Քաղաքականություն

Ինքն ազատության մարտիկ է` բանտարկված ռուսական զնդանում

Ինքն ազատության մարտիկ է` բանտարկված ռուսական զնդանում

Նիկոլ Փաշինյանը նման է մի կնոջ, որը պատրաստ է վազել այն տղամարդու կողմը, որի մոտ այդ պահին ավելի շատ փող կա կամ ընդհանրապես փող կա: Քանի որ ինքն այդպիսին է, այդպիսին է դարձրել նաեւ իր ամբողջ քաղաքական թիմին, արդյունքում՝ նաեւ Հայաստանը․ Հայաստանի մասին դատում են Փաշինյանի պահվածքով, գործունեությամբ:
Փաշինյանի կառավարությունում էկոնոմիկայի նախարար աշխատող Գեւորգ Պապոյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարության օրակարգում կա՞ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, պատասխանում է. «Որեւէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, եւ բոլորն էլ ինչ-որ չափով քեզնից են կախված»: Այստեղ առանցքային բառը «որեւէ պարագայում»-ն է, ինչը նշանակում է, որ եթե անգամ ԵՄ-ին միանալու հարցն էլ լուծվի, միեւնույն է` ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու:

Ինչպես Արարատ Միզրոյանը, Գեւորգ Պապոյանը եւս նիկոլական զոմբի է, այսինքն՝ կրկնում է այն, ինչը ձայնագրել եւ իր գլխում դրել է Նիկոլ Փաշինյանը: Պապոյանին չի հետաքրքրում, որ իր ասածն անհեթեթություն է, որ ԵԱՏՄ-ից դուրս չգալը կամ դրան ինչ-որ բանով չփոխարինելը ոչ մի կապ չունի անկախության կամ կախվածության հետ: Մարդիկ իրեն հարցնում են` ձեր կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական Միությանը միանալու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին, ՔՊ խմբակցությունն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է նույնաբովանդակ օրենք. ԵՄ ներկայացուցիչները պարզ բացատրում են, որ ԵՄ-ին միանալու ցանկություն ունեցող Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ անդամ, քանի որ ՔՊ-ականները հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն, իրենց համար մատչելի ձեւով բացատրում են, որ ԵՄ-ի հետ ամուսնանալու համար պետք է նախ ամուսնալուծվել ԵԱՏՄ-ից: Մյուս կողմից՝ ԵԱՏՄ ներկայացուցիչներն են բացատրում, որ եթե ԵՄ եք գնում, ապա չեք կարող լինել ԵԱՏՄ-ում, որովհետեւ դրանք տարբեր կառույցներ են, տարբեր հարկային եւ մաքսային կարգավորումներով. պետք է ընտրություն կատարեք: Հիմա Գեւորգ Պապոյանին պարզ հարց են տալիս, քանի որ որոշել եք ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսել, ե՞րբ եք ԵԱՏՄ-ից դուրս գալու, Պապոյանն ասում է` մենք ոչ թե ուզում ենք անկախ լինել, այլ ուզում ենք շատերից կախված լինել, ու նման այլ գժություններ:

Եթե Պապոյանը մի քիչ ավելի անկեղծ գժություն աներ, պետք է ասեր, որ մենք ուզում ենք ե՛ւ ԵԱՏՄ-ից դուրս չգալ, ե՛ւ ԵՄ անդամ դառնալ, իսկ եթե դուրս գար նիկոլական զոմբիի կարգավիճակից, ապա պետք է ասեր, որ ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում անել Հայաստանը, ինքը չգիտի, թե ուր են գնում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը մի օր Հայաստանը ԵՄ է տանում, հաջորդ օրը` ԵԱՏՄ, մյուս օրը` Թուրքական պետությունների կազմակերպություն` ԹՊԿ, դե, ինքն էլ, մյուսների նման, գնում է այնտեղ, որտեղ իրենց քշում է Փաշինյանը: 

Այս պահին Պապոյանին հանձնարարություն են տվել՝ գնալ ԵԱՏՄ, Մոսկվայի տոմս են առել, որ գնա Ռուսաստան: «Առաջիկա օրերին ես մտադիր եմ այցելել Ռուսաստան եւ հանդիպել իմ գործընկերների հետ։ Նախատեսված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք մենք նախատեսում ենք քննարկել։ Այս օրակարգը ենթադրում է մեր առեւտրատնտեսական հարաբերությունների էլ ավելի ընդլայնում»,- ասում է Պապոյանը։ ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը նշանակում է, որ Հայաստանն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Եվրոպական Միությանը միանալու ցանկություն չի դրսեւորի, Փաշինյանն այդ թեմայով նոր հայտարարություններ չի անի:

