Քաղաքականություն

«Հրապարակ». Թույլ չենք տալու, որ «կակոյ նի բուծ» պրաստիտուտկեք Թուրքիայի թեման տանեն Գյումրի

«Հրապարակ». Թույլ չենք տալու, որ «կակոյ նի բուծ» պրաստիտուտկեք Թուրքիայի թեման տանեն Գյումրի

Գյումրիում օգոստոսի 23-ին հայաստանյան արեւմտամետների նախաձեռնած բողոքի ակցիան կարող է քաղաքացիական բախման վերածվել։ Բանն այն է, որ Գյումրիում լրջորեն նախապատրաստվում ու սպասում են արեւմտամետներին, որ հակահարված տան նրանց նախաձեռնությանը։ Հայտնի է, որ Արման Բաբաջանյանը եւ մի շարք արեւմտամետներ այդ օրը մեկնելու են Գյումրի՝ այնտեղ տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի դեմ բողոքի ակցիա իրականացնելու։ Այս խումբը երկար տարիներ պայքարում է Ռուսաստանի դեմ եւ հատկապես` ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու ուղղությամբ: Նախանցած տարի էլ են նման ակցիա արել Գյումրիում: 

Հակընդդեմ ակցիայի նախաձեռնողներից մեկը գյումրեցի ֆերմեր Տիգրան Ավագյանն է, որը նաեւ ընդգրկված էր ներկայիս համայնքապետ Վարդան Ղուկասյանի նախընտրական ցուցակում։ Ավագյանը հայտնի է իր քաղաքացիական կեցվածքով եւ վերջին տարիներին արձագանքել է թե՛ Արցախին, թե՛ Գյումրիին վերաբերող իրադարձություններին, դատապարտել է Միքայել սրբազանի կալանավորումը։ 2022 թվականին երկու եղբայրները՝ Տիգրանն ու Գեւորգը, հնչեղ ակցիա իրականացրին՝ իրենց վարելահողում գրելով Պուտինի անունը եւ պահանջելով, որ նա Արցախին տեր կանգնի։

«Մենք ո՞նց կարող ենք թույլ տալ, որ «կակոյ նի բուծ պրաստիտուտկեք» Թուրքիայի թեման տանեն այստեղ»,- մեզ հետ զրույցում վրդովված ասաց Տիգրան Ավագյանը՝ պատասխանելով  հարցին, թե ինչու են որոշել խոչընդոտել ակցիան․ «Սարգսյան Վազգենի ախպերը, ավելի ճիշտ՝ քուրը, ուրախացել է, թե մի քանի մանեթ կարա ավել վաստակի Թուրքիայով, ինտերնետում կա էդ ամբողջը, կարող եք նայել։ Կամ` ո՞վ է էդ ակցիայի մասնակիցը` մորը դատի տված Բաբաջանյան չգիտեմ ինչը։ Մարդիկ են, որ դոլարով կարող են ծախել իրենց ինքնությունը, ամեն ինչը։ Արեւմուտքի շահն են տանում, ի՞նչ է տվել Արեւմուտքը մեզ, բացի Հայաստանից կտրելուց, նույն Արեւմուտքը չէ՞ր, որ Մակրոնի, միշելների օգնությամբ, իրենց քավորությամբ Արցախը հանձնեց»: Մենք առարկեցինք` արեւմտամետներն էլ Ռուսաստանին են մեղադրում Արցախի կորստի հարցում, ասում են` ռուս խաղաղապահներն էին այնտեղ առաքելություն իրականացնում, ադրբեջանցիների հետ համագործակցված՝ հանձնեցին Արցախը։ «Ես ռուսների փաստաբանը չեմ, բայց գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ մեր հողի վրա դրված է մեր բազառը, մենք մտածում ենք՝ ռուսներն են արել, ամերիկացիք են արել․․․ տո Նիկոլն է արել, բայց ո՞ւմ քավորությամբ, իհարկե՝ իրենց, մի քանի օր առաջ միջանցքն ո՞ւմ  քավորությամբ տվեց, դա է՞լ ռուսներն արեցին»։

Թե կոնկրետ ինչ հակընդդեմ գործողություններ են պլանավորել իրենք, ֆերմերը չբացահայտեց, վստահեցրեց միայն, որ գյումրեցիների մեծ մասը հասկանում է՝ ինչ կնշանակի ՌԴ-ից երես թեքելը, եւ եթե պետք լինի, ֆիզիկապես կկանգնեն ռազմաբազայի դիմաց՝ թույլ չտալով սադրանքներ: Իսկ որ բողոքի ակցիայի մասնակիցները սադրանքներ հրահրելու նպատակով են Գյումրի գալիս, Ավագյանը դրանում կասկած չունի․ «Գյումրեցիներից շատ-շատերն են հասկանում, որ հարյուր տարի այստեղ կրակոց չի եղել, էդ ինչի՞ արդյունքում չի եղել, ու եթե կլինի գյումրեցի, որ մտածում է, թե Ռուսաստանը ստեղ չլինի` սահմանին ամեն ինչ նորմալ կլինի, առնվազն հիմար է։ Որովհետեւ արցախցիք գոնե փախչելու տեղ ունեին, իսկ ստեղի ժողովուրդն ո՞ւր պիտի փախչի, մենք սահմանից յոթ կիլոմետր ենք հեռու, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե պետք եղավ, ֆիզիկապես կկանգնենք բազայի դիմաց, որ այստեղ Ուկրաինա չլինի, Սիրիա չլինի»։ 

Ավագյանի խոսքով՝ չնայած ցուցարարների նպատակը սադրանքներ հրահրելն է, բայց ամեն ինչ անելու են, որ դա տեղի չունենա․ «Իրենք պրովոկացիա են ուզում անել, նախանցած տարի էլ եկել էին բազայի դեմը, մի հրամանատար իրենց տարավ երկրորդ մուտքի մոտ, քարը վերցրին ու կարաուլ կանգնած զինվորին էին ուզում խփել։ Դուք քաղաքական պահանջ ունեք, ուզում եք ռազմաբազան հանեն երկրից, ինչի՞ եք գալիս ռազմական օբյեկտի դիմաց քաղաքական հարց բարձրացնում` գնացեք, քաղաքական կառույցների դիմաց ձեր միտինգն արեք, բայց սա զորամաս է` ունի ծառայություն, կանոններ, հերթապահություն են անում զենքը ձեռքներին, հիմա ինչի՞ են գալիս` որ սադրանքնե՞ր հրահրեն»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image