«Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը դատական նիստի էր ժամանել բավականին երկարած մազերով։ Հավանաբար զգալով, որ մարդիկ նկատել են իր անխնամ տեսքը, նա հայտարարեց, որ յոթ ամիս է՝ չի օգտվել վարսահարդարի ծառայություններից:
«Յոթ ամիս է դիմում եմ, որ վարսավիր բերեն՝ թույլ չեն տալիս»,-դատարանում ներկաներին ասաց Գասպարյանը:
ԱԱԾ-ին կից Երեւան-Կենտրոն ՔՀԿ-ում, որտեղ պահվում է Գասպարյանը, պարզվում է վարսահարդար չկա եւ կալանավորվածներին էլ թույլ չեն տալիս՝ իրենց միջոցներով օգտվել վարսահարդարի ծառայություններից:
Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն էլ նշեց, որ Սերոբ Գասպարյանի տեսակցություններն արգելված են, բացառությամբ մերձավոր ազգականների հետ տեսակցությունները, այդ պատճառով վերջինս չի կարողանում վարսահարդարի ծառայություններից օգտվել, ինչի համար էլ խնդրում է դատարանի օժանդակությունը՝ վարսահարդարի այցի հարցը լուծելու համար:
Սակայն դատարանը որոշեց, որ այդ հարցը կքննարկվի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա մայիսի 8-ին: Ի դեպ, սա էլ է դեռեւս չդատապարտված անձի իրավունքների ոտնահարում եւ արժանապատվության նսեմացում։
Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանին կալանավորել էին 2024 թվականի սեպտեմբերի 18-ին՝ իշխանության զավթման նախապատրաստական աշխատանքներ տանելու մեղադրանքով: Գասպարյանին մինչ այժմ պահում են կալանքի տակ՝ ամեն անգամ երկարաձգելով կալանքը, սակայն գործում առկա ապացույցներ չկան եւ մեղադրանքը կառուցված է մի քանի կասկածելի մարդկանց ցուցմունքների եւ քննիչների ենթադրությունների վրա: