Քաղաքականություն

Փաշինյանի ՀԿ-ական մակարդակի այցը ԱՄՆ

Փաշինյանի ՀԿ-ական մակարդակի այցը ԱՄՆ

Անցյալ շաբաթավերջին, ոչ այս, ոչ այն, հանկարծ կառավարությունից Facebook-ով տարածեցին, թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը փետրվարի սկզբին մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու Կրոնական ազատության ամենամյա միջազգային գագաթնաժողովին, որտեղ ելույթ է ունենալու։ 

Լուրն ուշագրավ էր մի քանի պատճառով, առաջինը, որ կատարյալ դատարկախոսություն էր՝ նպատակաուղղված ոչ առանձնապես իրազեկ ունկնդրի կամ ընթերցողի մոտ տպավորություն ստեղծելու, թե Փաշինյանն ԱՄՆ-ում գագաթնաժողովի է մասնակցելու, առաջնորդների է հանդիպելու։ Որպեսզի ոմանք էլ դրանից իներցիայով արտածեն, թե ԱՄՆ ղեկավարության հետ շփումներ են լինելու։ 

Այլ անձինք, ովքեր այդքան անիրազեկ ու միամիտ չեն, որ կիսագրագետ ՔՊ-ականների լարած տեղեկատվական ծուղակներում հայտնվեն, թերեւս կմտածեին, որ այցը կապ ունի հունվարին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված պատմական փաստաթղթի՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրության, դրա կիրարկման, ապագայի հարցերի զարգացումների հետ։ Սակայն հանգամանքը, որ Facebook-յան լուրում այցի մասին չէր ասվում ո՛չ «պաշտոնական», ո՛չ էլ գոնե՝ «աշխատանքային»,  նշանակում էր՝ պատկերը կարող է եւ հակառակը լինել․ ոչ մի լուրջ օրակարգ էլ գոյություն չունենա, այցը հանգի, դիցուք, Pennsylvania Avenue 1600-ի (Սպիտակ տան) մոտակայքում Փաշինյանի հեծանիվ վարելուն։

Ուրիշները, ովքեր Փաշինյանին համարում են էությամբ ու վարքով  պլեբեյ ու լակեյ, պարզ է, որ չէին հավատա, թե Սպիտակ տան կամ Պետքարտուղարության որեւէ մակարդակի ղեկավար Փաշինյանին ընդունելության կարժանացնի։ Այդտեղ մնում էր միայն դիմել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն եւ խնդրել հայտնել՝ արդյո՞ք Փաշինյանի վաշինգտոնյան այցի ընթացքում նախատեսված են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ որեւէ հանդիպումներ։ Հարցը, բնականաբար, ուղարկեցինք ԱՄՆ դեսպանատուն․ Are there any meetings with US government officials scheduled to be held during Pashinyan's visit?

Հարցն ուղարկելիս էլ պարզ էր, որ ներկա պահին պատասխան դժվար թե լինի, քանի որ Վաշինգտոնում ընդամենը օրեր առաջ էր վարչակազմ փոխվել։ Նախորդի հանդեպ հակոտնյա մոտեցումներով վարչակազմ է եկել իշխանության, եւ ԱՄՆ դեսպանատները ավանդույթով ողջ աշխարհում հանրային շփումները, խոսքը կառկախեն, մինչեւ նոր վարչակազմի քաղաքականության վերաբերյալ Վաշինգտոնից ցուցումներ ստանալը։ Արդյունքում, թերեւս, Փաշինյանն ավելի վաղ կայցելի Վաշինգտոն, քան Պետքարտուղարությունից նոր արտաքին քաղաքական հրահանգները կհասնեն դեսպանատներին, եւ հնարավոր կլինի Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից պատասխաններ ստանալ։
Վերջնահաշվում, սակայն, Փաշինյանի վաշինգտոնյան այցի մասին լուրում ամենից աչքի զարնողն ու զվարճալին այցի պատրվակն էր՝ կրոնին առնչվող միջոցառում։ Հարցը միայն այն չէ, որ ԱՄՆ-ն քրիստոնեական երկիր է, որտեղ բնակչության շուրջ 70%-ը քրիստոնեական դավանանքների հետեւորդներ են, իսկ Փաշինյանը, հակառակ աշխարհում առաջին քրիստոնեական երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուն, ողջ էությամբ հակաքրիստոնյա է։ Դիցուք, ի՜նչ աստիճանի հակաքրիստոնյա ու նաեւ տականք պետք է լինել, որ Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատ ոստիկանական պատնեշով խոչընդոտես։ Հայաստանում իշխած որեւէ մահմեդական իշխանություն, ներառյալ Օսմանյան կայսրության Բարձր Դուռը, Հայոց կաթողիկոսների, նույնիսկ Պոլսո պատրիարքների հանդեպ նման կրոնամերժ ու զազրելի վարք թույլ չեն տվել։ 

