Մշակույթ

Ասում է՝ այ ժողովուրդ, արթնացեք, մի քնեք, Ադրբեջանը միայն ինձ չի դատում

Ասում է՝ այ ժողովուրդ, արթնացեք, մի քնեք, Ադրբեջանը միայն ինձ չի դատում

Ձայների գերակշիռ մեծամասնությամբ` 523 կողմ, 3 դեմ, 84 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, Եվրախորհրդարանը երեկ հրատապ կարգով բանաձեւ ընդունեց Բաքվում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության մասին՝  կոչ անելով Ադրբեջանին՝ նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։

Եվրոպական խորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների համատեղ փաստաթուղթն ընդգծեց՝ հայերի դեմ դատավարությունները կեղծ են, նրանք ենթարկվում են անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում՝ արգելված հոգեմետ միջոցներով։

Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին հաջորդեց Ռուբեն Վարդանյանի ուղերձը․  հացադուլի 23-րդ օրը Ռուբեն Վարդանյանը դադարեցրեց հացադուլը՝ ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում ձայնային նոր ուղերձ փոխանցելով, որտեղ նա մասնավորապես նշել էր, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլեւ անարդար դատավարության եւ ընդհանուր իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր:

«Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձեւական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում, դատում են բոլոր հայերին եւ հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ՝ չհեռանալ»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի կարծիքով, եթե անգամ ողջ աշխարհն էլ ոտքի կանգնի, բայց Հայաստանը ոչինչ չանի գերիների ազատ արձակման համար՝ ոչինչ էլ չի փոխվի։ «Շատ դժվար է լինելու այդ հարցի լուծումը, որովհետեւ հիմնական «շահառուն» այստեղ պետք է լինի Հայաստանը, քանի որ դատում են հայ մարդկանց, հայերին ու Հայաստանը։ Ուրիշ պետության մարդիկ ավելի շատ հայ չեն կարող լինել, քան մենք, բայց քանի որ Հայաստանում մարդիկ քնած են շատ խորը քնով, եւ արթնանալը շատ դժվար է լինելու, ավելին՝ գուցե այդպես քնած էլ մնան, որովհետեւ արթնանալու ցանկություն չկա, ժողովուրդը ոչ մի բանի վրա ուշադրություն չի դարձնում։ Բանը հասել է նրան, որ սոցիալական ցանցերում այնպիսի խոսքեր են ասում մեր ռազմագերիների մասին, որ ուղղակի շշմում ես, ու ամեն անգամ Նժդեհի խոսքերն եմ հիշում, երբ ասում էր, որ ամեն ազգ ունի իր տականքը, բայց հայի տականքը ոչ մեկը չունի։ Ես շատ եմ ցավում այս վիճակի համար, որովհետեւ նրանք ոչ թե ռազմագերիներ են, այլ հայրենասեր մարդիկ, ովքեր հայրենիք են պահել՝ իրենց կյանքը վտանգելով հայրենիքի համար։ Դրա համար եթե ամբողջ աշխարհն էլ կանգնի այդ մարդկանց ազատ արձակելու համար, բայց Հայաստանը մատը մատին չտա, իմ կարծիքով՝ շատ դժվար է լինելու, որովհետեւ Ադրբեջանը կեղծ դատավարություն է սարքել, ու, ինչպես տեսանք, երեկ 2 տականք, որից մեկին՝ Գիպսի Միշիկ են ասում, ինչ․․․, կեղծ վկայություններ են տվել Վարդանյանի դեմ»,-ընդգծում է Հարությունյանը։

