Քաղաքականություն

Մոսկվան ձևացնում է, թե չի հասկանում 

Մոսկվան ձևացնում է, թե չի հասկանում 

«Պուտին, մարդասպան» պաստառներով ու հակառուսական արշավով են  «ինքնիշխանականներն» այսօր սպասել ՌԴ ԱԳ նախարար Լավրովին։ Հայաստանի ԵՄ անդամակցության օրակարգի քարոզիչները ոչ առանց իշխանությունների խրախուսման փորձում են Մոսկվային ցույց տալ հանրային տրամադրություններում առկա հակառուսականության բարձր մակարդակը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լավրովի այցից առաջ կազմակերպված երեւանյան ակցիաներին: Զախարովան ակնարկել է, որ այս ամենում ամերիկյան հետք է տեսնում: «Գիտե՞ք՝ Երևանում ԱՄՆ դեսպանատանը քանի մարդ է աշխատում... 2 000 հոգի: Հավանաբար, նրանցից ոմանք դեռ չեն հասկացել՝ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությունների խթանմամբ, և պետք չէ զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների վատացմամբ: Իսկ գուցե Հայաստանում ոմանց մոտ դեռ չեն վերջացել USAID-ի փոխանցած գումարները», - ասել է նա: Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն ՀՀ-ի հետ աշխատելու մեծ և ընդգրկուն օրակարգ ունի և դա, նրա պնդմամբ, շատերին դուր չի գալիս:

Ըստ արդեն հրապարակված պաշտոնական տեղեկությունների, Լավրովը Երևանում կքննարկի Հարավային Կովկասի անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  հեռանկարներին։ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը նա երևանյան երկօրյա այցից հետո կքննարկի նաև իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ`  նրա` մայիսի 25-27-ը Մոսկվա կատարելիք այցի ընթացքում։ Արդյունքի մասին, թերևս առաջիկա զարգացումները ցույց կտան։
Իսկ մինչ այդ Մոսկվան, ինչպես մեզ հետ զրույցում նկատում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, հանգիստ է վերաբերվում հակառուսական ակցիաներին, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ Հայաստանում կան իշխանության հետ աֆիլացված շրջանակներ, որոնք շահագրգռված չեն հայ-ռուսական հարաբերություններով։ Նրա խոսքով, մինչև Փաշինյանի քաղաքական կուրսի փոփոխությունը, հայ-ռուսական հարաբերությունները հասկանալի ու տրամաբանական են եղել։ Ռուսաստանը ունեցել է կայուն պատկերացում, թե ինչպիսին պետք է լինեն հայ-ռուսական հարաբերությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի ջանքերով փոփոխվում են։
«Մոսկվան ուզում է հասկանալ Երևանի զարգացման հետագա հեռանկարը։ Փաշինյանը որդեգրել է ԵՄ անդամակցության ճանապարհը, որը հակասում է Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը։ Բացի այդ, Հայաստանում կա ռուսական ռազմաբազա և այդ կոնտեքստում այն ևս մնալ չի կարող։ Լավրովին հետաքրքիր է իմանալ, թե որքանով է այդ քաղաքականությունը լուրջ։ Լավրովին հետաքրքիր է, թե հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարցերում Հայաստանը ի՞նչ նպատակ է հետապնդում և ի՞նչ խնդիրներ է դնում», «Հրապարակ»-ին ասում է Բոզոյանը։

Քաղաքագետը նկատում է` Ռուսաստանը փորձում է հասկանալ Երևանի զարգացման հետագա հեռանկարը։ Թեև իր քաղաքականությունն իրականացնելիս կարևորում է  անձի գործոնը, բայց դեռևս չի ուզում կտրուկ քայլերի դիմել, որովհետեւ հասկանում է, որ Հայաստանում կարող է իշխանության գալ այլ անձ, մինչդեռ այն փոփոխությունները,  որոնք կարող է անել Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում, կարող են անդառնալի լինել։ Սա է պատճառը, որ Մոսկվան դեռ զգուշավոր քայլերով է փորձում Երևանին հասկացնել, որ եթե Հայաստանը հեռանա Ռուսաստանից, խնդիրներ կունենա։

«Ռուսաստանը չի գնում կտրուկ քայլերի, որից առաջին հերթին Հայաստանն ու հայ ժողովուրդն են տուժելու, բայց տուժելու է նաև Ռուսաստանը, որը շահեր ունի այս տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է այդ հակառուսական շրջանակներին, բոլորը գիտեն, որ նրանք կապված են Հայաստանի իշխանությունների հետ, բայց եթե Մոսկվան հիմա հրապարակավ արձանագրի դա, տրամաբանական հարց կառաջանա, թե ինչու Ռուսաստանը կտրուկ քայլերի չի գնում։ Քանի որ Մոսկվան չի ուզում այդ քայլերին դիմել, ըստ էության, ձևացնում է, թե տարանջատում է այդ հակառուսական շրջանակներին և գործող իշխանություններին, որպեսզի ինքն էլ կարողանա մանևրել ու կտրուկ քայլեր չանել Փաշինյանի իշխանության նկատմամբ, որովհետեւ այդ քայլերը նաև Հայաստանի դեմ են լինելու»-ասում է նա։

ՀԳ. Զավեշտալի իրավիճակ ստեղծվեց այսօր օրվա ընթացքում, երբ հակառուսական եւ եվրոպամետ ներկայացող ուժերը, որոնց դիրիժորը Արման Բաբաջանյանն է, ակցիա արեցին` կարծելով, թե դիմավորում են ռուսական պատվիակությունը` Լավրովի գլխավորությամբ, սակայն պարզվեց, որ ժամանողը իրանական պատվիրակություն է` Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ևս մայիսի 20-ին Երևան է ժամանել` Լավրովից ժամեր առաջ։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image