2022 թվականին Վերին Շորժայի դիրքերում զոհված Սերյոժա Ղազարյանի հայրը` Սերժիկ Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմում է, որ իր որդին մահացել է 2022-ի սեպտեմբերի 13-ին, սակայն մարմինը հայտնաբերվել է նոյեմբերին: Նրա խոսքով` անգամ որդու մարմինը գտնելուց հետո էլ իր տեղը չի գտնում, երբեմն մասնակցում է Կառավարության դիմաց ակցիա իրականացնող ծնողների գործողություններին։
«Չեմ ուզում էլի նույնը կրկնվի, չեմ ուզում որեւէ ծնող զգա էն, ինչ մենք ենք զգում, մասնակցում եմ այդ ակցիաներին, բայց ոչ մեկին չեմ հավատում: Մի տղա չկա սրանց մեջ, որին հավատամ: Շինծու պահվածք, շոու: Եթե մարդիկ պաշտոն են ստացել, չի նշանակում, որ իրենց վստահված գործը նորմալ կատարում են: Մի նկար լինի` դեմը չոքեն ու ծաղիկներից հոտ քաշեն, էդ ա լավ ստացվում սրանց մոտ: Ոչ մի անգամ Սուրեն Պապիկյանին չտեսա»,- նշում է զոհվածի հայրը:
Սերժիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասում է, որ բարկությունն ու անարդարության զգացումը իր ներսում չի պարպվում, միակ ելքը` իրավիճակը հաղթահարելու ինքը տեսնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մեջ.
«Ես առաջին օրվանից պայքարում եմ այս անարդարությունների դեմ, կապ չունի իմ երեխան է, թե մեկ ուրիշի, բոլորն էլ ազգիս համար են գնացել կռիվ: Համբերությանս բաժակն արդեն լցվել է: Քննիչները մեկը մյուսի վրա էին գցում, ոչ մեկը պատասխանատվություն չի կրում, այն դեպքում, երբ իմ տղան զոհվել է: 50 օր մարմինը չէինք գտնում: Ո՞նց եղավ, որ մի մասը գերի ընկան, մի մասը զոհվեցին` անհասկանալի է ամեն ինչ: Մինչ օրս ես ոչ մի հարցի պատասխան չեմ ստացել, դիմելու եմ ՄԻԵԴ, ուրիշ տարբերակ չկա: Հրամանատարական կազմը պատասխան տալու փոխարեն, ավելի բարձր պաշտոնների է արժանացել: Վերին Շորժան մեր սուվերեն տարածքն է, իմ տղան զոհվել է իմ սուվերեն տարածքում: Ի՞նչ է նշանակում, երբ իմ սուվերեն տարածքում սպանում են իմ որդուն: Դա նույնն է, որ իմ որդուն իմ «հայաթում», իմ փողոցում գան սպանեն ու անպատժ մնան: Եթե Ալիևն այսօր պահանջում է, որ մեր հերոսներին հանձնեն իրեն, ես էլ պահանջում եմ, որ պատասխանատվության ենթարկել Ալիևին, որովհետև նա սպանել է իմ որդուն: Ցավոք, ես չգիտեմ ծնողների, ովքեր դիմել են ՄԻԵԴ: Իմ տեղեկություններով, ոչ մեկը չի դիմել, բայց ես այժմ պատրաստվում եմ այդ գործընթացը կազմակերպել: Բոլորի հետ էլ կապի մեջ եմ: Ես ամեն ինչ անելու եմ, որ Ադրբեջանը պատասխան տա», - ասում է զոհվածի հայրը:
Բայց իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրաժարվում են միջազգային հայցերից, ի՞նչ եք կարծում, առանձին` անհատական հայցերը կտա՞ն որեւէ արդյունք. «Ադրբեջանն իմ դարավոր թշնամին է: Մի գիժ ծովը քար է գցում, հազար խելոք չի կարողանում հանել այն: Սա դեբիլ է, ղեկավար չէ: Ես ոչ մի խաղաղության չեմ հավատում: 44-օրյա պատերազմը, քառօրյա պատերազմը մենք չենք մոռացել: Իշխանությունները Եռաբլուրը քառաբլուր են դարձրել, էս ի՞նչ են անում: Ո՞վ է սրանց իրավունք տվել ինչ-որ բան անել` մեր բոլորի փոխարեն: Ես քիչ առաջ Ճամբարակ էի գնացել, որդուս այնտեղից էին տարել դիրքեր, այն դեպքում, երբ նա ունեցել է առողջական խնդիրներ, դա էլ հաշվի չեն առել ու դիրքեր են բարձրացրել: Տղաս 40 օր տարրական պայմաններից զրկված է եղել: Էլ ինժեներական աշխատանք, տասը ժամ չարչարվում, խրամատ է քանդում, ուշ գիշերով էլ տանում են դիրք պահելու, պատկերացնո՞ւմ եք մեր երեխեքին ինչ վիճակի են հասցրել: Մեր իշխանությունները միջազգային հայցերից հրաժարվելու փոխարեն, պետք է նոր հայցեր նախաձեռնեին: Ես շատ կուզեմ, որ ծնողները այս հարցում համախմբվեն, բոլորս դիմենք ՄԻԵԴ: Էլ ոչ մեկին չենք հավատում, ստորաբար նայում են մեր աչքերին ու խաբում են: Մեր տղերքին խաղաղ պայմաններում տարան, մատաղ արեցին: Սա հանցանք է, որի համար պետք է պատասխան տան բոլորը: Եթե դիրքերը պետք է հանձնեին, ինչի՞ համար էին մեր երեխեքին տանում, սպանում», - եզրափակեց զոհվածի հայրը: