Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի վերաբերյալ Hraparak.am-ը զրուցել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
«Մենք որևէ այլ բան չէինք էլ սպասում, որովհետև ապրիլի 13-ին Ազգային ժողովի բարձրադիր ամբիոնից արդեն ինքը ասել էր՝ հայաստանյան ներկայիս իշխանությունների բանակցային գործընթացի ուղին։ Եվ այստեղ խոսել, որ աշխարհն է դա պահանջում, ուղղակի մոլորեցնում է այդ մարդը, անձը։ Հակառակը՝ իրենք իրենց բանակցային գործընթացի ուղին տանում են արդեն միջազգային հարթակներում բանակցելու, ինչին մենք երեկ ականատես եղանք, փաստորեն։ Մի բան կարող ենք փաստել, որ նա գնաց հերթական անգամ հաստատելու, որ ինքն իր համաձայնությունը տվել է և կողմ է, որ Արցախը բռնակցվի Ադրբեջանին, որովհետև Արցախի կարգավիճակի մասին հստակ դիրքորոշում տալիս է միայն Արցախի ժողովուրդը և Հայաստանի առողջ ազգանպաստ քաղաքական դիրքորոշում ունեցողը, նաև հասարակությունը, ովքեր իրենց գենով հայ են։ Մնացած բոլորի մոտ ինչ-որ լղոզված կարգավիճակ բառը կա, բայց հստակեցում չկա։ Եվ այդ կարգավիճակը իրենք չեն էլ թաքցնում, որ Ադրբեջանի կազմում: Նույնիսկ եթե խորհրդային տարիներին բռնակցված էր Արցախը` շատ ավելի ցածր կարգավիճակում, ապա այսօր՝ ֆանտաստիկ է ինչ-որ բան մտածելը, որ որևէ հայ կապրի Ադրբեջանի կազմում»,- մեզ հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։
Վերջինս գտնում է, որ հայաստանյան իշխանությունները երեկ հերթական անգամ հաստատեցին իրենց դիրքորոշումը՝ Արցախի հարցն իրենց համար փակ է և այդ դիրքորոշումը իրենք տանում են առաջ։
«Ընդամենը մեկ կետ կար, որ իրենք կարող են որպես հաղթանակ ձևակերպել, երբ գերիների հարցը ևս քննարկվեց: Այդտեղ ևս՝ «թող մի լավ սառը ջուր խմեն» և չփորձեն նորից մոլորեցնել, որովհետև Ալիևը հստակ ասում է, որ այդ հարցի շուրջ կխոսեն այն ժամանակ, երբ Հայաստանը իրենց 4000 անհետ կորածներին ու գերիներին կվերադարձնի։ Բոլորս գիտակցում ենք, գիտենք, որ դա աբսուրդ է, որ մենք հաստատ չունենք Ադրբեջանից 4000 դի և անհետ կորած՝ ոչ Հայաստանում, և ոչ էլ Արցախում։ Եվ ինչ էլ եղել է` այս ընթացքում բոլորը բարեհաջող վերադարձվել են։ Այսինքն, ևս մեկ անգամ փաստ, ապացույց, որ Ադրբեջանը չի պատրաստվում մեր 100-ից ավել գերիներին վերադարձնել մեզ»,-ասաց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը համարում է, որ սա հայաստանյան իշխանությունների կողմից տապալված, ոչ հայկական քաղաքականության արդյունք է։
Մեր այն հարցին, թե ինչ ծրագրեր ունեն Արցախի իշխանություններն ու ընդդիմությունն այսօր, Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Իշխանական թևի պատգամավորները ինչ-որ հասարակական գործունեությամբ են զբաղված։ Միգուցե իրենք իրենց մեջ քննարկումներ են անում, դեռևս, դիրքորոշում չկա այդ ուղղությամբ։ Ամեն դեպքում մենք ապրիլի 14-ին մեր դիրքորոշումը հայտնել ենք, որ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, իսկ դա մի բան է ենթադրում, որ ինչպես