Քանի որ իմ թոռնիկն էլ ուշ քնող, ուշ արթնացողներից է, ես նաև անձնական հետաքրքրվածություն ունեմ 8:15-ին դասերը սկսելու թեմայի հետ կապված ու մի քանի դիտարկում անեմ: Նախ, վստահ եմ, որ այս որոշումը մազաչափ անգամ չի թեթևացնելու Երևանի երթևեկությունը, ինչպես չթեթևացրեց կարմիր գծերի գների տասնապատիկ թանկացումը, որը իբր այդ նպատակով էին անում: Երկրորդը, սա էլ է խոսում այս իշխանությունների անպատկառության մասին:
Գլոբալ հարցերում միանձնյա ու ժողովրդի կամքին հակառակ որոշումներ եք կայացնում, գոնե նման մանր, ոչ ճակատագրական հարցերում կարո՞ղ եք հանրության, մասնագետների կարծիքը հարցնել: Հանրային քննարկումով, ուսուցիչների, ծնողների մասնակցությամբ որոշում կայացնել: Եվ մի դիտարկում էլ. դպրոցականների գերակշիռ մասը հաճախում է իր թաղի դպրոց, պետք է հաճախի, որ երեխան ոչ թե տրանսպորտով կամ մեքենայով դասի գնա, այլ ոտքով: Սովետը այդ հարցի լուծումը տվել էր` ամեն դպրոց ուներ իրեն կցված տարածք, որտեղ ապրող երեխաները պետք է սովորեին տվյալ դպրոցում: Դա և դպրոցների ծանրաբեռնվածությունն էր համաչափ դարձնում, և պետությանը ստիպում էր բոլոր դպրոցներին նույն ուշադրությունը դարձնել, և սոցիալական հավասարության խնդիր էր լուծում:
Ի վերջո, պետական կրթությունը պետք է նույնը լինի բոլոր ուսհաստատություններում: Իսկ էլիտար դպրոցներ կոչվածը անարդարության, անհավասարության, հասարակությանը սորտավորելու միջոց են: Հատուկենտ բացառությունները չհաշված: Բայց դե ում ինչ ենք ասում...սրանք որոշել են այս պետության ու ժողովրդի վրա ամենատարբեր էքսպերիմենտներ դնել ու հետևել` կհաջողվի՞ գոյատևել, կհարատևի՞, կդիմանա՞ այսքան փորձությանը: