Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Վանաձոր խոշորացված համայնքի ավագանին զրկված է համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունից, մինչ օրս ավագանու մեկ նիստ է հրավիրվել՝ դեկտեմբերի 24-ին, որի ժամանակ էլ հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան»-ը դիմել է դատարան, եւ դատական կարգով արգելվեց Վանաձորի համայնքապետ ընտրելը։ Անցողիկ շեմը չհաղթահարած ԼՀԿ-ն ընտրություններից անմիջապես հետո դիմել էր վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը, որից հետո ԼՀԿ-ն վերաքննիչ դատարան բողոք ներկայացրեց, սակայն այդ բողոքն էլ մերժվեց՝ հունվարի 11-ին։
Հիմա հայցը վճռաբեկ դատարանում է, բացի այդ, պարզվում է՝ վարչական դատարանը որոշում է կայացրել արգելք դնել ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելու լիազորության վրա, ինչն էլ ԼՀԿ-ի հաջորդ պահանջն է։ Այսպես ասած՝ եթե մենք չկանք, ուրեմն ձեզ էլ չենք թողնի աշխատել ու համայնքապետ ընտրել։ Այս հարցում, փաստորեն, եռամիասնություն է ստեղծվել՝ ԼՀԿ, իշխանություն, դատարան։ Ավագանու նիստերին արգելանք դնելու պահանջի վերաբերյալ էլ դատական առաջին նիստը նշանակվել է հուլիսի 20-ին։ Ու մինչ իշխանությունները ԼՀԿ-ի ու դատական իշխանության միջոցով հնարավորինս ձգում են Վանաձորի համայնքապետի նշանակման հարցը, համայնքում լիակատար անիշխանություն է, ավելի ճիշտ՝ անտերություն․ խոշորացված համայնքի բյուջեն չի հաստատվել, որեւէ գործարք չի կատարվում, համայնքապետ չկա։ Եվ Վանաձորը կառավարում է ընտրություններում պարտված մարզպետը՝ Արամ Խաչատրյանը։ Դատական այս խառնաշփոթի մասին զրուցեցինք Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան դաշինքի» շահերի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանի հետ։
- Ընտրությունների արդյունք- ներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ԼՀԿ-ի հայցը վարչական դատարանը մերժեց, թվում էր՝ այլեւս արգելք չկա նիստեր գումարելու եւ համայնքապետ ընտրելու հարցում։ Ինչո՞ւ է ՀՀ երրորդ քաղաքում նման իրավիճակ ստեղծվել։
- Վարչական դատարանը թեեւ մերժեց «Լուսավորի» դիմումը՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ, սակայն կա վարչական դատարանի որոշում, որով արգելք է դրված համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ գումարելու վերաբերյալ։ Վարչական դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել մինչեւ մեկ այլ գործով, որով «Լուսավոր Հայաստանը» վիճարկում է ընտրության արդյունքները, մինչեւ ընտրության արդյունքները վիճարկելու վճռի դեմ վերաքննիչ ներկայացված բողոքի ընդունելության հարցի լուծումը։ Բայց վերաքննիչն էլ մերժեց վարույթ ընդունել բողոքը, եւ ԼՀԿ-ն բողոքարկեց վճռաբեկ դատարան, վճռաբեկը մեկ անգամ բողոքը վերադարձրել է, քանի որ «Լուսավորը» բողոքի օրինակները չէր ներկայացրել կողմերին, կարծում ենք՝ սա էլ դիտավորյալ էր արվել՝ գործընթացը հնարավորինս ձգելու համար։
- Իսկ հուլիսին ի՞նչ նիստ է նշանակված, ի՞նչ է քննելու դատարանը։
- «Լուսավորը» դիմել է վարչական՝ պահանջելով, որ համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանին նիստեր չգումարի։ Հենց այդ պահանջի քննություն է նշանակված հուլիսի 20-ին։ Հուլիսին նշանակված նիստը կարող է երեք տարի էլ ձգվել։ Այսինքն, դեռ առաջին նիստն է այդ օրը նշանակված, հետո կարող են հետաձգել, հետո՝ որոշում կայացնել, ապա՝ բողոքարկել, եւ այսպես շարունակ։ Այսինքն, սա պահանջն է, բայց դրանից բացի կա հայցի ապահովման միջոց, որը, ըստ էության, պահանջի հետ նույնական է, եւ, ինչպես վերեւում նշեցի, հայցի ապահովման միջոց է կիրառել մինչեւ ընտրության արդյունքները վիճարկելու վճռի դեմ վերաքննիչ ներկայացված բողոքի ընդունելության հարցի լուծումը։ Տեսականորեն՝ եթե վճռաբեկ դատարանը «Լուսավորի» բողոքը վարույթ չընդունի, այդ պահից սկսած՝ ավագանին կարող է նիստեր հրավիրել եւ համայնքապետ ընտրել։ Սա միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոք է։ «Լուսավորը» միտումնավոր չծանուցեց կողմերին, որ մեկ ամիս ժամանակ շահի, հիմա վճռաբեկը եռամսյա ժամկետում պետք է վարույթ ընդունի կամ չընդունի։