Թեպետ Ռուբեն Վարդանյանի հացադուլը, ապա նաեւ ուղերձը սթափեցրեց մարդկանց՝ մի քանի հոգի հացադուլ սկսեցին, տարբեր ակցիաներ տեղի ունեցան, բայց սա արդյո՞ք բավարար է՝ ճնշում գործադրելու մեր իշխանությունների վրա, որն էլ իր հերթին ճնշում կգործադրի Ադրբեջանի ու միջազգային հանրության վրա։ «Ոչ, որովհետեւ, եթե նայում ու լսում ենք այդ մարդկանց ասուլիսները, հարցազրույցները, որտեղ մեղադրանքներ են հնչեցնում, թե ինչու են այդ մարդիկ գնացել ու մնացել Արցախում, կամ ով է ուղարկել նրանց Արցախ․․․ այսինքն՝ այնպիսի մտքեր են արտահայտում, որ մնում ես շշմած, զարմացած։ Էլ ի՞նչ նպատակով մարդը պետք է գար Արցախ, այն էլ՝ Ռուբեն Վարդանյանի նման մարդը, որը եկել էր Արցախ իր հայրենասիրական ոգով, իր աշխատանքը, գործը ներդնի իր հայրենի հողում, մեր հայ ազգի համար,- ասում է Ք․ Հարությունյանն ու հավելում, որ շատ հիասթափված է անտարբերության այս մթնոլորտից։- Ես չեմ հասկանում՝ Հայաստանում մարդիկ իրականում ի՞նչ են մտածում, իրո՞ք քնած են, եթե այդպես է, շատ ցավալի է։ Ես շատ եմ հիասթափված նախ՝ մեր ժողովրդից, հետո նոր՝ ղեկավարությունից։ Մարդիկ շատ անտարբեր են ամեն ինչի հանդեպ, կարծես այս ամենն իրենց չի վերաբերում, ընդհանրապես՝ «հայրենասիրություն» բառը կարծես Հայաստանում վերացել է, իսկ Ադրբեջանում թուրքերը մանկապարտեզից հայրենասիրություն են քարոզում»։   

Քաջիկ Հարությունյանն ասում է՝ անձնապես շփվել ու ճանաչել է մեր ռազմագերիներին, ջերմ շփում է ունեցել նաեւ Ռուբեն Վարդանյանի հետ, եւ Բաքվի բանտից նրա բոլոր ուղերձները ոչ թե հրաժեշտի, այլ պայքարի, արթնության ուղերձներ են։ «Ասում է՝ այ ժողովուրդ, արթնացեք, մի քնեք, Ադրբեջանը միայն ինձ չի դատում, այլ ողջ հայ ազգին, նրա ուղերձը դա էր, ու պետք է ճիշտ կարդալ նրա ուղերձները... բոլորն էլ իմ ընկերներն են եղել, բոլորին էլ շատ լավ գիտեմ, ճանաչում եմ, հատկապես վերջին ժամանակներում Վարդանյանի հետ շատ մոտ եմ եղել, անգամ ընկերական զրույցներ ենք ունեցել, եւ շատ եմ ցավում, որ նման հայրենասեր մարդիկ թուրքի ձեռքի տակ խաղալիք են դարձել։ Նրանց նպատակը պարզ է՝ ինչպես Սեւակն է ասել, թողնել մի հայ թանգարանում ու վերացնել բոլոր հայերին, բայց սրանք այդ մի հայն էլ չեն ուզում թողնել թանգարանում, ընդհանրապես՝ հայի անունն են ուզում վերացնել աշխարհի երեսից։ Սա այնքան պարզ է երեւում, մի բան, որ դարեր շարունակ այդպես է եղել։ Դրա համար ժողովուրդը պետք է արթնանա, աչքերը բացի ու հասկանա՝ ինչ է անում, բայց մեկը մյուսին չի ընդունում, մեկը մյուսի մազոլն անընդհատ տրորում է, չգիտեմ՝ այս ազգն ինչու է այսպես դարձել, դրա համար եմ ասում, որ շատ եմ հիասթափված»,- ասում է զրուցակիցս ու ցավով արձանագրում, որ մտավորականությունը եւս քնած է ու չի համախմբվում, իր ջանքերը չի միավորում, քանի որ ամեն մեկն իր կարծիքն ունի եւ ուզում է իր կարծիքն առաջ քաշել ու ոչ՝ հավաքական մի տեսակետ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image