Քաղաքականություն

«Հրապարակ»․ Ինչ է լինելու, երբ տրանսֆորմացիայի ալիքը հասնի Հարավային Կովկաս

«Հրապարակ»․ Ինչ է լինելու, երբ տրանսֆորմացիայի ալիքը հասնի Հարավային Կովկաս

Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկն ու դրան հաջորդած հայտարարությունները, ըստ էության, թույլ են տալիս եզրակացնել, որ աշխարհն ականատես է Զելենսկու անփառունակ ու իր երկրի համար ողբերգական ավարտին: 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին՝ նախագահական ընտրություններ անցկացնել, եւ նշել է, թե գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշն ընկել է՝ հասնելով 4 տոկոսի։ Դիվանագիտական լեզվից թարգմանելու դեպքում սա նշանակում է, որ Թրամփը Զելենսկուն ոչ լեգիտիմ է հռչակում, եւ առնվազն ԱՄՆ-ին, որն ուկրաինական պարտիայի գլխավոր հովանավորներից էր՝ մինչեւ Թրամփի իշխանության գալը, Ուկրաինայի նախագահն այլեւս պետք չէ:

Ռուս-ամերիկյան բանակցությունները, անշուշտ, միայն Ուկրաինայի մասին չեն, ու դրանցում շոշափվելու են բոլոր տարածաշրջանները, այդ թվում՝ Հարավային Կովկասը: Թե երբ մեծ խաղացողները կհասնեն այս կետին, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ կհասնեն: Հայաստանի ուկրաինացման վտանգի, Փաշինյան-Զելենսկի նմանության ու ՔՊ-ի` ուկրաինական դասերը չքաղելու մասին վերլուծաբանները վաղուց են խոսում: Զելենսկու իշխանության անփառունակ ավարտը գալիս է վերահաստատելու Ուկրաինայի օրինակից հետեւություններ անելու կարեւորությունը: 

Քաղաքագետ Արա Պողոսյանին խնդրեցինք մեկնաբանել՝ մո՞տ է այն օրը, երբ ուժային որեւէ կենտրոն նմանատիպ ուղերձներ կարող է հղել Փաշինյանի մասին, որը Զելենսկու նման տապալել է երկրի անվտանգային քաղաքականությունը, պարտվել պատերազմում, ձախողել տված բոլոր խոստումներն ու այլեւս անվերադարձ կորցրել է նախկին վարկանիշը: Քաղաքագետը նախ դիտարկում է համատեքստը, որում Թրամփն արել է Զելենսկու վերաբերյալ հայտարարությունը, ու հիշեցնում՝ Ուկրաինան ընդունել է մի ակտ, որով Պուտինի հետ բանակցությունները սահմանափակվում էին, ռազմական դրության պատճառով Ուկրաինայում ընտրությունները հետաձգվել էին, իսկ ռուսական կողմը հայտարարում էր, որ Պուտինը չի բանակցելու Զելենսկու հետ, որն ուկրաինական կողմը ներկայացնելու բավարար լեգիտիմություն չունի: «Սա ռուսական կողմի հիմնական պահանջներից մեկն էր, որով նաեւ քաղաքական իմաստով փորձ էր արվում ոչնչացնել Զելենսկու լեգիտիմությունը, ու, ինչպես տեսնում ենք, դա Ռուսաստանին ստացվեց անել՝ ԱՄՆ առաջնորդը սկսեց խոսել այդ մասին, իսկ ԱՄՆ-ն սպառազինության մասով Ուկրաինայի հիմնական մատակարարն էր: Այսպիսի հայտարարության նախադրյալներից մեկն էլ այն էր, որ Զելենսկին հայտնեց իր անհամաձայնությունը՝ առանց իր մասնակցության ՌԴ-ի հետ բանակցելու ԱՄՆ-ի որոշման հետ, ինչը, բնականաբար, Թրամփի համար անընդունելի է: Այս իմաստով, որպեսզի Զելենսկու դիրքերն առավել թուլանան, եւ նա համաձայնի ցանկացած կարգավորման, որին կողմ կլինի ԱՄՆ-ն, Թրամփը դիվանագիտական միջամտության միջոցով փորձում է ազդել Զելենսկու կամքի վրա»,- բացատրում է Արա Պողոսյանը՝ հավելելով, որ այսուհետեւ ԱՄՆ-ն Ուկրաինային պատրաստ է լինելու օգնել Ուկրաինայի ընդերքի հանածոների դիմաց, այսինքն՝ ԱՄՆ-ն իրականացնելու է տնտեսական պրագմատիկ քաղաքականություն:

