Հասարակություն

Կոյուղաջրերը լցվում են նկուղ (տեսանյութ)

Կոյուղաջրերը լցվում են նկուղ (տեսանյութ)

Հրազդան քաղաքի թիվ 128 շենքից ահազանգում են, որ արդեն 15 օրից ավելի է՝ կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղը: Բնակիչները տարբեր տեղեր են դիմել` թե՛ «Վեոլիա ջուր» ընկերությանը, թե՛ քաղաքապետարան: «Վեոլիա ջրից» պատասխանել են՝ զանգը գրանցված է, խնդրի մասին կտեղեկացնենք համապատասխան բաժին, իսկ քաղաքապետարանում էլ, թե՝ խնդրից տեղյակ ենք, սակայն մինչ օրս որեւէ քայլ չեն ձեռնարկում. «Գարշահոտությունն ընկել ա շենքը, հակասանիտարական վիճակ ա տիրում նկուղում, վերեւի շենքերից հոսող կոյուղաջրերը լցվում են շենքի տակ: Էս խնդիրը վերեւի հատվածում կար, ջրմուղից եկան, այդ հատվածի խողովակները փոխեցին, մի քանի մետր էր մնում, որ մերը փոխեն` չարեցին, թողեցին գնացին: Կոյուղաջրերը հասնում են դիտահոր, էլ առաջ չեն գնում, ուղիղ շենքի տակ են լցվում: Անգամ քաղաքապետարան ենք դիմել, խնդրել ենք մեզ օգնել, սակայն ոնց հասկանում ենք` քաղաքապետարանից էլ ոչ մի արձագանք չկա: «Վեոլիա ջրի» հետ ունենք պայմանագիր, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվում է ջուր մատակարարել եւ ջրահեռացում իրականացնել, մենք էլ՝ մեր կողմից, որպես բաժանորդ, պարտավոր ենք վարձ վճարել խմելու ջրի եւ ջրահեռացման համար: Մենք՝ բնակիչներս ժամանակին վճարում ենք վարձը, բայց այս պահին շնչում ենք գարշահոտություն, պատուհան անգամ չենք կարողանում բացել, ճանճերը, մլակները ներս են մտնում: 9 հարկանի շենքում 36 բնակարան կա, որտեղ ապրում են երեխաներ, տարեցներ ամռան այս տապին հնարավոր չի լինում շքամուտք դուրս գալ, մաքուր օդ շնչել»,- վրդովված պատմում են շենքի բնակիչները: 

«Վեոլիա ջուր» ընկերության Հրազդանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է խնդրին եւ քաղաքապետարանի հետ փորձում են հարցը լուծել. «Այդ կոյուղագծի վրա խանութ կա սարքած, ես չգիտեմ ժամանակին ինչ ասես որ չեն արել: Տարածք են վերցնում` առանց կոմունիկացիաները նայելու, շինարարություն են արել, մեզ կրակը գցել: Հիմա, եթե մի տարածք են առնում, ուշադիր ենք լինում, որ շենք-շինությունները կառուցեն այնպիսի վայրերում, որտեղով կոյուղագծեր կամ ջրագծեր չանցնեն: Հիմա քաղաքապետարանի հետ փորձում ենք խնդիրը լուծել, նորից մարդիկ կուղարկեմ, տեսնենք ինչ կարող են անել»: 

Ըստ շենքի բնակիչների՝ շենքի խնդիրները միայն կոյուղով չեն սահմանափակվում, տարածքում երեխաների համար չկա նաեւ խաղահրապարակ. «Շենքի հարակից տարածքում՝ մենք բնակիչներով մեր համար կանաչ գոտի ենք ստեղծել, ծառեր տնկել, երեկոյան ժամերին դուրս ենք գալիս այդ մաքուր տարածքում նստում: Դա էլ շատ համարեցին, այդ տարածքն ամբողջությամբ վաճառել են: Տարածքի մի մասի ողջ ծառերը հատեցին, եւ այս պահին շինարարություն են անում: Ասում են` ինչ որ կենտրոն են կառուցում: Մեր քթի տակ, առանց մեր կարծիքը հարցնելու, ճարտարապետի թեթեւ ձեռքով՝ կանաչ տարածքը վերածվել է շինհրապարակի: Շենքի դիմացը ճանապարհ է, հետնամասում շինություններ են, երեխաներին խաղալու եւ զբոսնելու տեղ չկա: Թող այդ տարածքում խաղահրապարակ սարքեին, ոչ թե մի քանի մարդու վաճառեին, որ ով ինչ շինություն ուզենա՝ անի»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image