- Իսկ դուք՝ ավագանին, սրա դեմ հակընդդեմ քայլեր կարո՞ղ եք անել, եթե այո՝ ի՞նչ։
- «Մամիկոն Ասլանյան դաշինքը» ներկայացրել է հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդություն, սակայն դատարանը փետրվարի 3-ին մերժեց։ Սա նշանակում է, որ համայնքի ավագանին համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ չի կարող անել։
- Բայց սա օրինակա՞ն գործընթաց է՝ ավագանին ընտրված է, դատական մարմինները կարող են արգելել՝ ինչ անել կամ ինչ չանել։
- Համայնքի ավագանին եւ ղեկավարը սահմանադրական մարմիններ են, Սահմանադրությունը երաշխավորում է, որ տեղական ինքնակառավարումն իրականացվում է ՏԻՄ մարմինների միջոցով, մենք այսօր Վանաձորում չունենք ՏԻՄ մարմին, Սահմանադրության համապատասխան հոդվածը չի գործում։ Մեկ այլ սահմանադրական մարմին արգելք է կիրառել, որ մյուս մարմինը չգործի։ Համեմատության համար պատկերացրեք, որ վարչական դատարանը որոշում է կայացնում, որ Ազգային ժողովը նիստեր չանի։
- Իսկ ՍԴ չե՞ք կարող դիմել։
- ՍԴ դիմելու հարց չկա, հատկապես այս փուլում, պետք է սպասել, մինչեւ կսպառվեն ներպետական բոլոր միջոցները։
- Իսկ ինչո՞ւ են դատը հետաձգել մինչեւ հուլիս, սա չի՞ համարվում հրատապ հարց՝ ելնելով համայնքի շահերից, ի վերջո, ո՛չ բյուջե է հաստատվել, ո՛չ գնումներ են լինում։
- Ոչ, սա ընտրական վեճ չէ, սա համարվում է սովորական գործ, ավելին՝ հուլիսի 20-ին դեռ առաջին նիստն է, որը կարող է տարիներ ձգվել։ Բյուջե չկա, տեղական տուրքերի վճարների դրույքաչափեր չկան, ոչ մի որոշում չի ընդունվում։ Եթե որոշակի գործընթացներ եռամսյակային կտրվածքով իրականացվում էին, քանի որ կար նախկին որոշումը, ապա, օրինակ, ապրիլի 1-ից համայնքում աղբահանություն չի իրականացվելու, որովհետեւ դրա համար պետք է լինի գնումների պլան, հայտարարվի մրցույթ, կնքվի պայմանագիր։
- Իսկ աշխատավարձերի հարցն ինչպե՞ս է լուծվում դեկտեմբերից հետո։
- Ես չեմ կարող ասել, կա համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար, որը համարվում է համայնքապետարանի աշխատակազմի գործատուն, եւ նրա կողմից գործընթացը կարգավորվում է։ Բայց, այ, անհասկանալի է, թե ինչպես է կարգավորվում համայնքային ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակազմի աշխատավարձերի խնդիրը, դիցուք՝ մանկապարտեզների, արվեստի դպրոցների։ Ինչպե՞ս են այստեղ աշխատավարձեր ստանում, ո՞ւմ ստորագրությամբ, չէ՞ որ համայնքի ղեկավարն է ստորագրում այդ բոլոր փաստաթղթերը, իսկ այսօր համայնքի ղեկավար չկա։
- Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր հարցազրույցներում հայտարարում է, որ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ անում են, որ համայնքի բնակիչները խնդիրներ չունենան։
- Այսինքն, ո՞վ է իրականացնում համայնքի ղեկավարումը՝ մարզպետը, նա դրա իրավունքը չունի, եթե նա նման բան անի, դա պաշտոնեական հանցագործություն է լինելու, ինչպե՞ս կարող է մարզպետը ՏԻՄ-ի լիազորություն իրականացնել։ Ո՞նց է անելու, որ խնդիրներ չունենան, եթե շինթույլտվություն է պետք որեւէ բնակչի, ո՞վ է տալու՝ մարզպե՞տը, կամ՝ հողհատկացման թույլտվություն։
- Իսկ նոր ընտրությունների համար հիմք չկա՞։
- Նոր ընտրությունների համար ավագանու լիազորությունները պետք է վաղաժամկետ դադարեցնել։ Ավագանին դեկտեմբերի 24-ին արդեն նիստ հրավիրել է, այսինքն՝ երեք ամսվա դրույթն էլ չի գործելու։