Հասարակություն

«Ծեծելու են՝ դուրս գցեն տներից»․ սեփականատերերը չեն հանձնվում

«Ծեծելու են՝ դուրս գցեն տներից»․ սեփականատերերը չեն հանձնվում

«Սա ուրիշի մասնավոր տարածք է, դուրս եկեք, այս տարածքի համար մենք երեք ընկերներով դատվել ենք, որեւէ մեկը չի կարող խլել»,- «Հրապարակ»-ին ասում է Արամի 27/1 հասցեի տարածքի աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ։ Սա այն հասցեն է, որն Արամի 29/4-ի հետ միասին նոյեմբերի 21-ին կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց։ Այս հասցեները մտնում են «Հին Երեւան» պատմաճարտարապետական նախագծի մեջ՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված այն տարածքների հետ, որոնց նկատմամբ կառավարությունը տասնյակ տարիներ առաջ է հանրային գերակա շահ ճանաչել եւ հանձնել կառուցապատողներին:

Այս երկու հասցեները, չգիտես ինչու, դուրս են մնացել այն ժամանակվա որոշումներից, եւ նրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցում չի եղել, այդ պատճառով հանրային գերակա շահ նախկինում չեն ճանաչել։ 
«Սա սեփական տարածք է, պատկանում է Գագիկ եւ Խաչատուր Մաթեւոսյաններին։ Այս տարածքը 2000-ից են մտցրել գերակա շահի տակ, հետո հանեցին, նորից մտցրին, այնպես որ, մեզ համար արդեն սովորական բան է։ Մի սեփականատիրոջից ուզում են վերցնել, մյուսին տալ, իրենք էլ մեջը փող աշխատեն։ Այս պահին դատական պրոցես է գնում։ Նախկին ղեկավարներից Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ այս տարածքին չի կպել»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Նա կարծում է, որ ոչ մի «Հին Երեւան» էլ չեն սարքելու, հերթական բիզնես կենտրոնն է լինելու։ «Նայեք իրենց սարքած Հին Երեւանի սկիզբը՝ բիզնես կենտրոն է, դրա շարունակությունն է լինելու»,- ընդգծեց նա։ Իսկ «Հին Երեւան» չարչրկված նախագիծը, բազմիցս է ասվել, իրականում չի համապատասխանում իր անվանը։ Մենք շրջեցինք նախագծի արդեն ավարտված հատվածում` հասկանալու, թե ինչպես է վերականգնվում ճարտարապետական հուշարձանը։ Հայկական մշակույթի եւ ճարտարապետության հետ աղերս չունեցող մի հսկա շենք է կառուցվել՝ ժամանակակից լուծումներով, ապակեպատ։ Ներսում ընդամենը փայտե աստիճաններ են՝ անճաշակ։ 

Մինչդեռ տարիներ առաջ ասվում էր, որ այս ծրագրի իմաստը Երեւանի կենտրոնում հին թամանյանական քաղաք ստեղծելն է, որը նաեւ զբոսաշրջիկներին կգրավի։ Երբ 2000-ականներին քանդում էին Աբովյան, Արամի փողոցի հին շինությունները, դրա դեմ պայքարող երեւանցիներին հավատացնում էին, որ այդ շենքերը չեն ոչնչացվելու, քարերը համարակալվելու են՝ տեղափոխվեն Աբովյան-Կողբացի փողոցների միջնամաս, եւ այստեղ վերականգնվելու է հին Երեւանի կոլորիտը։ Սակայն անցել է 17 տարի, «Հին Երեւան» պրոյեկտը չի իրականացվել։ Իսկ այն, ինչ արդեն կառուցված է, շատ հեռու է թամանյանական Երեւանից։

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատեց․ «Ֆիրդուսի թաղամասը երբ կառավարությունը ճանաչեց գերակա շահ եւ իրեն ենթակա ոչ բարով փորձագիտական կենտրոնին ուղարկեց գնահատելու, մարդկանց գույքը գնահատվեց շուկայականից 4 անգամ ցածր արժեքով, դրան գումարած՝ հողի մեկ քառակուսի մետրը փոքր կենտրոնում շուրջ 650 հազար դրամ է գնահատվում։ Բոլորս էլ լավ գիտենք, որ կենտրոնում չկա նման գին։ Նույն ձեռագիրը տեսնում ենք այստեղ։ Նախ եկեք հասկանանք, թե ինչպես էին նախկինում այդ հասցեները դուրս մնացել «Հին Երեւան» նախագծից, հիմա բերեցին ու ներառեցին։ Այն իշխանությունը, որը թմբկահարում էր, թե Հյուսիսային պողոտան կառուցելիս քաղաքացիներին ծեծել՝ դուրս են գցել իրենց տներից, նույն ոճով իրենք են անում։ Ֆիրդուսում պիտի լինեին 5 հարկանի շենքեր, բայց կառուցվում են 14-15 հարկանիներ, այս ճակատագիրն է սպասվում նաեւ «Հին Երեւան» կոչված նախագծի դեպքում։ Քաղաքացիների համար պիտի պարզ լինի՝ իշխանությունն ինչ է ուզում անել։ Ես առավել քան վստահ եմ, որ ծեծելու են՝ դուրս գցեն տներից»։

Կառավարության որոշման մեջ ասվում է, որ գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքներում առկա է եղել մոտ 151 գույք: Որոշման կայացման պահին առկա է եղել արդեն 49 միավոր գույք («Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից ՀՀ կառավարության 27.12.2018 թ. N 1528-Ն որոշման հիման վրա կազմվել է 49 գույքի նկարագրության արձանագրություն): Տարածքում առկա է եղել եւս 2 գույքային միավոր, որոնց նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարված չէր: 

«Ի Էմ Սի» ՓԲԸ-ն իր 14.09.2023թ. գրությամբ հայտնել է, որ Որոշման կատարման շրջանակներում օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետի լրացման դրությամբ օտարման առաջարկները ներկայացվել են որոշմամբ թվարկված բոլոր հասցեների սեփականատերերին: Նրանց մի մասի հետ կնքվել են օտարման պայմանագրեր, մնացած մասով փոխհատուցման գումարները դրվել են դեպոզիտ, եւ հարուցվել են դատական կարգով օտարման հայցեր, սակայն պարզվել է, որ հանրության  գերակա շահ ճանաչված տարածքի սխեմայում ընդգրկված է նաեւ Արամի 27/1 հասցեով 01-006-0529-0125 հողի ծածկագրով 2014-ից գրանցված առանձին գույքային միավոր, որը ներառված չի եղել որոշման հավելվածով նշված հասցեների ցանկում, եւ այդ պատճառով օտարման գործընթաց չի իրականացվել: Բացի այդ, որոշման ընդունումից հետո ինքնակամի օրինականացման գործընթացի արդյունքում կադաստրային գրանցում է ստացել Արամի 29/4 հասցեով գույքը 2023 թ., որի գծով եւս օտարման գործընթաց չի իրականացվել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image