Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ թուրքական կապալառուներն առանցքային դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում «ազատագրված շրջանների վերականգնման մեջ»։
«Կառավարությունը գործընկերություն է ստեղծում աշխարհի առաջատար ընկերությունների հետ` արագացնելու վերակառուցումն ու զարգացումը: Թուրքական կապալառուներն առանցքային դեր են խաղում վերակառուցման գործընթացում: Ամենաառաջին պայմանագրերը կնքվեցին թուրքական ընկերությունների հետ, և մենք վստահ ենք, որ նրան նորարարություն, ռեսուրսներ, լավագույն փորձ և փորձագիտություն են բերելու», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական «Հուրիյեթ Դեյլի Նյուզ» (Hürriyet Daily News) լրատվական կայքի հետ գրավոր հարցազրույցում (05.07.2021):
Նախարարն ասել է, որ իր կառավարությունն ավելի քան 1,3 միլիարդ դոլար է հատկացրել 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում 2021 թվականին վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար: «Թուրքիայի աջակցությունը կենսական է այդ տարածքներն ականներից և չպայթած զինամթերքից մաքրելու համար: Թուրքական ընկերությունները զբաղվում են այդ տարածքների վերակառուցմամբ, ներառյալ մայրուղիներ և ենթակառուցվածքներ կառուցելը, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը», - նշել է նա։
Բայրամովի խոսքերով՝ Ադրբեջանը հավատացած է, որ «Թուրքիայի և այլ բարեկամ երկրների աջակցությամբ վերականգնման գործընթացը «թույլ կտա տեղահանված ադրբեջանական բնակչությանը վերադառնալ իրենց հայրենիք»:
Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շուշի և Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից համատեղ Շուշիի հռչակագրի ստորագրումը «պատմական իրադարձություն է»:
Նախարարը նշել է, որ հռչակագիրն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ, այդ թվում`միջազգային մակարդակում համագործակցություն, քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերություններ, մշակույթ, կրթություն, երիտասարդության քաղաքականություն և այլ ոլորտներ: Նա շեշտել է, որ դա «մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միասին կլինեն և կապահովեն միմյանց անվտանգությունը»:
«Հռչակագիրը ցույց է տալիս էներգետիկ անվտանգության կարևորությունն ու շեշտում Թուրքիայի և Ադրբեջանի առաջատար դերը ռազմավարական Հարավային գազային միջանցքի իրականացման գործում, որը նպաստում է տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը», - ասել է նա։
«Հարավային գազային միջանցքը» Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունն է, բնական գազի մատակարարման ուղին Կասպյան ու Մերձավորարևելյան տարածաշրջաններից դեպի Եվրոպա: Հարավային գազային միջանցքի նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։ Ադրբեջանից դեպի Եվրոպա ուղին բաղկացած է Հարավկովկասյան, Անդրանատոլիական և Անդրադրիատիկ գազատարներից: Այս ուղու ընդհանուր ներդրումը գնահատվում է 45 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ գազատարի նախնական լիցքավորումը նախատեսվում է ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից, որը տեղակայված է Կասպից ծովում։
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցքի» արդյունավետ օգտագործման ու հետագա զարգացման կապակցությամբ «Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն իրենց համակարգված ջանքերը»։
Թուրք-ադրբեջանական համագործակցության ռազմական և պաշտպանական ասպեկտների վերաբերյալ նախարարը նշել է ոլորտների լայն շրջանակ:
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական համագործակցությունը ներառում է անձնակազմի փոխանակում` ուղղված երկուստեք երկրների պաշտպանական կարողությունների և ռազմական անվտանգության ամրապնդմանը, համատեղ վարժանքներ և զորավարժություններ, ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա զենքերի և զինամթերքի կառավարման ոլորտում սերտ համագործակցություն, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացում՝ տեխնոլոգիաներ զարգացնելու և փոխանակելու ծովային, օդային և տիեզերական ոլորտներում և փոխադարձ պաշտպանական արդյունաբերության տեխնոլոգիաների զարգացում», - մանրամասնել է նա։