Քաղաքականություն

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անոնսեց, որ գնալու է մինչեւ վերջ

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անոնսեց, որ գնալու է մինչեւ վերջ

Կիրակի օրը Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրությունները ՌԴ ԱԳ նախարար Լավրովը կեղծված է որակել ու հայտարարել։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցությունը, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է ռուսամետ Հայրենասիրական դաշինքին: Քվեարկության նախաշեմին Մոլդովայի ԿԸՀ-ն արգելել է ընդդիմադիր երկու կուսակցության մասնակցությունն ընտրություններին, իսկ Սանդուի ուժն առավելություն ստացել է մոլդովական սփյուռքի ձայների հաշվին: Ընտրական գործընթացի ընթացքում անգամ ռումբերի տեղադրման մասին ահազանգեր են հնչել, ընդդիմությունը չի ճանաչել արդյունքները: Եվրոպական երկրները ողջունել են ընտրությունների արդյունքները: Այս սցենարը Մոլդովայում սպասելի էր, այնտեղ ընտրությունները ընդգծված աշխարհաքաղաքական բնույթ էին կրում, ու շատ փորձագետներ հենց այս ընտրությունների արդյունքներով ու հնարավոր հետընտրական գործընթացներով էին պայմանավորում հնարավոր սցենարները նաեւ Հարավային Կովկասում: Հայաստանում, եթե ֆորսմաժոր չլինի, 2026-ի հերթական ընտրություններին մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել: Մեր երկրում եւս ընտրություններն անցնելու են շեշտված աշխարհաքաղաքական պայքարով:

«Եթե դիտարկենք ռուսաս­տանյան քաղաքական շրջանակների եւ, մասնավորապես, հարց լուծող շրջանակների դիտանկյունից, ապա Մոլդովայի եւ Հայաստանի ընտրությունները մի շարքում են՝ հերթականությամբ, այսինքն, այնտեղ իսկապես աշխարհաքաղաքական տեսանկյունից այս երկու երկրների ընտրությունների միջեւ զուգահեռներ անցկացվում են, եւ այս տեսանկյունից, իհարկե, կարող ենք Մոլդովայի ընտրությունները դիտարկել որպես տեսարանների հնարավոր մոդել, որոնք կարող են լինել 2026-ին Հայաստանում, եթե, իհարկե, ընտրությունները կայանան 2026-ին եւ ոչ թե արտահերթ ընտրություններ լինեն»,- բացատրում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ շեշտելով, որ Մոլդովայում ընդդիմությունը, ըստ էության, ձայների կեսն էր վերցրել, ու իշխանության առավելությունը չնչին է, այն էլ՝ մոլդովական սփյուռքի ձայների հաշվին: Նույն սցենարն այդ երկրում տեսանք նախագահական ընտրությունների ժամանակ:

Քաղտեխնոլոգը հիշում է՝ այդ թվում ամերիկյան  ընտրությունների ժամանակ Արեւմուտքն օգտագործել է այդ «ռեսուրսը», երբ Թրամփը պարտվեց փոստով եկած ձայների հաշվարկով: Հայաստանում այդ ռեսուրսը, ինչպես մեր զրուցակիցն է նշում, չկա, որովհետեւ հայկական սփյուռքը չի կարող քվեարկել, բայց մոլդովական մոդելը՝ ընտրությունները վերածել արեւմտամետների եւ ռուսամետների միջեւ պայքարի, իշխանությունները կարող են օգտագործել, որպեսզի կարողանան ընդդիմությանը ներկայացնել որպես «5-րդ շարասյուն», «ռսահպատակ» եւ այլ որակումներով:

«Իրենց կարծիքով՝ կա բավականին կայուն եւ հեղհեղուկ արեւմտամետ ընտրազանգված, որը փորձելու է ընտրություններին մասնակցել այդ կատեգորիաներով, բայց վստահ չեմ, որ դա Հայաստանում շատ հստակ կաշխատի, որովհետեւ այստեղ, այնուամենայնիվ, հասարակության ընդդիմադիր հատվածում Ռուսաստանին լոյալ շերտն ավելի շատ է, քան Մոլդովայում, եւ քաղաքական ուժերն են ավելի շատ, մինչդեռ Մոլդովայում հստակ պրոռուսական ուժը Դոդոնի ուժն էր, որը մոտ 27 տոկոս էր ստացել, եւ փաստ չէ, որ ընդդիմությունը, եթե, օրինակ, 50+1 հավաքած լիներ, կգնար կոալիցիոն կառավարության ճանապարհով, իսկ Հայաստանում, ինչպես  Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, ընդդիմադիր քաղաքական ուժերն ավելի ճկուն են։ Բացի այս, ընդդիմադիր դաշտում ընդգծված պրոարեւմտյան ազդեցիկ ուժ չկա, որը գոնե 4 տոկոսի կարող էր հավակնել: Այնպես է ստացվել, որ պրոարեւմտյան դիրքավորվող իրական եւ փուչիկ ուժերը հիմնականում մերձիշխանական են, ընդ որում՝ դրանցից, իմ գնահատականով, մեկն է, որը կարող է որոշակի ձայներ վերցնել եւ անցողիկ լինել»,- ասում է Հակոբյանը՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ սպասվող ընտրությունները, միանշանակ, ունենալու են աշխարհաքաղաքական շեշտադրումներ:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի ձեռքերն ազատ են լինելու՝ առաջիկա ընտրություններին ցանկացած միջոցի դիմելու համար՝ սեփական աթոռը պահելու նպատակով, քաղտեխնոլոգն արձագանքում է․ եթե մինչեւ հերթական կամ հնարավոր արտահերթ ընտրությունները Փաշինյանի վրա դրված խաղադրույքը չփոխվի, նա ընտրախախտումներ եւ ապօրինություններ անելու քարտ բլանշը կունենա:

«Մենք վաղուց մեծացել ենք քաղաքական դպրոցի առաջին դասարանի կամ մանկապարտեզի տարիքից, որ հավատանք, թե կա ինչ-որ միջազգային ստանդարտ, որը չի կարելի շրջանցել: Կան ոչ միայն երկակի, այլեւ եռակի, քառակի ստանդարտներ, այսինքն՝ նայած թե այդ պահի շահը որն է: Մենք դա տեսել ենք Հայաստանում, թե ինչ բռնություններով են ժողբաստիոնում ընդդիմությանը ճնշում, հիմա ենք տեսնում՝ քաղբանտարկյալներ, ծեծ-ջարդ... եւ հայտնի դեսպանատներն աչք են փակում դրա վրա: Բայց որ պահին Նիկոլ Փաշինյանի վարչախումբը հանկարծ հիասթափեցնի իրենց, այսինքն՝ չարդարացնի իրենց սպասելիքները կամ չկատարի խոստումները, հենց այդ նույն փաստերը դրվելու են Փաշինյանի դիմաց»,- ասում է Վիգեն Հակոբյանը՝ որպես օրինակ նշելով Վրաստանը, որտեղ արեւմտյան խորքային շրջանակները նույնկերպ են վարվում:

Փաշինյանը, ի դեպ, ԵԽԽՎ ամբիոնից բավականին բաց ու ուղիղ հայտարարություն է արել՝ սպասվող ընտրական գործընթացների ժամանակ իշխանության գործողությունների վերաբերյալ՝ հայտարարելով․ «Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է «հետընտրական պրոցես» հասկացությունը, մինչդեռ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ դա Հայաստանի քաղաքական կյանքի ամենահաճախ օգտագործվող տերմինն էր», թե մինչեւ 2018 թվականը «մարդիկ փոփոխությունների հույսը կապում էին հետընտրական պրոցեսների հետ, որովհետեւ գիտեին, որ ընտրությունները կեղծվելու են իշխանությունների կողմից, ինչի հետեւանքով հետընտրական պրոցեսների պատեհություն էր առաջանալու»:

Նա սլաքներն ուղղել է ընդդիմության կողմ՝ նրան կապելով արտաքին ուժերի հետ, որոնք իբրեւ թե հիբրիդային պայքար են մղում ժողովրդավարության դեմ, ու ասել է. «Թույլ տվեք վստահորեն հայտարարել. ի հեճուկս այս ամենի՝ ժողովրդավարությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է»: Այլ կերպ ասած՝ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ ատամներով պահելու է իշխանությունը ու միջոցի ընտրության առաջ կանգ չի առնելու՝ հնարավոր հետընտրական զարգացումները ճնշելու համար: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image