Երբ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ ԼՂ հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով դիմել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարներին, միանգամից մտավախություն ծագեց, թե Թուրքիայի խորամանկ առաջնորդի նկրտումներն այլ են, քան միջնորդական անկեղծ ջանքերը։ Նման կասկածների համար, իհարկե, բոլոր հիմքերը կան, քանի որ 2020 թ․ արցախյան 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի օրերին եւ դրանից հետո՝ առայսօր, Անկարան մշտապես հավատարմության երդումներ է տվել ու տալիս եղբայրական Ադրբեջանին՝ այդ ամենն ուղեկցելով ռազմաքաղաքական, ֆինանսական ու բարոյական օժանդակությամբ։
Նշելով, որ իր առաջարկի հետ կապված ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան դեռեւս չի ստացել, Էրդողանը բազմանշանակ ակնարկներ արեց նաեւ, որ այդ հարցը քննարկելու է իր փոքր եղբոր՝ Իլհամ Ալիեւի հետ։ Եվ, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Ադրբեջանը երեկ վաղ առավոտից ռազմական լայնածավալ գործողություններ սանձազերծեց անպաշտպան, պաշարված Արցախի դեմ՝ օդային ու ցամաքային հուժկու հարվածներ հասցնելով Ստեփանակերտին ու հարակից բնակավայրերին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությանը։ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, վերջին տվյալներով, Արցախում կան 2 զոհ եւ 11 վիրավոր, որոնց թվում, դժբախտաբար, մեծամասնություն են կազմում երեխաները։ Արցախցիները ռմբակոծություններից փրկվելու համար թաքնվել էին ապաստարաններում, նկուղներում, այդ թվում՝ նաեւ օգտվել էին ռուս խաղաղապահների ապաստարաններից։ Բայց ռուսների պասիվությունը շատերին էր երեկ զայրացրել:
Միջազգային հանրության արձագանքը, թեեւ ուշացումով, այդուհանդերձ, արձանագրեց Բաքվի նոր ագրեսիան․ ՌԴ-ն, Ֆրանսիան, Լիտվան, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհրդի նախագահն ու ԵԽ կոնգրեսի ղեկավարը, առանձին գործիչներ դատապարտեցին այն՝ կոչ անելով Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Բայց խոսքն այլ բանի մասին է։ Արցախի վրա նոր հարձակման առնչությամբ Բաքվի պատճառաբանությունը մեկն է՝ «իրականացվում են տեղական հակաահաբեկչական գործողություններ»։ Այս պնդումը կարմիր թելի պես անցնում է ոչ միայն ադրբեջանական, այլեւ արտահայտվում է Թուրքիայի իշխանական, քաղաքական եւ հանրային քարոզչամեքենայի արտանետած անմարդկային ոգեւորությամբ ու ցնծությամբ։ Իսկ դա չի կարող պատահական լինել, այնպես, ինչպես պատահական չէր Էրդողանի՝ հրապարակ նետած առաջարկը։
Մեծ հաշվով եւ դատելով վերջին զարգացումներից, Թուրքիայի ղեկավարը մի կողմից նպատակ ուներ բթացնել Երեւանի ու Ստեփանակերտի զգոնությունը, մյուս կողմից՝ կանաչ լույս վառել Ադրբեջանի համար՝ կարճ ժամկետներում «Ստեփանակերտն ազատագրելու եւ վերջնականապես կապիտուլացնելու համար», որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խեղճացած ու քաղաքականապես զինաթափված՝ ներկայանա հնարավոր քառակողմ հանդիպմանը՝ ոչ որպես հրավիրյալ, այլ, գուցե, իբրեւ հայցվոր ու խնդրատու։
«Ադրբեջանը տեղական հակաահաբեկչական միջոցառումներ է իրականացնում երկրի Ղարաբաղի շրջանում՝ նպատակ ունենալով չեզոքացնել հայ զինվորականների ռազմական ենթակառուցվածքը»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։ «Տեղական հակաահաբեկչական միջոցառումների նպատակը ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումն է»,- ասել է Հաջիեւը Politico-ին:
«Ադրբեջանը սկսել է տեղական հակաահաբեկչական միջոցառումներ՝ նպատակ ունենալով վերականգնել սահմանադրական կարգը Ղարաբաղում»։ Այս մասին էլ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու, ազգությամբ ադրբեջանցի Սինան Օգանը՝ ձայնակցելով համերկրացիներին ու կատարելով Էրդողանի սազանդարի՝ ամենեւին ոչ ինքնահռչակ դերը։ «Հայերը, որոնք փորձում են ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքում գորշ գոտիներ ստեղծել, պետք է հասկանան, որ դա անհնար է։ Թուրք ազգն ամբողջությամբ Ադրբեջանի կողքին է։ Խանքենդիի (Ստեփանակերտ՝ խմբ․) գլխավորությամբ՝ ամբողջ տարածքը մաքրվելու է հայ ահաբեկիչներից։ Զանգեզուրում պատմությունը կվերադառնա բնականոն հուն»,- գրել է ազգայնամոլ գործիչը։
«Ղարաբաղը թուրքական հող է». այսպիսի նացիստական կոչով էլ հանդես է եկել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին՝ կուսակցության ժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Նա հորդորել է Հայաստանին՝ «հրաժարվել սադրանքներից՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի զորավարժությունները եւ, այսպես կոչված, անջատողականների անցկացրած ընտրությունները հարված են տարածաշրջանի կայունությանը»։ Ավելի վաղ` երեկ, հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ այդ երկու երկրների ՊՆ ԳՇ պետերի միջեւ։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ թուրք պաշտոնյաներն ընդգծել են, որ, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին են։
Իսկ թե ով է Արցախի կողքին (հայտարարություն-կենացները չհաշված)՝ գոնե իշխանական ու պետական մակարդակում, այն էլ՝ այս օրհասական ու եղերական ժամանակներում, անորոշ ու ցավալի է:
Արա Ալոյան