Այս տեսանկյունից, քաղաքագետի խոսքով, Փաշինյանի ու Զելենսկու կարգավիճակները համադրելի չեն՝ Զելենսկին տարբեր իրավիճակներում կարողանում է անհամաձայնություն հայտնել, բայցի այս, նրան աջակցում են ԵՄ հիմնական դերակատարները՝ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան: 

«Այս իմաստով, Զելենսկու դիրքերը շատ ավելի ամուր են, ի տարբերություն Փաշինյանի, որը չունի որեւէ աշխարհաքաղաքական հենարան, ուստի առաջացել է ազդեցություն գործելու այսպիսի անհրաժեշտություն, որպեսզի ԱՄՆ նախագահը Զելենսկուն անուղղակի անվանի Ուկրաինայի ոչ լեգիտիմ առաջնորդ»,- «Հրապարակ»-ին ասում է քաղաքագետը՝ նկատելով, որ, ի տարբերություն Զելենսկու, Փաշինյանը նաեւ պատրաստ է գնալ ընտրությունների եւ, որպես վաստակավոր մանիպուլյատոր, որ այս անգամ էլ է կարողանալու մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին:

«Աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ տրանսֆորմացիաների ալիքը, իսկ այս պարագայում՝ կայունացման առաջին ալիքը, անցնելու է Ուկրաինայով, ապա՝ Մերձավոր Արեւելքով, հետո միայն, կարծում եմ՝ Հարավային Կովկասով: Այդ ժամանակ, երբ ալիքը հասնի Հարավային Կովկաս, կառաջանա նոր իրողությունների ամրագրման անհրաժեշտություն, որի պարագայում անհրաժեշտ կլինի այնպիսի դերակատար, որի ստորագրությունն առնվազն կասկածի տակ չի դնի ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը: 2026թ. ընտրությունների ընթացքում արդեն որոշակիորեն կընդգծվի Հայաստանի ներքաղաքական կոնյունկտուրան: Պետք է մեկ բան արձանագրել, ի տարբերություն Զելենսկու, Փաշինյանը համաձայն է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, այսինքն՝ այդ կենտրոնները նրան պարտադրելու խնդիր չունեն, բավարար է ընդամենը ցանկանան: Այս իմաստով, նա չի խանգարում այդ կենտրոններին, ավելին, նույնիսկ չի խանգարում Հայաստանի թշնամի պետությունների, մասնավորապես, Թուրքիայի նպատակներին, որոնք նա ներմուծում է Հայաստանի ներքին քաղաքականություն՝ դրանց տալով իբրեւ թե գաղափարախոսական երանգներ, այդ «իրական Հայաստան»-ը եւ այլն, ինչը մտային խզբզանք է եւ ոչ թե հայեցակարգ»,- ասում է Արա Պողոսյանը:

Միեւնույն ժամանակ, քաղաքագետի խոսքով, միջազգային ստաբիլացման փուլը, որը ներկայում միտված է տաք հակամարտությունների հանգուցալուծմանը, հնարավորություն է ստեղծելու իրական կոմպլեմենտար՝ բալանսավորված արտաքին քաղաքականության համար: Եթե հստակ ճամբարների բաժանված աշխարհում այդ մասին խոսելը վտանգավոր էր, այժմ, երբ կա այդ հակամարտ ճամբարների հիմնական դերակատարների միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավորություն, կոմպլեմենտարությունն աշխատելու է, իսկ սա նշանակում է, որ այս ճամբարից այն ճամբարը թռչելու համար Փաշինյանն ընդամենը մինչեւ 2026 թվականը ժամանակ ունի: 
«Այն քաղաքական վարքագիծը եւ իմիջը, որը Փաշինյանը եւ իր քաղաքական թիմն ունեն, այլեւս ակտուալ չի լինելու՝ թե՛ միջազգային, թե՛ ներքին քաղաքականության իմաստով: Այդ քաղաքական թիմն այս ամբողջ ընթացքում գեներացրել է ներքաղաքական եւ արտաքին քաղաքական որոշակի խոսույթ՝ դա ընդգծված հակառուսական քաղաքականությունն է եղել, հիմա, երբ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ջերմացում է լինելու, այդ խոսույթը հիմնավորապես մերժելի է լինելու»,- եզրափակում է քաղաքագետը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image