«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գիրք է գրել` «Երկրի իրական կողմը» վերնագրով: Այդ մասին նա նախօրեին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով գրքից մի հատված:
Գրող Լեւոն Ջավախյանը կարդացել է Աղազարյանի գիրը ու իր իսկ խոսքերով` «ապշել»` ՔՊ-ական նախկին պատգամավորի մեջ տեսնելով մարդուն ու գրողին:
«Հրապարակի» հետ զրույցում Լ. Ջավախյանն ընդգծում է, որ ուզում է խոսել ոչ թե քաղաքական գործչի քաղաքական շահարկումների մասին, այլ նրա ստեղծագործության գեղարվեստական արժանիքների մասին.
«Ես զարմացած եմ, նույնիսկ` ապշած, ումից- ումից, բայց Հովիկ Աղազարյանից չէի սպասում, որ կկարդամ նման գեղարվեստական խորության պատում...: Երեւի` «նիկոլականությունը» դեռ վերջը չի ու «նիկոլականների» մեջ էլ կարող է մարդ մնացած լինել: Իսկ այսօր Հովիկ Աղազարյան մարդու մեջ ոչ միայն մոռացված մարդն է արթնացել, այլ նաեւ գրողը, որովհետեւ սա մի կատարյալ գեղարվեստական պատում է, նույնիսկ որոշակի հաջողության հասած գրողը կնախանձեր նման պատմվածք գրել»,- ասում է Լ. Ջավախյանն ու նկատում, որ սա ոչ թե գրքից մի հատված է, այլ իր կարծիքով` նոր գրված մի գործ, որը գրվել է վերջին իրադարձություններից հետո:
«Վերնագիրն էլ հրաշալի է` «Երկրի իրական կողմը», որը ընտրված է ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի` «Երկրի հակառակ կողմի», բայց չեմ կարծում, որ սա վեպից հատված է, կամ ավելի վաղ է գրվել, որովհետեւ, եթե մինչեւ վերջին դեպքերը գրած լիներ, ապա նվազագույնը մարգարե պետք է լիներ: Այդուհանդերձ, ինքը հավատում էր Նիկոլի աստվածային եղելությանը, բայց ես չեմ հավատում ոչ դրան, ոչ էլ իր մարգարե լինելուն, բայց այն, որ այս բարոյական հարվածից հետո իր մեջ արթնացել է գրողը` հստակ է»,- ընդգծում է գրողն ու վերապատմում Հ. Աղազարյանի պատումը, որն իրեն այդքան տպավորել է.
«Կարծես թե մարդն ապրում է իր առօրյա, գյուղական կյանքով` Սուրենավանում ու ձեռքի հետ մի կերպար է հանդես գալիս` Կարիկը, որը խելապակաս է եւ աչքի է ընկնում նրանով, որ ում տեսնում, ասում է` արի «թիզներս» չափենք: Կարիկի կերպարը պատմվածքում գնալով զարգանում է, մաքոքի նման` ձեռագործ ձեւով զարգանում են նաեւ գործողությունները ու տարիներ անց, երբ նորից հանդիպում է Կարիկին, պարզվում է` նա այլեւս «թիզ» ճափելով զբաղված չէ, այլ աստիճաններ թռնելով, ընդորում` կամ վեր ա թռչում, կամ վար...: Զարմանալին նաեւ որն է, որ անգամ Կարիկը կարիք ունի մարդկանց եւ երբ նա գնում է իր նամակը գցի փոստարկղը, նրան հետեւող Հովիկը ձեռքից խլում է ու կարդում, որովհետեւ անպայման ուզում է տեսնի, թե ում է ուղղված այդ նամակը, բայց տեսնում է` ոչ ոքուն էլ ուղղված չի, պարզապես մարդն ուզում է ինքն էլ էս աշխարհում ինչ որ մեկին նամակ գրած լինի...: Այս գործողությունները միանգամից ասոցացվում են այն վիճակի հետ, երբ Հովիկ Աղազարյանի նամակներն էլ ՔՊ-ականները կարդացին ու տարածեցին...: Ու ինքը ապրում է մեղքի մեջ, որ այդ մեղքը իրեն օգնի այլեւս մեղք չգործելու համար»:
Այս պատմվածքի մեջ Կարիկի կերպարը, Լ. Ջավախյանին, ինչ որ տեղ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ «նա էլ է աչքի ընկնում իր արտառոց վարքով, ոչ ադեկվատ ելույթներով. Եւ ամենամեծ ցատկը մեր երկրում կատարեց Նիկոլ Փաշինյանը, որ կարողացավ սովորական թերթի խմբագրի աթոռը փոխել վարչապետի աթոռով,-ասում է Ջավախյանն ու եւս մեկ անգամ ընդգծում` իր զարմանքն ու հիացմունքը,- Ես զարմացած էի նման մոտեցումից ու խորությունից, Հովիկ Աղազարյանի մեջ մարդը զարթնեց ու զարթնեց գրողի տեսքով, ով կարողացավ 180 աստիճանով շրջվել ու ցույց տալ «երկրի իրական կողմը»: Սա ասում եմ հատկապես այն մարդու մասին, ով հենց մտավ Քպ ու նախկինի պես եկավ Վերնիսաժ` ինձ բարեկամական ձեռք մեկնեց բարեւելու համար, ես մերժեցի այդ ձեռքը, որն ինձ համար դարձել էր նիկոլական»:
Հարցնում եմ` հիմա կսեղմի՞ այդ ձեռքը. «Եթե Աստված մարդուն ապաշխարհելուց հետո փրկության հույս է թողնում, ես ո՞վ եմ, որ փակեմ այդ դարպասները»,- կարճ դադարից հետո եզրափակում է Լ. Ջավախյանը: