Արցախցիներն ի նշան բողոքի Ազատության հրապարակում վրան են տեղադրել՝ պահանջելով ՀՀ իշխանություններից լուծել իրենց սոցիալական խնդիրները։ Մարտի 20-ին «Հրապարակը» գրել էր, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով զոհված ու անհայտ բացակայող ճանաչված արցախցիների ընտանիքները կանգնած են հայաստանյան իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջեւ: Խոսքն ավելի քան 80 ընտանիքի մասին է, որոնց իրազեկել են, որ եթե մինչեւ մայիսի 1-ը չկատարեն վարկային պարտավորությունները, ապա հիպոթեքային վարկը ժամկետանց կճանաչվի, եւ կբռնագանձվի նրանց գույքը։
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմեց, որ այս հարցով դիմել են Նիկոլ Փաշինյանին, սակայն կոնկրետ պատասխան չկա, հարցը մնացել է օդում կախված, խնդիրը՝ չլուծված։
«Սերտիֆիկատի տեսքով հատկացրել են 20 միլիոն դրամ, մենք մեր գրպանում ունեցած խնայողություններն էլ դրել ենք՝ բնակարան ձեռք բերել։ 200-ից ավել շահառու կար, սակայն բնակարան են ձեռք բերել 81 հոգի։ Եռակողմ պայմանագիր էին կապել՝ շահառուները, բանկը եւ ներդրումային հիմնադրամը։ Արցախի ներդրումային հիմնադրամը պարտաճանաչ վճարում էր` մենք գիտեինք, թե մինչեւ օրս։ Մարտի սկզբին զանգում են բանկից եւ տեղեկացնում, որ արդեն 15 ամիս է որեւէ մուծում չի արվում, քանի որ ոչ Արցախ կա, ո՛չ ներդրումնային հիմնադրամ, էդ գումարները դուք պիտի վճարեք։ Ասեցի՝ աղջիկ ջան, ի»նչ եք խոսում։ Ահռելի գումարի մասին է խոսքը՝ 20 միլիոն, 20 տարի ժամկետով, դառնում է՝ 50 միլիոն։ Նամակով դիմել ենք վարչապետին, որ այդ հարցին լուծում տան։ Նամակը ուղարկվել է սոցապ նախարարություն, հանդիպել ենք փոխնախարար Դավիթ Խաչատրյանին, ով հավաստիացրել է, որ հարցը քննարկման փուլում է, առաջարկությունների փաթեթ են առաջարկելու։ Չեն ասել, որ ՀՀ կառավարությունը կվճարի, մենք դեռ սպասում ենք իրենց որոշմանը»,-պատմեց Սահակյանը։
Անորոշ վիճակ է, ասում է՝ անընդhատ ծնողները անհանգստացած զանգում են, չեն քնում, մտահոգված են, մարդ է եղել` պարտքով գումար է վերցրել՝ բնակարան ձեռք բերելու համար։
«Ինձ նման տասնյակ ընտանիքներ ի վիճակի չեն այդ գումարները վճարել։ Ես հույս ունեմ, որ կառավարությունը կվերցնի իր վրա։ Էսքան բան` բնակարանների հարցով»,-ասաց նա։
Իսկ հայրենիքի հարցո՞վ։ «Էսօր մենք պիտի մի քիչ երկար ապրենք՝ հետադարձի ճամփա ունենալու համար։ Ոնց որ վայրի թռչունին վանդակի մեջ պահես, մենք էդ կարգավիճակում ենք։ Չեմ բողոքում ժողովրդից, բայց մենք ծնվել եւ մեծացել ենք Արցախում, սրտատրոփ սպասում ենք վերջնական որոշմանը»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմից հետո Արցախի կառավարության 2022թ․ մայիսի 10-ի 505-Ն որոշմամբ ՀՀ-ում բնակարան ձեռք բերելու համար այս ընտանիքներին սերտիֆիկատներ են տրամադրվել։ Ըստ որոշման՝ վկայագիրը երաշխավորում է ՀՀ-ում հիփոթեքային վարկի միջոցով բնակտարածքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության տրամադրում։ Կնքված պայմանագիրը եռակողմ է՝ վարկառու ընտանիքի, բանկի ու Արցախի բնակարանային հարցերով կոմիտեի միջեւ։ Վարկերը նախկինում վճարվել են Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներից։ Իսկ 2023 թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ Արցախը հայաթափվեց, այս խնդիրը ծագեց` այդ ժամանակվանից սառեցվել են վարկերը, եւ շաբաթներ առաջ միայն մարդկանց ծանուցել են, որ եթե չվճարեն վարկը, գույքի բռնագանձման գործընթաց կսկսվի։ Մինչդեռ, արցախցիների կարծիքով, ՀՀ պատկան մարմինները 1 օրում կարող են լուծել խնդիրը՝ վերագրանցելով ԱՀ ներդրումային հիմնադրամը, որն Արցախբանկի ավելի քան 45 տոկոսի բաժնետեր է եւ կարող է շարունակել կատարել իր պարտավորությունները։ Հավանաբար, ՀՀ իշխանությունները որոշել են տնից զրկել այդ ընտանիքներին, գույքը խլել եւ ստիպել, որ արտագաղթեն Հայաստանից:
Մանրամասն՝ տեսանյութում