Չնայած մենք ամիսներ առաջ գրել էինք, որ Արարատի մարզի սահմանամերձ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանը կտեղափոխվի Զոդ, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս գործարանի կառուցումը ավարտին հասցնել, քանիցս կրակոցներ են եղել գործարանի ուղղությամբ, հնդիկ բանվորներ են վիրավորել, սակայն իշխանականներն ու գործարանի սեփականատերերը համառորեն հերքում էին այդ լուրերը՝ վստահեցնելով, որ գործարանը կառուցվելու է Երասխում։
Այսօր՝ դեկտեմբերի 14-ի կառավարության նիստի ժամանակ հաստատվել է տեղափոխման որոշումը։ Իշխանականները թերեւս հույս ունեին, որ նման խայտառակություն տեղի չէր ունենա, երբ Ալիեւն է որոշում մեր սուվերեն տարածքում ինչ անել եւ հույս ունեին գործարանի կառուցումն ավարտին հասցնել, ինչը չստացվեց։
Որոշման մեջ նշված է, որ գործարանի տեղակայման համար կատարել են ուսումնասիրություններ և ընտրել Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արտադրական նշանակության տարածքներից մեկը։
Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (առաջին փուլով մոտ 240)։ Գործարանը կունենա 200-250մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։
Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ և այլն):
Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով։
«ՀՀ կառավարությունից ակնկալում է գործուն և արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության և հնարավոր տեղափոխման արդյունքում առաջացող վարչարարության հարցերում: Ըստ այդմ, առանձնացնում ենք հետևյալ խնդիրը՝ 8․91000 հեկտար արտադրական հողատարածքի տրամադրում Արարատ խոշորացված համայքում»,- ասվում է որոշման մեջ։
Մենք դեռեւս անցած ամսվա կեսերին են նկարահանել Զոդում կառուցվող գործարանը։