հազարավոր քաջորդիների արյունը Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի խղճի ու սերունդների վրա է, այնպես էլ այս պահին Արցախում բնակվող մոտ 120.000 հայերի ապագան իր խղճին է, որովհետև մենք որևէ մեկս չենք պատրաստվում լքել Արցախը։ Բայց Արցախը չենք լքելու Ադրբեջանի կազմում նաև լինելու տարբերակով, այլ ուղղակի չենք լքելու։ Եվ պայքարելու ենք ամեն ինչի համար։ Եվ բացի այդ մենք պայքարելու ենք մեր կորուսյալ, կորցրած, հանձնած հայրենքը վերադարձնելու համար։ Մենք ուրիշ օրակարգ չունենք և մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Եվ ամեն անգամ իր ապիկար քայլերին նորից նույն կերպ չենք պատասխանելու։ Գիտեմ, տեղյակ եք, որ այսօր քաղաքական դաշտում սպասվում են հանդիպումներ, քննարկումներ։ Յուրաքանչյուրը այս մի քանի ժամերի ընթացքում դեռ մարսում էին այն ամենը, ինչ նորից տեղի ունեցավ։ Եվ հանդիպումների արդյունքում նորից կծնվեն որոշումներ՝ մեր քայլերն ինչպիսին են լինելու, որովհետև ամեն բան շատ արագ է տեղի ունենում, և նայելով այս շտապողականությանը և բոլոր այն ջանքերին, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը` միացած Արևմուտքին ամեն ջանք ու եռանդ չեն խնայում, որ դուրս թողնեն Ռուսաստանին այս գործընթացներից։ Մենք այստեղ գիտակցում ենք, որ այդ ամենն անում են, բնականաբար, հանուն Արևմուտքի, որպեսզի վերջնականապես փորձեն թուլացնել Ռուսաստանին։ Եվ այս ամենն անում են նաև հային ատելու, Արցախը ատելու արդյունքում։ Այս աստիճանի հայատյաց քաղաքականություն նույնիսկ Ադրբեջանը չի վարել ու իր ամբողջ ֆանտազիաների մեջ չէր կարող պատկերացնել, որ այսպիսի բախտ կվիճակվի իրեն, որ հային ատող իշխանություն կգա Հայաստան։
Մենք չպիտի սպասենք, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն պիտի ինչ-որ բան անի, նույնիսկ, եթե դա մեր դաշնակից, բարեկամ Ռուսաստանն է։ Բայց ամեն դեպքում հուսով եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը իր վերաբերմունքն անպայման ցույց է տալու, դա տեսանելի կլինի, թե ոչ` հաստատ կլինի, կարծում եմ։ Բայց նստել ու սպասել, որ որևէ մեկը պիտի մեր փոխարեն անի այն, ինչ-որ մենք պիտի անենք, դա թույլ մարդու, խեղճ մարդու, էն մարդու տեսակը կլինի, որին ուզել է ձևավորել Նիկոլն ու իր թիմը։ Դրա համար, մենք առավել ուժեղ պիտի լինենք ու մեր միակ հույսը դնենք մեր հավաքական ուժի վրա։ Այն, ինչը որ սկսվել է այսօր Երևանում, պիտի շատ մեծ թափ առնի և Արցախը պիտի միանա դրան, միանշանակ։ Ու ոչ մեկը թող չհամարձակվի ասել, որ դա Հայաստանի ներքաղաքական խնդիրներն են, այսօր Արցախի և Հայաստանի համատեղ փրկության հարցն է որոշվում, և այստեղ մենք պետք է միասին լինենք՝ կապ չունի կլինենք Արցախի, թե Երևանի հրապարակում։ Նպատակը մեկն է՝ պետք է ազատվել այսօրվա իշխանություններից։ Եթե առաջ ունեինք տարբերակ և մտածում էինք, որ պետք է ստիպել հայաստանյան իշխանություններին անել հայանպաստ գործողություններ, հիմա պետք է հեռացնել իրենց ուղղակի»։