GALLUP International Association-ի կողմից իրականացված հարցումից՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք, պարզվել է, որ հարցվածների միայն 11.3%-ն է պատրաստ ՔՊ-ին ձայն տալ: ԴՕԿ-ին պատրաստ է ձայն տալ 6.8%-ը, «Հայաստան» դաշինքին՝ 6.5%-ը, ԲՀԿ-ին՝ 2.4%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 2.3%-ը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1.8%-ը: Ըստ հարցման արդյունքների՝ ԼՀԿ-ին ձայն կտա հարցվածների 0.9%-ը, Սրբազան պայքարին՝ 0.5%-ը: Ընտրություններին չի պատրաստվում մասնակցել հարցվածների 27.2%-ը, դժվարացել է պատասխանել 15.4%-ը, հրաժարվել է պատասխանել 10.2%-ը: Ոչ մեկի օգտին չի քվեարկի հարցվածների 13.3%-ը:
Գ․ Պողոսյանի գնահատմամբ, այստեղ 3 կարեւոր արդյունք կա, որ պետք է բարձրաձայնել․ «Առաջինը՝ որ իշխող կուսակցությունը 11.3% վարկանիշ ունի, դա պատմական մինիմում է, այդպես չի լինում, սովորաբար իշխող կուսակցությունը գոնե մի 25 տոկոս ունենում է։ Սա խոսում է այն մասին, որ իշխանությունների նկատմամբ վստահություն պարզապես գոյություն չունի, այդ 11 տոկոսն էլ երեւի հենց իրենք են, իրենց կուսակիցները, նրանց ընտանիքի անդամները, վարորդները։ Սա արդեն ցուցանիշ է, որ իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց վստահության ռեսուրսը, ու եթե ընտրություններ լինեն, իրենք ուղղակի չեն անցնի, կամ ընտրվելու դեպքում այն դիրքը, որ հիմա ունեն, այլեւս չեն ունենա։ Սա վկայում է նաեւ այն մասին, որ իրենց ընտրողներն էլ են հիասթափվել, որովհետեւ իրենք առաջին անգամ բավականին մեծ տոկոսով ընտրվեցին։ Հիմա դուրս է գալիս, որ իրենց ընտրողներն այսօր արդեն իրենց չեն ընտրի, որովհետեւ ընտրություններից առաջ այլ բան խոստացան, ընտրություններից հետո արեցին բոլորովին ուրիշ բան»։
Ինչ վերաբերում է 2-րդ եւ 3-րդ տեղերում գտնվող քաղաքական ուժերին, ապա․ «Եթե նկատում եք, դրանք քաղաքապետարանի ավագանիում ընդգրկված կուսակցություններն են՝ ԴՕԿ-ն ու «Մայր Հայաստան» դաշինքը։ Ինչո՞ւ են նրանք 2-րդ եւ 3-րդ տեղում, որովհետեւ քաղաքային տրանսպորտի ու մի շարք հարցերում բավականին ակտիվ էին, սա նախ դրա արդյունքն է, հետո էլ՝ իրենք ընդդիմադիր կեցվածք են ընդունել իշխանությունների նկատմամբ․ եւ բնակչությունը տեսնում է, որ այդ 2 ուժերն անխնա քննադատում են իշխանություններին։ Ինչ վերաբերում է ավանդական կուսակցություններին, որոնք Ազգային ժողովում են, նրանց նկատմամբ կա սառնություն, որովհետեւ մարդիկ ակտիվ ընդդիմություն սրանց մեջ չեն տեսնում։ Փաստորեն, ժողովրդի սպասելիքները թե՛ իշխանական կուսակցություններից, թե՛ ԱԺ-ի ընդդիմադիր կուսակցություններից, ամբողջությամբ զրոյացել են։ Նախկինում մեծ ակտիվություն կար նաեւ Սրբազան պայքարի շուրջ, բայց նրանք էլ դադարեցրին ակտիվ գործողությունները, դուրս եկան ակտիվ քաղաքական դաշտից, եւ, բնականաբար, այսպես պետք է լիներ»։
Հատկանշական է, որ 50 տոկոսից ավելին էլ կա՛մ հրաժարվել է հարցին պատասխանելուց, կա՛մ նշել, որ ընտրություններին չի պատրաստվում մասնակցել, ինչը եւս խոսուն ցուցիչ է․ «Դա միշտ եղել է 10-12 տոկոս, երբեմն՝ 15, բայց 50 տոկոսի չափ երբեք չի եղել, իսկ սա խոսում է այն մասին, որ մարդիկ հիասթափվել են բոլորից՝ իշխանություն լինի, թե ընդդիմություն, եւ, ընդհանրապես, կուսակցությունների հանդեպ հույս ու հավատ չկա։ Բոլոր դեպքերում, այդ մարդիկ չեն գնալու եւ չեն ընտրելու, որովհետեւ չեն հավատում։ Իսկ ամենամեծ վնասը, որ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը հասցրին, ընտրություններով իշխանություն փոխելու ու բարելավվելու հնարավորությունն էր, փաստորեն, իրենք դա ուղղակի զրոյացրին, որովհետեւ մարդիկ եկան, իրենց ընտրեցին որպես ընդդիմություն, բայց արդյունքներն այնպիսին եղան, որ էլ ավելի վատ վիճակում հայտնվեցին, քան նախկինում։ Դրա համար դա բերելու է նրան, որ նույնիսկ խորհրդարանական ընտրություններին բնակչության 50 տոկոսը չի մասնակցի»։
Անդրադառնալով Եվրամիությանը միանալու կամ ԱՄՆ ռազմավարական գործընկերը լինելու հանգամանքին, նկատում է․ «Լավ է, որ այդ հարցերը ներառել են, եւ բնական է, որ այդ պատկերը պետք է լիներ, իսկ ինչո՞ւ պետք է մեր բնակչությունը դեմ լինի Եվրամիությանն անդամակցելուն, սա չի խոսում նրա մասին, որ մենք ուզում ենք դուրս գալ ռուսական աշխարհից եւ միանալ եվրոպական աշխարհին։ Եթե հարցը դրվեր այսպես՝ Եվրամիություն, թե ԵԱՏՄ, դա ուրիշ բան, որովհետեւ ընտրության առաջ ես դնում մարդուն, բայց երբ հարցնում ես՝ ինչպե՞ս եք վերաբերվում Եվրամիությանը, կստանաս դրական պատասխան, եւ ոչ ոք դեմ չի լինի, որովհետեւ թե՛ Եվրոպան, թե՛ Ամերիկան երբեք մեզ համար թշնամի երկիր չեն ընկալվել։ Այստեղ հակասություն չկա, սա խոսում է այն մասին, որ հայերը բաց են ամբողջ աշխարհի համար, բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից»։