Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` գերատեսչության տարեկան հաշվետվությանը ծանոթանալու: «Ժողվարչապետի» ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով ոստիկանները երկու կողմից փակել էին կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացի փողոցը ու ազատել տարածքը ավտոմեքենաներից:
Տարածքը հսկող ոստիկանների ու Փաշինյանի անվտանգության աշխատակիցներին ակնհայտորեն դուրս չեկավ այն, որ մենք սկսեցինք նկարել իրավիճակն ու Փաշինյանի` շենքից դուրս գալը:
Ոստիկաններից մեկը նախ մեզ ասաց, թե մի փոքր հեռու կանգնենք` լրիվ անհարկի, զուտ ասելու համար, որ ցույց տա` գործ է անում, քանզի մենք առանց այդ էլ հեռու էինք կանգնած, հետո մեզ մոտեցավ Փաշինյանի անվտանգության աշխատակիցն ու հետաքրքրվեց` ով ենք, ինչ ենք անում այդտեղ, ինչու ենք նկարում, ստուգեց մեր բեյջը, որից հետո դժգոհ դեմքով ինքն էլ իր հերթին խնդրեց մի փոքր հեռու կանգնել, նոր նկարել, էլի չբացատրելով, թե ինչու, ինչով ենք սպառնում իրենց պահպանյալի անվտանգությանը:
Փաշինյանին շենքից դուրս գալիս ուղեկցում էին սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրանց հետ էր նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը ոտքով քայլեց դեպի իր աշխատավայր: Փաշինյանի` մեծ շքախմբով հեռանալուց հետո փոխվարչապետ Գրիգորյանն ու նախարար Մկրտչյանը մի քանի րոպե բակում կանգնած զրուցեցին, որից հետո փոխվարչապետն էլ նստեց մեքենան ու հեռացավ: Երթեւեկությունը տարածքում վերականգնվեց:
Մանրամասն` տեսանյութում