Արցախի ճակատագրով մտահոգ մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ արցախցիներ, որոնց մեջ նաև Հայաստանի նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, այսօր միացել էին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նստացույց անող արցախցի պաշտոնյաներին։ Նրանք նախ հայտարարության տեքստ կարդացին՝ ուղղված միջազգային հանրությանը, ապա նաև ելույթներով հանդես եկան։ Բավականին էմոցիոնալ ելույթ ունեցավ Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ Հայաստանում չպետք է լինի գեթ մեկ բնակիչ, որը պետք է տարբերակի Արցախն ու արցախցուն Հայաստանից ու հայաստանցուց՝ հիշեցնելով․
«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Երբ նկատեցինք, թե համացանցում շատերը քննադատում են, թե ինչո՞ւ ակցիա չեն իրականացնում նաև ՀՀ կառավարության դիմաց և Նիկոլ Փաշինյանին չեն ուղղում իրենց խոսքը, տիկին Լարիսան այսպես արձագանքեց․ «Ովքեր ասում են՝ գնացեք կառավարության դիմաց ակցիա արեք, թող իրենք գնան։ Նրանք, ովքեր գտնում են, որ այսօր պետք է պայքարեն, ճնշում գործադրեն և հասնեն նրան, որ իշխանություններն իրականացնեն ժողովրդի միասնական կամքը, ուրեմն պիտի գնան և անեն։ Այստեղ կենտրոնը չէ, որ կառավարում և ղեկավարում է բոլոր շարժումները։ Այստեղ իրականացվում է կոնկրետ ակցիա, և այդ ակցիան շատ ճիշտ ու գրագետ ձևով արվում է ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց»։