Մշակույթ

Առանց հիմնավոր պատճառի, քվեարկության կարգը խախտելով՝ Կոմպոզիտորների միությունը հեռացրել է իր անդամին

Առանց հիմնավոր պատճառի, քվեարկության կարգը խախտելով՝ Կոմպոզիտորների միությունը հեռացրել է իր անդամին

Կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանին, առանց հիմնավոր պատճառաբանության, հեռացրել են Հայաստանի կոմպոզիտորների միությունից:

Այս մասին տեղեկացրել էր հենց ինքը` կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը` իր ֆեյսբուքյան էջում հանդես գալով համապատասխան գրառմամբ, ընդգծելով, որ իր անդամակցությունը Հայաստանի կոմպոզիտորների միությանը դադարեցված է։ Ընդ որում՝ հեռացման պատճառներն անհայտ են։ Իր հայտարարությունը կոմպոզիտորը վերնագրել էր այսպես. «Անարդարությունները Կոմպոզիտորների միությունում, կամ՝ Եթե մեր կարծիքին չես, ուրեմն մեզ հետ չես», որտեղ մասնավորապես գրել էր, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի կոմպոզիտորների միության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից է տեղեկացել, որ դադարեցրել են իր անդամակցությունը: Միության տեքստում առկա չէ ոչ մի բացատրություն հեռացման պատճառների մասին: Միայն հղում է արված Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության 27.08.2024 թ. արտահերթ նիստի քննարկմամբ եւ վարչության ներկա անդամների ձայների պարզ մեծամասնության քվեարկությամբ ընդունված որոշմանը, որն էլ հիմք է հանդիսացել կոմպոզիտորին միությունից հեռացնելու համար: 

«Համացանցից հեռացմանս մասին տեղեկանալուց հետո սեպտեմբերի 16-ին հարկ եմ համարել անձամբ գնալ եւ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանից տեղեկանալ կատարվածի մասին: Պարոն Սաթյանը հաստատել է հեռացմանս լուրը, որից հետո պահանջել եմ ներկայացնել հեռացմանս մասին վարչության որոշման արձանագրությունը, ինչին ի պատասխան՝ Սաթյանն ասել է, որ այս պահին չկա, բայց ինքն ինչ-որ թուղթ ստորագրել է: Բարձր գնահատելով ՀԿՄ գործունեության կարեւորությունը մեր երաժշտական կյանքում՝ չեմ կարող անտարբեր լինել եւ չբարձրաձայնել մեր ստեղծագործական կառույցում տիրող ամենաթողության եւ կառույցի հեղինակությունը վարկաբեկող աշխատաոճի մասին, որը բազմիցս բարձրաձայնել եմ նաեւ կառույցի ներսում վարչության նիստերի եւ ժողովների ժամանակ: Կոմպոզիտորների միությունից պահանջում եմ պատճառաբանված հիմնավորում եւ արդեն իսկ կազմված ու հաստատված արձանագրության հրապարակում»,-մասնավորապես նշել է Սերգեյ Ումրոյանն իր հայտարարության տեքստում: 

Արդեն մեզ հետ զրույցում Ս. Ումրոյանը նշեց, որ անգամ միության նախագահի հետ հանդիպումից հետո իր համար անհայտ է մնացել իրեն միությունից հեռացնելու պատճառը, ասում է` վարչության արձանագրության մեջ պետք է մանրամասն ֆիքսված լիներ պատճառը, թե ինչու են իրեն հեռացնում, բայց նման գրություն չի գտնվել. «Արամ Սաթյանը պատճառաբանեց, որ այդ գրությունն ինչ-որ տեղ է դրված, պետք է աշխատակիցը գա, փնտրեն, բայց եթե մարդ ես հեռացնում միությունից, ապա այդ գրությունը պետք է քո սեղանին դրված լիներ: Հեռացման պատճառներն իրենք պետք է հրապարակեն, որոնցից յուրաքանչյուրին ես կարձագանքեմ ու արդեն փաստերով կխոսեմ»:
Կոմպոզիտորն ասում է` վարչության հրավիրած նիստին նույնիսկ իրեն չեն հրավիրել, որպեսզի, եթե մեղադրանքներ կան, պարզաբանումներ ներկայացնի, խոսի: Ու սա՝ այն դեպքում, որ ինքը վարչության անդամ է, մասնակցել է հրավիրված նիստերին, եւ հաճախակի եղել են հարցեր, որոնց հետ ունեցել է անհամաձայնություններ. «Եղել է, որ չեմ կիսել իրենց մոտեցումներն ու հաճախ ինչ-որ որոշումների դեմ եմ եղել, որոնք գուցե նաեւ պատճառ են դարձել իմ հանդեպ նման վերաբերմունք ունենալուն: Իրենք ներկայացրել են, որ իբրեւ թե ես վարկաբեկում եմ միությունը, բայց իրականում իրավական գործողություններ են տեղի ունեցել, որոնք իրենցից բխող հետեւանքներով ազդել են միության գործելաոճի վրա: Այսինքն՝ ճիշտ աշխատաձեւ չունենալու պատճառով լիքը խնդիրների առաջ են իրենք կանգնել, ու այդ ամենը վերագրվում է ինձ՝ որպես մի մարդու, ով հետաքրքրվել է դրանով, փորձել է փաստաթղթերին ծանոթանալ, ճշտել եւ այլն, որը միության յուրաքանչյուր անդամի կանոնադրական իրավունքն է: Այսինքն՝ դուրս է գալիս, որ եթե ես իրենց դեմ եմ, այլեւս միության անդամ չեմ կարող լինել»: 

