Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե Հայաստանի նման անվտանգ երկիր չկա, հարեւանների հետ ընտիր հարաբերությունններ ունենք, ոչ մի սպառնալիք, ոչ մի տագնապ, մեր միջազգային հեղինակությունն աննախադեպ բարձր է, ու անգամ երբ տարածաշրջանում երրորդ համաշխարհայինի վտանգ կա, մեզ մոտ արշալույսները խաղաղ են: Նա ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանի վրայով ոչ մի բալիստիկ հրթիռ «չի թռնում». «Ընդհակառակը՝ Հայաստանի վրայով թռնում են օդանավեր այն քանակությամբ, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն թռել»: Մի խոսքով՝ ըստ Փաշինյանի, մենք երբեք այսքան պատրաստ չենք եղել տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին, ինչքան այսօր: Բայց բնակչության մոտ օրեցօր ավելանում են խուճապային տրամադրությունները եւ զգացողությունը: Մարդիկ սոցցանցերում իրար են ուղարկում ԱԱԾ-ի տեղեկատվական տեսանյութն այն մասին, թե ինչ պետք է անել օդային տագնապ ազդանշանի դեպքում, ինչ իրեր վերցնել ապաստարան գնալիս: Բայց հենց սկսում են մտածել այդ մասին, պարզում են, որ շատերը ապաստարաններ չունեն, հատկապես՝ Երեւանում, եւ բազմաբնակարան շենքերի նկուղները լավագույն դեպքում չուլանների են վերածվել, իսկ վատագույն դեպքում` կոյուղու:
Շենգավիթ համայնքի Արարատյան 64, 66 բազմաբնակարան շենքի նկուղի դռնից այն կողմ անցնել հնարավոր չէ: Կոյուղաջրերը լցված են նկուղ, որը տարիների ընթացքում միջատների գարշահոտ թագավորության է վերածվել: Նույն իրավիճակն Օհանով 66, 68 շենքերի նկուղներում է` Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Այստեղ կոյուղաջրերի հեռացման համակարգը չի գործում, եւ կոյուղատար խողովակներից գարշահոտ հեղուկը լցվում է նկուղ: Սրանք հարյուրավոր հասցեներից մի քանիսն են: Կոյուղաջրերի խնդիրը համատարած է բոլոր թաղամասերում: Կենտրոնի հին շենքերի նկուղներն աղտոտված են: «Վեոլիա ջուր» ընկերության բանվորները լավագույն դեպքում կոյուղին բացում են մետաղյա լարերով՝ կարճ ժամանակով ապահովելով ջրի արտահոսքը, բայց մի քանի օրից կրկին նույն վիճակն է:
Ի՞նչ ապաստարանի մասին է խոսքը այս պայմաններում: Երեւանի քաղաքապետարանի Զորահավաքային հարցերի եւ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Արկադի Թեմուրյանը վկայակոչում է «Բազմաբնակարան շենքերի մասին» օրենքը, որով շենքի նկուղն ու տանիքը պետք է վերանորոգի համատիրությունը, որն ընտրել են բնակիչները ու որին վճարում են: Բայց արդյո՞ք կարելի է քաղպաշտպանության հարցերը վստահել համատիրություն կոչվող մի անլուրջ, ֆիկտիվ մարմնի, որին Երեւանի գրեթե բոլոր վարչականներում վաղուց ոչ ոք չի ընտրում, որը վերարտադրվում է միայն թղթի վրա գոյություն ունեցող ընտրությունների միջոցով, ու որին ոչ մի խախտման համար պատասխանատվության կանչել կամ տուգանել հնարավոր չէ, որն անգամ կոյուղաջրերի հեռացումը չի կարողանում ապահովել: Մեր հարցին Թեմուրյանը պատասխանեց՝ օրինակ բերելով սեփական բակը. «Ես բնակվում եմ Սարյանում, համատիրությունը վատ էր աշխատում, մենք՝ բնակիչներով, ժողով արեցինք, համատիրությունից դուրս եկանք, ընտրեցինք լիազոր կառավարիչ, որը սրտացավ է բնակիչների համար, մարդը պարտաճանաչ է, գումարները ճիշտ ծախսում է: Քաղաքապետարանը փորձել է իր ուժերով հնարավորինս մաքրել նկուղները, օրինակ՝ Դավթաշենում, բայց անցել է 2-3 ամիս, նորից նույն աղբն այնտեղ տեղավորել են կամ էլ տեսել են՝ մաքուր տարածք է, բնակիչները զավթել են եւ մեր հորդորներին պատասխանել են՝ իմ տարածքն է, իմ նկուղը»:
