«Ինչ պայմանագիր էլ կնքենք, եթե նույնիսկ մենք կնքենք պայմանագիր` 20 հոդվածով, 30 հոդվածով, 40 հոդվածով, 50, նույնիսկ 100 հոդվածով, էլի մնալու են 200 հնարավոր հոդվածներ, 300 հնարավոր հոդվածներ, որոնք տվյալ պայմանագրում լինելու են չլուծված»,- «Երեւանյան երկխոսություն» անունով միջազգային համաժողովում իր ելույթն այս մտքով ավարտեց Նիկոլ Փաշինյանը՝ փաստացի այս գլխից խոստովանելով, որ Ադրբեջանի հետ առաջիկայում ստորագրվելիք հնարավոր փաստաթուղթը չի լինելու ալիեւյան ախորժակի վերջակետը, եւ այն չի լուծելու մեր առջեւ դրած խնդիրները։ Մի բան, որ գործընթացներին հետեւող յուրաքանչյուրի համար էլ ակնհայտ է։
Փաշինյանն ասում է` Ադրբեջանի հետ «հսկիչ փաթեթ» է համաձայնեցրել՝ 13 հոդված ու ստորագրվելիք փաստաթղթի նախագծի նախաբանը՝ ամբողջությամբ։ «Եվս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում 2 նախադասությունից, մասնակի համաձայնեցված են, եթե ավելի առարկայական լինեմ՝ այդ հոդվածների նախադասություններից 1-ը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ»,- իրեն բնորոշ պարզունակությամբ բացատրում է Փաշինյանը՝ առանց որեւէ բառ ասելու համաձայնեցվածի ու չհամաձայեցվածի բովանդակության մասին: Մինչդեռ հենց դա է ամենակարեւորը, եւ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե փակ դռների ետեւում ինչ են քննարկում, եւ ինչ է սպասվում իր պետությանը: ՀՀ վարչապետի ելույթից պարզ է դառնում, որ Հայաստանի անունից իշխանություններն արդեն ընդունել են Ադրբեջանի բոլոր նախապայմաններն ու պատրաստվում են ստորագրել շրջանակային փաստաթուղթ, որն ամենեւին չի լինելու, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր, այլ լինելու է Ադրբեջանի նորանոր պահանջների բավարարմանը տանող շղթայի հերթական հանգրվան Հայաստանի համար՝ «ձեռք ես տվել՝ խաղա» սկզբունքով։
Փաշինյանի ելույթի ամենաողորմելի դրվագը` օր առաջ Ալիեւի դեմտվածը ստորագրելու պատրաստակամության կողքին, նաեւ այն հայտարարությունն էր, երբ Հայաստանի վերջնական ստորացումն արձանագրող այդ թղթի կտորը նա հայտարարեց ներպետական օրենքների նկատմամբ գերակա` ավելի բարձր, քան ՀՀ Սահմանադրությունը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասում է՝ հանուն իշխանության, Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է, բայց որեւէ միջազգային պայմանագիր չի կարող գերակա լինել Սահմանադրությունից։
«Հիմա Փաշինյանին անհրաժեշտ է մի թղթի կտոր, որի վերնագրում մեծ տառերով գրված կլինի՝ «խաղաղություն»։ Բովանդակությունը նրա համար ամենեւին կարեւոր չէ, նա այդ «խաղաղություն» կոչեցյալ թղթով կսկսի իր քարոզարշավը եւ հանրությանը դարձյալ կմոլորեցնի, իբրեւ թե՝ ձեզ խաղաղություն եմ բերում»,- մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները՝ ասում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը եւ ընդգծում, որ իրական խաղաղության պայմանագիրը պետք է լինի համապարփակ, դրանով պետք է կարգավորվեն բոլոր խնդիրները, որովհետեւ, եթե մնում է որեւէ կետ, որը կարգավորված չէ, այն հետագայում նոր պատերազմի հնարավորություն է բացում։
«Այս դեպքում, իհարկե, մենք խոսում ենք Ադրբեջանի մասին, որովհետեւ, եթե սահմանները մինչեւ վերջ ճշգրտված չեն, Ադրբեջանը կասի՝ սա իմ տարածքն է, եւ պատերազմ կսկսի։ Դրանից բացի, խաղաղության պայմանագիր կնքելուց առաջ կամ դրանից անմիջապես հետո պետք է ազատվեն բոլոր ռազմագերիները, դա պետք է լինի պայման։ Չի կարող լինել խաղաղություն, երբ դու ունես գերիներ, կամ երբ քո տարածքից 240 ք/կմ դեռեւս թշնամին օկուպացրել է, շարունակում է սպառնալ նոր պատերազմով, սահմանափակումներով։ Փաշինյանը դրանով հետաքրքրված չէ, նա հետաքրքրված է իր իշխանությունը պահելով եւ դրա համար Ալիեւին գործարք է առաջարկել, ասել է՝ եթե դու ուզում ես, որ Սահմանադրությունը փոխեմ, արա այնպես, որ 2027 թվականին ես լինեմ իշխանություն։ Ահա, սա է խնդիրը»,-կարծում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարությանը, որը, ըստ Փաշինյանի, կարող է հաջորդել փաստաթղթի հնարավոր ստորագրմանը, պատգամավորի խոսքով, բնական է, որ պայմանագրի դեպքում դա լինի։ Դիվանագիտական հարաբերություններ, առհասարակ, հաստատվում են նույնիսկ այն դեպքում, երբ խաղաղության պայմանագիր չկա։ Արթուր Խաչատրյանին չի զարմացնում, որ հայ հասարակությունը ոչինչ չգիտի Ալիեւ-Փաշինյան սեղանին գտնվող փաստաթղթի մասին։ Այնպես, ինչպես նոյեմբերի 9-ին եղավ, ըստ Խաչատրյանի, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը հայ հանրությանը խայտառակ փաստի առաջ է կանգնեցնելու։
«Մի մասին փորձելու է մոլորեցնել, իսկ նրանց դեմ, ովքեր համաձայն չեն լինի այդ փաստաթղթի հետ, կօգտագործի իր ողջ պատժիչ մամլիչը՝ ոստիկաններով ու ԱԱԾ-ով սկսած, վերջացրած հարկային տեռորով»,- մտահոգություն է հայտնում Արթուր Խաչատրյանը՝ միեւնույն ժամանակ իրատեսական չհամարելով, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը որեւէ փաստաթուղթ կստորագրի։ Ինչո՞ւ պետք է Ալիեւը որեւէ բան ստորագրի, եթե առանց դրա էլ Փաշինյանը նրան զիջումներ է անում։