Քաղաքականություն

«Հրապարակ». Կկարողանա՞ այս անգամ էլ գավառական շուստրիությամբ մանեւրել

«Հրապարակ». Կկարողանա՞ այս անգամ էլ գավառական շուստրիությամբ մանեւրել

Թեեւ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության օրենքի ընդունումը միայն իշխանության «քաղաքական կամքի մասին է», բայց Մոսկվան, ինչպեսեւ ակնկալվում էր, այն ոչ միանշանակ է ընդունում, ու այդ մասին հայտարարությունները, ինչպես նախկինում, շատ ուղիղ են։

«Եթե Հայաստանն անդամակցի ԵՄ-ին, Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երեւանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը։ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն նման օրակարգեր ունեն, եւ, հետեւաբար, երկիրը պետք է ընտրություն կատարի՝ միաժամանակ երկու աթոռին նստել չի հաջողվի»,- հերթական անգամ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մեր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ այդ նախագիծն ընդունելուն զուգահեռ, համառորեն լուրեր են պտտվում, որ, այդուհանդերձ, իշխանությունը մտադիր չէ Մոսկվայի հետ այրել բոլոր կամուրջներրը, հակառակը՝ Փաշինյանը հույս ունի, որ այս անգամ էլ իր գավառական շուստրիությամբ կկարողանա մանեւրել՝ գոհացնելով թե՛ եվրոպացիներին, թե՛ ռուսներին։ Թերեւս սրանով է պայմանավորված Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք միջոցառումներին։ Բայց արդյո՞ք Մոսկվան այս անգամ էլ կհավատա նրա «արցունքներին»։

 «Մոսկվայում, իհարկե, բացասաբար արձագանքեցին ՀՀ խորհրդարանի կողմից այդ նախագծի ընդունմանը, որովհետեւ, որքան էլ ՀՀ իշխանությունը փորձի համոզել, որ այն որեւէ կոնկրետ քայլ իրենից չի ներկայացնում, իսկ կուլուարներում նշի, որ դա առավելապես ներքաղաքական խնդիրները լուծելու համար է, Մոսկվան այն դիտարկում է որպես բացահայտ հակառուսական քայլ, որի նպատակն է՝ դադարեցնել գործընկերային, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ մերձենալ Արեւմուտքի հետ, մանավանդ՝ ներկա գեպոլիտիկ ֆոնին, երբ ԵՄ-ն փորձում է ինքնուրույն խաղացող դառնալ եւ միավորվում է մեկ գաղափարի՝ հակառուսականության շուրջ։ Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը դիտարկում է որպես մերձեցում հակառուսական ճամբարի հետ, եւ չպետք է մոռանալ, որ ՀՀ իշխանություններն իրենք են անընդհատ նշում, որ ՀՀ-ԵՄ համագործակցության մեջ նաեւ անվտանգային բաղադրիչ կա»,- «Հրապարակ»-ին ասում է մոսկվաբնակ վերլուծաբան Հայկ Խալաթյանը։

Ինչ վերաբերում է Օվերչուկի հայտարարությանը, մեր զրուցակցի խոսքով, նա որեւէ նոր բան չասաց, եւ բոլորի համար հասկանալի է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական եւ, հետեւաբար, սոցիալական ոլորտում ներգործության լուրջ լծակներ ունի՝ հաշվի առնելով այն, որ ռուսական շուկան ավանդական է հայկական շատ ապրանքների արտահանման համար՝ հաշվի առնելով ռուսական գազի գործոնը, որը Հայաստանը ձեռք է բերում էժան գներով եւ այլն։ «Հասկանալի է, որ Օվերչուկն ակնարկում է, որ եթե Հայաստանն այս քաղաքականությունը հասցնի իր տրամաբանական ավարտին, այսինքն՝ ինչպես այդ օրենքում է նշված, դառնա ԵՄ անդամ, դա կունենա շատ լուրջ հետեւանքներ ՀՀ տնտեսության համար, եւ Ռուսաստանը չի համակերպվելու այդ երկակի խաղին»,-շարունակում է Խալաթյանը։ Մեր զրուցակիցն ընդգծում է․ այժմ Ռուսաստանը ԵՄ-ն դիտարկում է ոչ միայն որպես տնտեսական, այլեւ որպես հակառուսական միություն, եւ ԵՄ առաջնորդներն իրենք էլ նշում են, որ մտադիր են ավելացնել ԵՄ-ի ուժային կոմպոնենտը եւ այն դարձնել աշխարհաքաղաքական հզոր խաղացող․ «Ռուսաստանի համար ամենամտահոգիչն այն է, որ Բրյուսելում եւ այլ եվրոպական մայրաքաղաքներում չեն թաքցնում, որ իրենց գլխավոր նպատակը Ռուսաստանին դիմակայելն է։ Այս պայմաններում, որքան էլ Փաշինյանի իշխանությունը փորձի ցույց տալ, որ դա ուղղված չէ Ռուսաստանի դեմ, նրանք Փաշինյանի քաղաքականության մեջ հստակ գործողություն են տեսնում՝ սառեցնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ՝ հույս ունենալով, որ կազմակերպության անդամ մյուս երկրները կհեռացնեն Հայաստանը կազմակերպությունից։ Կարծում եմ՝ արդեն բոլորին հոգնեցրել է այդ խաղը, եւ թե՛ Օվերչուկի, թե՛ ՌԴ ԱԳՆ-ի, թե՛ նախագահի խոսնակի հայտարարությունները վկայում են, որ Մոսկվան փորձում է Երեւանին հասկացնել՝ կողմնորոշվել որդեգրած քաղաքականության մեջ եւ գիտակցել, որ պրոեվրոպական եւ հակառուսական քաղաքականությունը կարող է ունենալ կոնկրետ հետեւանքներ»,- եզրափակում է մոսկվաբնակ վերլուծաբանը։

Այս ֆոնին ՀՀ իշխանությունը երեկ հերթական մանր կսմիթը հասցրեց Ռուսաստանին՝ խոչընդոտներ ստեղծելով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Հայաստան մուտքի համար։ Արա Աբրահամյանին, որը նաեւ ՀՀ քաղաքացի է, «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել մուտք գործել Հայաստան, անձնագիրը վերցրել էին, իբրեւ թե ստուգելու համար, եւ երկուսուկես ժամ պահելուց հետո` առանց որեւէ բացատրության, թույլատրել էին մուտք գործել Հայաստան։ Աբրահամյանը հայտնել է, որ տեղի ունեցածի պատճառների մասին կխոսի երկու օրից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image