չի պարտադրում մեզ փակել ատոմակայանը։
- Իսկ Եվրասիական տնտեսական միությունն ի՞նչ դիրքորոշում ունի Մեծամորի հետ կապված։ Ի՞նչ տեղեկություններ ունեք, ինչպե՞ս են իրենք վերաբերվում այս հարցին։
- Իմ իմանալով՝ այդ հարցը երբեք այնտեղ չի քննարկվել։ Եվ իրենք այդ հարցում շատ ավելի չեզոք են։ Ատոմակայանը փակելու հարցը նախկինում բարձրացրել են Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը։
- Ադրբեջանի ու Թուրքիայի դեպքում հասկանալի է, որ թշնամի պետություններ են, կարող են քաղաքական հարցերում օգտագործել, Վրաստանն ինչո՞ւ է այդպիսի հարց բարձրացրել։
- Իբր թե զուտ էկոլոգիական խնդիրներից ելնելով։ Բայց սա ավելի շատ ադրբեջանա-թուրքական տանդեմին ձայնակցելու քաղաքականություն է եղել։
- ՄԱԳԱՏԷ-ի [International Atomic Energy Agency, IAEA / Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն] կողմի՞ց էլ է այդպիսի առաջարկ եղել։
- ՄԱԳԱՏԷ-ն այդպիսի առաջարկով հանդես չի գալիս, չի զբաղվում դրանով։ ՄԱԳԱՏԷ-ի լիազորությունը լրիվ այլ բան է։ Ինքն անվտանգության թեմայով է զբաղվում։ Մեծամորի ատոմակայանը ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության 4 բալանոց համակարգով 3․8 միավոր է ստացել։ Հետևաբար անվտանգության շատ բարձր աստիճան ունեցող ատոմակայան է։ ՄԱԳԱՏԷ-ն լիցենզիա է տալիս ատոմակայան բացելու կամ փակելու համար։ Մենք այդ լիցենզիան ունենք, այդ լիցենզիայով աշխատում ենք։
- Համաձայանգրում նաև հղում է արվում ՄԱԳԱՏԷ-ի վրա, այսպես է շարադրված․ «․․․ հիմք ընդունելով այսուհետ դիտարկվելիք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստանդարտները և ԵՄ ստանդարտներն ու փորձը նաև՝ կենտրոնանալով միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով միջազգային ուղենիշներն ու փորձը։ Այդ ոլորտում համագործակցությունը պետք է ներառի՝ ապահովության, անվտանգության և թափոնների կառավարման ոլորտներում տեխնոլոգիաների, լավագույն գործելակերպերի փոխանակումը և վերապատրաստումը։ Հաջորդ կետով արդեն գալիս է․ «Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը և այդ առումով ճանապարհային քարտեզի կամ
գործողությունների պլանի հնարավորինս շուտ ընդունումը․․․ »։
- Դա հղում չէ ՄԱԳԱՏԷ-ի վրա։ Ընդամենը միջազգային ստանդարտների մասին է խոսքը, որին Հայաստանի ատոմակայանը համապատասխանում է։ ՄԱԳԱՏԷ-ն տվել է այդ լիցենզիան, որ այն 3․8 բալանոց ռեակտոր է։
- Եվրամիությունը հաշվի չի՞ առնում ՄԱԳԱՏԷ-ի տված գնահատականը։
- Պայմանագիրը, եթե ուշադիր նայեք, կնքված է ոչ միայն Հայաստանի և Եվրամիության միջև, այլ ինքը եռակողմ է՝ Հայաստան, Եվրամիություն և Եվրատոմ։ Եվ այստեղ շահերի բախում կա, որովհետև Եվրատոմն այնքան էլ շահագրգռված չէ ատոմակայանի աշխատանքով։ Դե ինքը ռուսական կամ սովետական ստանդարտով է, իսկ Եվրատոմն առաջնորդվում է լրիվ այլ ստանդարտներով, խնդիրը սրա մեջ է։
- Այսի՞նքն՝ Եվրատոմը կարող է այնքան էլ հաշվի չառնել ՄԱԳԱՏԷ-ի գնահատականը։
- Դա իր ինչի՞ն է պետք։ Էլի եմ ասում, այստեղ քաղաքական շահեր են։ Այստեղ զուտ տնտեսական ու տեխնիկական խնդիրներ չեն։ Ընդամենը դա օգտագործվում է քաղաքական շահերի առաջ մղման համար։ Հիմա իրենք ուզում են, որ դա փակվի, այդ հարցը դնում են։ Իհարկե չեն կարող անտեսել ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, բայց նաև այնպես չէ, որ այդ զեկույցով են շարժվում։