23 տարվա զինվորական Թեմուրյանը լավ պատկերացնում է ռազմապաստարանների խնդիրը, թե ինչ վտանգի առաջ են բնակիչները, բայց ոչնչով օգնել չի կարող, քանի որ քաղաքապետարանը կարող է իրազեկել բնակչին, ամեն ինչ անել, որ մարդիկ կազմակերպվեն, մաքրեն իրենց նկուղները, բայց չի կարող գնալ ու մաքրել շենքերի նկուղները կոյուղաջրերից կամ փոխել խողովակները: Քաղաքապետարանն անգամ հստակ վիճակագրություն չունի, թե Երեւանում քանի բազմաբնակարան շենք ունի ապաստարան, իսկ քանիսն են անպաշտպան` պատերազմի աղետի առաջ, քանի որ մաքրված, պատրաստի նկուղները նորից գրավվում են բնակիչների կողմից, որոնք չօգտագործվող հեռուստացույցը, սառնարաններն իջեցնում են այնտեղ, մի խոսքով, վերածում են չուլանի: «Կարող եմ ասել, որ քաղաքապետի հանձնարարականներով՝ դպրոցների, մանկապարտեզների, մեր ենթակայության հաստատությունների նկուղները 95 տոկոսով մաքրված են եւ պատրաստված են օգտագործման, բայց բազմաբնակարան շենքերի դեպքում մենք ո՛չ լծակներ ունենք, ո՛չ էլ կարողանում ենք ներդրումներ անել»,- ասում է Արկադի Թեմուրյանը:
Հիշեցնենք, որ 20 թ. պատերազմից հետո ԱԻ նախարարությունը մեծ-մեծ խոստումներ էր տալիս, թե հանրապետության ամբողջ տարածքում պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում, որ պարբերաբար անցկացնում են շենքերի, մասնավոր տների եւ նկուղների ուսումնասիրություն, նկարում են, վերացնում թերությունները: Փաստորեն, այս աշխատանքն էլ ավարտին չհասցվեց, եւ կրկին ունենք այն, ինչ ունենք՝ կյանքի համար վտանգավոր իրավիճակում բնակիչները մնալու են անպաշտպան, բաց երկնքի տակ:
«Երեւանում բազմահարկ շենքերի նկուղները վաղուց դարձել են գրասենյակների օֆիսներ, իսկ մարզերում ռմբապաստարաններն անմաքուր, առանց կահավորման վիճակում են։ Ռմբապաստարանների թիվը շատ քիչ է, խիստ անհամապատասխան բնակչության թվին։ Հայաստանի բնակավայրերում պարբերաբար տագնապի շչակներ եք գործարկում, երբ իրական օդային տագնապ եւ ռմբակոծություն լինի, բնակիչները որտե՞ղ են թաքնվելու»,- Ֆեյսբուքում հռետորական հարց է բարձրացնում լրագրող Ոսկան Սարգսյանը:
Այնուամենայնիվ, ո՞ւր գնա Երեւանի բազմաբնակարան շենքի բնակիչը, լսելով տագնապի ազդանշանը, եթե շենքի տակ ապաստարան չունի: Փրկարար ծառայության գեներալ-մայոր, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը մեր հարցին գլոբալ պատասխան չի կարող տալ, բայց նշում է. «Ձեր ասածը պարզագույն ապաստարաններ են, որոնցից օգտվելու կարգն ու տեղերը փակցված են ամենուր, այլ խնդիր է, թե այդ տեղը հարմարեցվա՞ծ է արդյոք: Հիմնականում նշված են նկուղներն ու առաջին հարկերը։ Բայց այսօր զենքերն ու հրթիռները փոխվել են, ու հարց է` դու ինչից ես պատրաստվում պատսպարվել: Զենքերի փոփոխման հետ կապված՝ պատսպարման քաղաքականությունը փոխվում է, եւ նույնիսկ լավ պատսպարման դեպքում կարող է լինել հրթիռի հարված: Բայց այստեղ մի կարեւոր հարց կա. որ պետությունը կարողանա հաղորդակցվել իր քաղաքացու հետ, եւ քաղաքացին վստահի ու հավատա պետության խոսքին՝ որ աջ գնացեք, ձախ գնացեք, էս դեպքում սա պետք է անեք, ու այդ վստահությունն ընդհանուր համերաշխության մթնոլորտ է ստեղծում: Բայց կառավարման մարմինները, որոնք պետք է ստեղծեն ճիշտ տեղեկատվության, բնակչության հետ համերաշխության մթնոլորտ, լարում են իրավիճակը: Ցունամին գլխներիս կախված՝ խոսում ենք երրորդական խնդիրների մասին, որոնք կապ չունեն այսօրվա ռիսկերի հետ: Իսկ այսօր պատերազմի դաշտ դառնալու, փախստականների մեծ հոսքի ռիսկեր կան, բայց համատարած անտարբերություն է տիրում»: