Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պահվածքը շարունակում է քննարկվել հայկական ու բրիտանական մամուլում։ Անգլիայի թագուհու թաղմանը մասնակցելու բացառիկ հնարավորություն ստացած Խաչատուրյանը որոշել էր հեռախոսով լուսանկարվել թագուհու դագաղի ֆոնին, և դա հանձնարարել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանին։ Հենց նա էր իր ձեռքի սմարտֆոնով ստանձնել ՀՀ նախագահի լուսանկարչի դերը այդ պահին։ Եւ նրանց այս ոչ կոռեկտ, էթիկայի որ արարողակարգի կանոնները կոպտորեն խախտող պահվածքը բուռն քննադատության, ծաղրի ու անարգանքի առիթ է տվել նախ՝ բրիտանական մամուլում, ապա նաև՝ հայկական մամուլում։
Hraparak.am-ն այսօր առավոտից փորձում էր այս առիթով մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահի խորհրդական Տաթևիկ Կարապետյանից։ Նա նախ ասաց՝ այդ պահին հարմար չէ խոսելը և խոստացավ մի քիչ ավելի ուշ զանգահարել։ «Ես Ձեզ կզանգահարեմ, հենց ինձ հարմար լինի»,-ասաց նա։
Հասկացանք, որ պատասխան չունեն, և պիտի դեռ քննարկեն՝ ինչպես տակից դուրս գան։
Մի քանի ժամ անց, տեսնելով, որ Տաթևիկին այդպես էլ «հարմար չի լինում» մեզ զանգահարել, նորից փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն նա չարձագանքեց ոչ մեր զանգերին, ոչ նամակներին։ Քիչ առաջ, երբ նորից պնդեցինք, որ իր պատասխանին ենք սպասում, նախագահի խորհրդականը մեզ կարճ հաղորդագրություն ուղարկեց․
«Նախատեսվում է դեսպանի մեկնաբանությունը»։ Խոսքը դեսպան Վարուժան Ներսեսյանի մասին է։ Թե երբ է նախատեսվում՝ ՀՀ նախագահի խորհրդականը դժվարացավ պատասխանել․ «Հստակ չեմ կարող ասել»։