Միության նախագահ Արամ Սաթյանը նախ նշեց, որ զբաղված է, ժամանակ չունի խոսելու, ապա հպանցիկ անդրադարձավ, որ Ս. Ումրոյանը վարկաբեկել է Կոմպոզիտորների միությունը, թե ինչպես է վարկաբեկել` հարցազրույցների միջոցով, թե այլ կերպ, ասաց. «Դե, ինքը սխալ բաներ է արել..., հետո՝ ես չեմ հեռացրել, այլ՝ վարչությունը...»: Մեր հարցին, թե վերջին անգամ երբ է նման դեպք գրանցվել միությունում, Սաթյանը նկատեց, որ ժամանակին Ռոբերտ Ամիրխանյանն էլ Օրբելյանին է հանել միությունից..., եւ սրանով եզրափակեց խոսքը: 

Վարչության անդամ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, լսելով մեր հարցը, ասաց, որ հիմա զբաղված է եւ չի կարող պատասխանել՝ ըստ էության, հրաժարվելով մեկնաբանել վարչության որոշումը:

Վարչության մյուս անդամ՝ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը դեմ է քվեարկել Ս. Ումրոյանին միությունից հեռացնելու որոշմանը, ավելին` հայտարարել է, որ առանց տվյալ մարդու ներկայության հնչեցնել մեղադրանքներ ու հետո նստել քվեարկել հեռացնելու համար` ճիշտ չէ. «Պետք է մարդուն հնարավորություն տալ ներկա լինել վարչության նիստին, քանի որ ինքն էլ վարչության անդամ է, ընդ որում՝ այդ նիստը հրավիրվել է «արտահերթ» գրիֆով, արձակուրդային շրջանում, դրա մասին տեղեկացվել ենք 2-3 օր առաջ, ինչքանով տեղյակ եմ, Սերգեյն էլ քաղաքում չի եղել, այլապես կգար»: 

Արտահերթ նիստ հրավիրելու օրակարգում միայն այս հարցն է եղել, ինչը ձեւակերպվել է որպես միությանը վարկաբեկող քայլ: 

Տարօրինակ ձեւով է կազմակերպվել նաեւ վարչության քվեարկությունը. Ս. Ումրոյանին միությունից հեռացնելու համար կողմ է քվեարկել 6 հոգի, 6-ն էլ՝ ձեռնպահ եւ միայն 2 հոգի՝ դեմ։ «Ի դեպ, քվեարկության կարգն ասվել է ամենավերջում, այսինքն՝ ձեռնպահ քվեարկողները չեն իմացել, որ իրենց ձայները քվեարկությունից հետո դե ֆակտո չեն հաշվվելու, եւ, փաստորեն, 6 կողմ եւ 2 դեմով որոշումն ընդունվել է: Իսկ եթե ընտրության կարգը մինչեւ այդ հայտարարվեր, շատ հնարավոր է ձեռնպահ քվեարկողներից ոմանք հաշվի առնեին այդ փաստը, որ իրենց ձայնը հաշվի չի առնվելու, եւ այլ կերպ քվեարկեին: Ստացվում է` ներկա 14 հոգուց 8-ը կողմ չի քվեարկել հեռացնելու փաստին»,- ասում է Հովհաննիսյանն ու նկատում, որ հրավիրված վարչության նիստն ուղղակի թատերականացված մի քայլ էր: 

Արամ Հովհաննիսյանն այնքան էլ համաձայն չէ միության նախագահի այն մտքի հետ, որ վարչությունն է հեռացրել, քանի որ ցանկացած հարց օրակարգ է բերվում նախագահի կողմից: Նիստի բացակա արձանագրության մասով Հովհաննիսյանը նկատում է, որ ցանկացած լուրջ կազմակերպություն արձանագրություններով է աշխատում, եւ այս տարրական փաստաթղթային ընթացակարգը պետք է պահվի: Ապա հույս է հայտնում, որ Կոմպոզիտորների միությունը պահում է այդ ընթացակարգը եւ կներկայացնի այն արձանագրությունը, ըստ որի՝ հեռացրել են Ս. Ումրոյանին։
«Թե՛ իմ, թե՛ Ռուբեն Անտոնյանի կողմից, որը նույնպես այդ որոշմանը դեմ է քվեարկել, բազմիցս հնչեց այն միտքը, որ սա շատ անհեռատես քայլ է: Ասացինք, որ դուք այս ամենը վերածել եք դատարանի, ինքներդ էլ դարձել եք դատարան, այնինչ պետք էր հրավիրել մարդուն, թող ներկայացներ հակընդդեմ փաստարկներ, իսկ մենք ճիշտ ու սխալի կամ դատավորի կարգավիճակ ստանձնելու իրավունք չունենք»,- եզրափակեց վարչության անդամը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image