«Հրապարակ»-ի զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է։
- Վերջին օրերին, եթե չասենք՝ ժամերին, միջազգային մասմեդիայի գլխավոր թեման Կուրսկում՝ ռուս-ուկրաինական սահմանին ընթացող թեժ մարտերն են: Նախ, ի՞նչ դրություն է այժմ այդ հատվածում:
Ե. Մ. - Ուկրաինայի պաշտպանական ուժերը կռվում են քաղաքակիրթ աշխարհի սահմանին՝ Ռուսաստանի տարածքում։ Հիշեցնեմ, որ հենց Ռուսաստանն է 2014 թվականին գրավեց Ղրիմը, իսկ 2022 թվականի փետրվարին հարձակվել Ուկրաինայի վրա։ Ուկրաինացի զինվորականների գործողությունները լիովին համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին, որոնք վերաբերում են ինքնապաշտպանության իրավունքին: Տարօրինակ է, որ ռուսական լրատվամիջոցները մոռացել են այդ մասին՝ լցնելով տեղեկատվական տարածքը սպանված հղիների և վիրավոր երեխաների մասին լուրերով։ Հիշեցնեմ, որ սպանված ուկրաինացի երեխաների թիվը հասնում է հարյուրների։
- Ուկրաինական ԶԼՄ-ները պնդում են, որ հարձակման հետևանքով հաջողել են մի շարք բնակավայրեր գրավել, գերի վերցրել ռուս զինծառայողների: Այսօր էլ խոսվում է Սուջի քաղաքի պաշարման ու մասնակի գրավման մասին: Պաշտոնապես, սակայն, նման պնդում երկու կողմից էլ չկա: Ձեզ ի՞նչ է հայտնի:
Ե. Մ. - Եկեք՝ ճշտենք. զենքը ձեռքերում գերի ընկած զինվորականներն ու սահմանապահները ռազմագերի են։ Դրանք տասնյակ են, և դա հեշտ է հաստատել: Ուկրաինան կհամալրի փոխանակման ֆոնդը: Ու ևս մեկ բան. ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինացի ռազմագերիների 95%-ը ենթարկվում է խոշտանգումների և բռնությունների, բայց ռուս գերիները Ուկրաինայում պահվում են Կարմիր Խաչի պահանջներին համապատասխան։
- Զելենսկու գրասենյակն առաջին անգամ մեկնաբանել է Կուրսկում տեղի ունեցող ռազմական գործողությունները. նշվում է, որ դրա նպատակը բանակցային դիրքերի ամրապնդումն է, ինչպես նաև ռուսներին որոշակիորեն վախեցնելը՝ ակնկալելով, որ նրանց վերաբերմունքը կվատթարանա Պուտինի հետ: Ո՞րն է ձեր պատկերացումը:
Ե. Մ. - Ցանկացած պատերազմի նպատակը հակառակորդի նկատմամբ հաղթանակն է, հատկապես, եթե նա առաջինն է հարձակվել քո երկրի տարածքի վրա։ Չգիտեմ, թե ուրիշ ինչ կարող եմ ավելացնել այստեղ:
- Շարունակվող մարտերի վերաբերյալ տեսակետները տարբեր են. ռուսական կողմն, օրինակ, այդ ամենը դիտարկում է այսպես՝ Ուկրաինան հարձակվելով Կուրսկի մարզի վրա՝ ձգտում է իր արևմտյան հովանավորներին ցույց տալ բանակի մարտուկանությունը և միաժամանակ գումար ու զենք խնդրել նրանցից:
Ե. Մ. - Ուկրաինան համոզիչ կերպով ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ Ռուսաստանի սահմանների անձեռնմխելիությունը միֆ է: Որ Ռուսաստանը չի կարող պաշտպանել իր քաղաքացիներին և հեշտ ու հանգիստ լքում է նրանց։ Իսկ քեզ բանտից կարող են փոխանակել, եթե ազգանունդ Կրասիկով է /խոսքը ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև բանտարկյալների հայտնի փոխանակման շրջանակում Ռուսաստան վերադարձած սկանդալային գործչի մասին է- Խմբ./, հակառակ դեպքում կնստես ռազմագերիների ճամբարում։
-Ուկրաինայի զինված ուժերը, հարձակվելով Կուրսկի մարզի վրա, իրականացրել են «դատապարտված թռիչք», որը կսպառի նրանց վերջին ռեզերվները. նման կարծիք է հայտնել ամերիկյան Forbes ամսագրի սյունակագիր Դեյվիդ Էքսը։
Ե. Մ. - Նա հաստա՞տ ռազմական վերլուծաբան է: Եթե այո, ապա հարկ է նշել, որ Ուկրաինայի Զինված ուժերը գաղտնի նախապատրաստել են վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ ներխուժումը Ռուսաստանի տարածք, ցույց են տվել ռուսական պաշտպանության թուլությունը և հակառակորդին անակնկալներ մատուցելու կարողությունը։ Կարծում եմ՝ սա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու աշխատանքն է, ով մշակել է հարձակողական պլանը:
- Այնուամենայնիվ, ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ համաժողովին պետք է մասնակցեն Ռուսաստանի ներկայացուցիչները: Օրերս էլ ասաց, որ այս տարի պետք է արդարացի վերջաբան տրվի պատերազմին: Ընդհանրապես, Կիևում վերջերս հաճախ են խոսում Մոսկվայի հետ երկխոսության բաց պատուհանի մասին: Այս իմաստով ի՞նչ կանխատեսում ունեք:
Ե. Մ. - Աշխարհում կա պատերազմի դադարեցման պահանջ: Եվ ես հավատում եմ, որ Չինաստանը, տեսնելով ուկրաինացի զինվորականների հարձակումը, կանի անհրաժեշտ եզրակացություններ։