Ի՞նչն է պատճառը, որ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին Փաշինյանը միանում էր ԵՄ-ին, այսինքն՝ դուրս էր գալիս ԵԱՏՄ-ից, իսկ մարտ-ապրիլ ամիսներին` ճիշտ հակառակը․ մնում է ԵԱՏՄ անդամ եւ չի միանում ԵՄ-ին: Այն ժամանակ, երբ Հայաստանը ԵՄ էր գնում, Պապոյանը Ռուսաստան չէր գնում, այդ երկրի հետ առեւտրատնտեսական կապերն ընդլայնելու փոխարեն Ռուսաստանի հետ աշխատող հայ գործարարներին հորդորում էր դիվերսիֆիկացնել` բազմազանեցնել իրենց առեւտրային կապերը:

Հերթական կտրուկ շրջադարձի պատճառն այն է, որ մարտ ամսին ամփոփվել են նախորդ տարվա տնտեսական արդյունքները, եւ Փաշինյանն իմացել է, որ ապրանքաշրջանառությունը Եվրասիական միության հետ, ընդհանուր առմամբ, աճել է ավելի քան 1,5 անգամ՝ 8,25 մլրդ դոլարից հասնելով 12,7 մլրդ դոլարի, Ռուսաստանի հետ առեւտուրն աճել է 56,5 %-ով՝ 7,92 մլրդ դոլարից հասնելով 12,4 մլրդ դոլարի, Բելառուսի հետ՝ 9,1 %-ով՝ 188 մլն դոլարից հասնելով 206 մլն դոլարի։ Իսկ ԵՄ երկրների հետ առեւտուրն անկում է ապրել եւ մեր ընդհանուր առեւտրի մեջ կազմում է 7,7%։ Ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է 11,7%- ով՝ կազմելով 2,3 մլրդ դոլար, արտահանման ծավալները տարվա ընթացքում նվազել են 13,8%-ով՝ մինչեւ 611,6 մլն դոլար, ներմուծման 11% անկման ֆոնին՝ մինչեւ 1,7 մլրդ դոլար: 
Փաշինյանը թվերը համեմատել գիտի, հատկապես՝ երբ այդ թվերն արտահայտվում են փողի` միլիարդավոր դոլարների տեսքով: Նա համեմատել է թվերը եւ հասկացել, որ ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը գրեթե վեց անգամ ավելի շատ է, քան ԵՄ-ի հետ առեւտուրը, եւ եթե առաջինի դեպքում ծավալներն աճում են, ապա երկրորդի դեպքում` նվազում: Պարզ ասած, հասկացել է, որ 12,4 միլիարդ դոլարը մեծ է 2,3 միլիարդից: Իսկ Փաշինյանը միշտ ընտրում է շատը. ճիշտ է` խոսում է եվրոպական արժեքներից, իբրեւ թե ինքը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու էլի չգիտեմ ինչի կողմնակից է, բայց երբ գալիս է ընտրության ժամանակը` արժեքներ, թե փող, ընտրում է հակաժողովրդավարական, բռնապետական ռուսական փողը:

Կարող է հարց առաջանալ․ իսկ հունվարին կամ փետրվարին, երբ ԵՄ-ին միանալու գործընթաց էր նախաձեռնել, չգիտե՞ր այս տարբերության մասին կամ՝ չգիտե՞ր, որ պետք է ընտրություն կատարի: Իհարկե, գիտեր, բայց անընդհատ փորձում էր ցույց տալ, որ իբրեւ թե շատ է ուզում լինել եվրոպական առաջադեմ համայնքում, բայց դե, գիտեք, ստիպված է մնալ ռուսական խուտորում, ինքն ազատության մարտիկ է` բանտարկված ռուսական զնդանում: Իբրեւ թե ինքը Վլադիմիր Պուտին կամ Ալեքսանդր Լուկաշենկո չէ, որ մերժված լինի եվրոպաներում, ինքն Էմանուել Մակրոնի կամ Օլաֆ Շոլցի հետ է նստում-վեր կենում, Ջեյ Դի Վենսի հետ է նկարվում: Մի խոսքով, համաշխարհային մակարդակի դեմք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image