Բանակը հետեւողականորեն քանդող իշխանությունը որոշել է հայ ժողովրդի ընկալումներում այլեւս ընդմիշտ Հայկական բանակն ասոցացնել կորստի, արյան ու վշտի հետ։ Որոշել է կոտրել բանակը հաղթանակի, պայքարի ու չհանձնվելու հետ կապված պատկերացումները:
Այս նպատակին է ծառայում Հայկական բանակի օրվա՝ Հունվարի 28-ի նախօրեն՝ հունվարի 27-ը բոլոր նահատակների «Հիշատակի և խոնարհումի օր» հռչակելու արհեստածին նախաձեռնությունը, որը հաջորդեց ՔՊ համագումարին Նիկոլ Փաշինյանի ծնկի գալու բեմականացմանը։ Ու նախաձեռնությունը, ոչ ավել, ոչ պակաս, Ռուբեն Ռուբինյանինն է ու երբեմնի ընդդիմադիր Գեղամ Նազարյանինը, որի որդի Աբգարը 44-օրյա պատերազմի զոհերից է։
Հունվարի 27-ը պատահական օր է, որեւէ խորհրդանշական կապ չունի հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր նահատակների հետ։ Եթե Հիշատակի օր ընտրվեր, օրինակ սեպտեմբերի 27-ը, երբ ադրբեջանական կողմը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց մեր դեմ, հասկանալի կլիներ, եթե այդ օրը սեպտեմբերի 19-ը լիներ, երբ թշնամին ագրեսիա սկսեց Արցախի դեմ ու տրվեց Արցախում էթնիկ զտման մեկնարկը, կրկին, ընկալելի կլիներ, որովհետեւ այդ հողում է նահատակների արյունը թափվել: Բայց հունվարի 27-ը ընդամենը Հայոց Բանակի օրվա նախօրեն է ու, ինչպես մեր զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն է նշում, ամենեւին էլ պատահական չի ընտրվել։ Այս իշխանությունը
շատ լավ է աշխատում է սիմվորլների հետ։ «Մենք տեսանք, թե մայիսը ինչպես փչացրեցին, ինչպես տոնը ողբի վերածեցին, Արցախը հանձնելուց առաջ Փաշինյանի կինը Էյնշտեյնից էր հղում անում, թե ինչ պետք է իր հետ վերցնի գաղթականը․․․ մենք արդեն տեսել ենք, որ իրենք ոչինչ պատահական չեն անում եւ այստեղ եւս այդ սիմվոլիկայի էլեմենտը կա։ Նրանք մի կրակոցով երկու նապաստակ են ուզում խփել՝ իրենց դեմքը իբրեւ թե պարզերես անել եւ ապականել Բանակի օրը, որովհետեւ այդ օրվա տրամադրությունը հաղթական է, դու քեզ ուժեղ ես զգում, վստահ, որ քո բանակը քո անվտանգությունն է պահպանելու, իսկ այդպես փորձ է արվում ընկալումներ ձեւավորել, որ բանակը զոհ է, արյուն է»,-ասում է Կարինե Նալչաջյանը։
Հոգեբանի խոսքով, այսօր առհասարակ, ինչ կատարվում է, ինչ գալիս է իշխանությունից, պետք է ընկալել նախընտրական շրջանի տրամաբանության մեջ։ «Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ են արել երկրի հետ, թե ինչ են արել բանակի ու մարդկանց հետ առհասարակ։ Դագաղներով իշխանության եկածներն ուզում են իրենց դեմքը մաքրել այդ ապականությունից, որ իրենք են այդքան զոհը բերել, թուլացրել բանակը, հայրենիք հանձնել։ Իրենք ժողովրդին դրանով ասում են՝ տեսե՛ք, մենք հիշատակի օր ենք սահմանել, մեզ համար դա արժեք է։ Սա է տրամաբանությունը», -շարունակում է հոգեբանը։
Ի դեպ, նախաձեռնությանը միացած Գեղամ Նազարյանը էմոցիոնալ գրառում էր արել Ֆեյսբուքում, թե` «մենք կկապենք մեր երկնային բանակը երկրայինի հետ երկօրյա, նախ հիշատակի եւ խոնահումի, ապա հաջորդ օրը տոնական արարողություններով»։
Արդյո՞ք հասարակության էմոցիաների վրա ազդելու քայլ է այն, որ իշխանության նախաձեռնությանը միացել է որդեկորույս պատգամավորը։ Մեր զրուցակիցն ասում է՝ Գեղամ Նազարյանն իր գործունեությամբ ակնհայտորեն ցույց տվեց, որ ՔՊ-ական գաղափարներն է կիսում:
«Մենք տեսնում ենք, որ նա թուրքի ամենահնազանդ վասալներից մեկի՝ Ռուբեն Ռուբինյանի հետ համատեղ ինչ-որ գործ է անում, իր կերպարի մեջ կամաց-կամաց խամրում է զոհվածի հոր կերպարը եւ առաջ է գալիս ՔՊ-ականին բնորոշ ներկայացուցչի կերպար։ Գիտե՞ք, ես հիշում եմ իր բոցաշունչ ընդդիմադիր ճառերը, բայց ինչ-որ պահի տեսանք, որ այդ մարդը իր ներքին դիրքորոշումներով ավելի շատ այնտեղ է։ Իհարկե, իշխանությունն ուզում է օգտագործել նրան՝ որպես զոհվածի հոր կերպար, բայց դա արդեն աղավաղված կերպար է»,-բացատրում է Կարինե Նալչաջյանը՝ հիշելով, որ վարչապետի տիկինը դրա հարուստ փորձն ունի, երբ զոհվածների մայրերին խնջույքների էր հրավիրում ու պարում էր նրանց հետ։
«Այս իշխանությունը ինչին դիպչում է աղտոտում է, անգամ զավակի կորստյան վշտի մեջ են փորձում ինչ-որ անմաքուր բան մտցնել»,-հավելում է մեր զրուցակիցը։
Հոգեբանն ասում է՝ իշխանությունն աշխատում է բոլոր ֆրոնտներով։ Նրա հրահանգիչները լավ գիտեն, թե որքան կարեւոր են արժեքային սյուները, որոնց վրա հիմնված է ազգի ինքությունը։ «Բանակի օրը, Մասիսը, Ցեղասպանությունը․․․Ո՞ր մեկը թվես, իրենք քայլ առ քայլ փորձում են աղավաղել այդհիմնասյուները, որոնց վրա հիմնվում է ազգի հոգեկերտվածքը։ Եթե մենք դա թույլ տանք, իրենք որակ կստանան։ Հայ մարդուն ուզում են վերածել գաղափարազուրկ, արժեզուրկ քայլող ստամոքսների, բայց նույն այդ ստամոքսներին թշնամին պատրաստ է ոչնչացնել իր յաթաղանով»,-ահազանգում է Կարինե Նալչաջյանը։