Կամ՝ Սուրբծննդյան տոնին Փաշինյանի՝ սեղանին մնացած մսի կտորտանքի վրա, տեսախցիկի առջեւ ձու կոտրել-խփշտելը, երբ նույնիսկ Հիսուսի Հայտնությունն ու Հարությունն իրարից չտարբերող մարդիկ, որ ամեն ինչին Զատիկ են ասում, նրանք անգամ գիտեն, որ քրիստոնյաներն այդ երկու տոներին ձուկ են պատրաստում եւ ճաշակում։ Միս խժռելիս էլ, ասում են, բարբաջել է՝ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։ Փաշինյանն ակնհայտորեն չգիտի, որ Սուրբծննդյան օրը ողջունում են «Քրիստոս ծնաւ եւ հայտնեցաւ։ Մեզ եւ Ձեզ մեծ ավետիս» բառերով, եւ պատասխանում են՝ «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։ Կամ՝ հուդայական Tanakh-ից  Դավիթի սաղմոսներ ընթերցելը՝ Հիսուսի Ծննդյան առթիվ լինի, թե Հարության, երբ, վստահաբար, ո՛չ Tanakh-ից ու Torah-ից ինքը հասկացողություն ունի, ո՛չ էլ՝ առհասարակ որեւէ կրոնից։  

Հետեւաբար, Փաշինյանի նման հակաքրիստոնյա, հակակրոն, աստվածամերժ, անգամ մարդկային արժեքներ չկրող մեկն ինչպե՞ս է մեկնում կրոնական գագաթնաժողովի, աղոթքի արարողության ու չգիտես էլ ինչի մասնակցելու։ Պարզվում է՝ շատ պարզ։ Այդ՝ Միջազգային կրոնական ազատության (IRF) գագաթնաժողով կոչվածը եռօրյա միջոցառում է, որին հոգեւորական, կրոնական գործիչներ չէ, որ մասնակցում են։ Գագաթնաժողովը կազմակերպել եւ դրան մասնակցում են всякого рода ՀԿ-ներ, որոնք զբաղվում են աշխարհում դավանանքի ազատություն տարածելով եւ պաշտպանելով։ Որքանով է դա իրենց հաջողվում՝ Աստված գիտի։ Փոխարենը հայտնի է, որ ով ասես կարող է գրանցվել՝ այդ ՀԿ-ական հավաքին մասնակցելու․ դատելով կայքից՝ 1500 հոգի արդեն գրանցվել է։

Միջոցառումն անցկացվելու է Վաշինգտոնի Hilton հյուրանոցում։ Երկուշաբթի՝ փետրվարի 3-ին, տարբեր հյուրերի համար ընդունելություններ են ծրագրված, այդ թվում՝ Capitol Hill-ում, քանի որ միջոցառման կազմակերպիչների թվում կան ԱՄՆ Կոնգրեսի առանձին անդամներ։ Բուն գագաթնաժողովի աշխատանքները սկսվելու են փետրվարի 4-ին, ավարտվելու են 5-ին, կենտրոնական միջոցառումը լինելու են 3 պանելային քննարկումները՝ երկու օրվա ընթացքում, որոնց բոլոր բանախոսների թվում միայն մեկ հոգեւորական կա՝ Ղպտի եկեղեցու մի եպիսկոպոս։ Այդքանը։ Մնացյալում շքերթի հրամանատարներն էլ, մասնակիցներն էլ, դիտողներն էլ համատարած ՀԿ-ներ են, առանց հոգեւորականների, առավել եւս՝ ԱՄՆ վարչակազմի որեւէ ներգրավվածության։ 

Այսինքն, Փաշինյանի համար հոգեհարազատ միջավայր է՝ ՀԿ-ների առջեւ դատարկախոսելու։ Այցն այդ դատարկախոսությամբ էլ կավարտվի՞, թե՞ այլ շփումներ էլ կլինեն, մնում է տեսնել։ Ամեն պարագայում, ԱՄՆ իշխանությունների, առավել եւս՝ վարչակազմի որեւէ ներգրավվածության բացակայությունը IRF գագաթնաժողովին ցուցիչ է, որ Փաշինյանն ինչպես ԱՄՆ իշխանությունների համար անտեսված եւ անընդունելի եղել է 2018-ից առաջ եւ հետո, նույնպիսին էլ մնում է այսօր։ Փաշինյանին այդպես էլ ոչ մի ղեկավար ո՛չ Սպիտակ տանը, ո՛չ Ներկայացուցիչների պալատում, ո՛չ Սենատում, ո՛չ Պետքարտուղարությունում երբեւէ ընդունելության, նույնիսկ հանդիպման չարժանացրեց, որքան էլ պրոռուսները թմբկահարեն, թե Փաշինյանն իր ուսապարկերով եւ 2018-ի օխլոկրատիկ իշխանազավթումով արեւմտյան project էր։ Արեւմտյան  «պրոյեկտ», որը երբեք Սպիտակ տանը չի եղել, հիմնականում Կրեմլ է գնացել ու վերադարձել․․․ Տրամաբանակա՞ն է․ հազիվ թե։ Տեսնենք, թե այս ուղեւորությունն ինչով կավարտվի։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image