Քաղաքականություն

2026-ին կարող եք Նիկոլին ընտրել, որ ձեզ «ապուշացած չզգաք»

2026-ին կարող եք Նիկոլին ընտրել, որ ձեզ «ապուշացած չզգաք»

2021 թվականից հետո բոլոր նրանք, ովքեր մեծ հույսեր էին կապում պառլամենտական ընդդիմության հետ, որոշ առումով հիասթափվեցին, կոտրվեցին, կարծես, համակերպվեցին նաև այն բոլոր հակապետական ու հակահայ գործողությունների հետ, որոնք իրականացնում է իշխանությունը: Առհասարակ ճիշտ է, որ հաղթանակը հազարավոր տերեր ունի, իսկ պարտությունն` անտեր է: Այ եթե, օրինակ, ընդդիմությունը հաղթեր 2021-ի ընտրություններում շատերը այսօր օրնիբուն կքծնեին նույն Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի ինչ-որ պաշտոն ստանան, կամ մի քանի կոպեկ ավել վաստակեն, բայց քանի որ նա չկարողացավ ամբողջությամբ վերցնել իշխանությունը, նրա ուղղությամբ քարեր նետողների թիվն օրեցօր ավելանում է: 
Մի կողմից ընդդիմությանը հարվածում են ՔՊ-ականները, մյուս կողմից` իբրև թե այդ հիասթափվածները, որոնք այսօր իրենց պահում են ճիշտ այնպես, ինչպես լատենտ իշխանականները: Սրանք որպես կանոն այն մարդիկ են, ովքեր ամեն հարմար առիթով փնովում են ընդդիմությանը: 

Ամենաթարմ օրինակը Նիկոլ Փաշինյան-եկեղեցի հակամարտությունն է: «Հիասթափվածները» գրում են, որ այս ընդդիմությունը տկար է, բանի պետք չէ, որ մեծ սխալ են գործել` հավատալով, ընտրելով նրանց և այլն: Այսօր նման մի գրառում էր արել նաեւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, գրելով, թե` ապուշություն է արել 2021-ին ընդդիմությանը հավատալով: Այս մտքից կարո՞ք ենք ենթադրել, որ Մհերը զղջում է Նիկոլին չընտրելու, ընդդիմությանը ձայն տալու համար: Բայց ակնհայտ է, որ 2021-ին չկար այլընտրանք, չկար երրորդ ուժ` կամ Նիկոլին պետք է ընտրեինք, կամ` այսօրվա ընդդիմությանը: Այսինքն, Մհեր Մկրտչյանն ափսոսում է, որ Նիկոլին չի տվել իր քվեն:

Ցավալի է, որ երբեմն գերագնահատում ես ոմանց խելքն ու քաղաքական հասունությունը, իսկ վերջում պարզվում է, որ նրանք` իշխանականների նման, միայն իրենց անձնական նեղ շահերի մասին են մտածում և չհասնելով ինչ-ինչ արդյունքների, սկսում են իրենց անձնական նեղացածությունը վերագրել հայրենիքի հանդեպ սիրո…. Նման մտքեր ունեցող մարդիկ շատ են, Մկրտչյանի օրինակը պարզապես ամենաթարմն էր: 
Դե ինչ ասենք նման կերպ մտածողներին` ընկերներ, ընտրություններին ուղիղ մեկ տարի մնաց, շատ մի տխրեք, 2026 թվականին կկարողանաք «ուղղել» ձեր սխալը` կընտրեք Նիկոլին, որպեսզի ձեզ «ապուշացած չզգաք»:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image