Լուսանկարում՝ Թադեւոս առաքյալին վերագրվող դիմանկարներից մեկը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Վեհափառ հայրապետի մասին Նիկոլ Փաշինյանի գրառմանն արդեն անդրադարձել ենք՝ որ առերեւույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 204-րդ՝ «Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը» հոդվածով նախատեսված հանցագործություն է եւ ենթադրում է քրեական վարույթի հարուցում։ Այժմ՝ Աննա Հակոբյանի արարքի մասին, որն ակնհայտ առերեւույթ հանցագործություն է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 473-րդ՝ «Հանցագործության մասին չհայտնելը», եւ 476-րդ՝ «Սուտ մատնությունը» հոդվածներով։
Աննա Հակոբյանը 30.05.2025-ին սոցցանցում գրել է․ «Երկրի գլխավոր մանկապիղծները «չուլան» բառից դիվահարվել են։ Դե, իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին․․․»։ Այս գրառումից ուղիղ բխում է, որ եկեղեցականները կատարում են ծանր հանցագործություններ՝ նկարագրված ՀՀ Քրօր․ 198-րդ՝ «Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները», կամ 199-րդ՝ «Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը», կամ 200-րդ՝ «Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ» հոդվածներում։ Եվ որոնց համար տարիների ազատազրկում է նախատեսվում։
Հետեւաբար, եթե Աննա Հակոբյանը հրապարակավ հաստատապես հայտարարում է, թե ինքը տեղյակ է վերոթվարկյալ հանցագործությունների փաստերին, այն էլ՝ ներկա ժամանակում կատարվող՝ գործողության փուլում, նախապատրաստության, թե հանցափորձի, եւ իրեն հայտնի հանցագործությունների մասին հականե-հանվանե չի հայտնում իրավապահ մարմիններին, ապա դա ակնհայտորեն ՀՀ ՔՕ 473-րդ՝ «Հանցագործության մասին չհայտնելը» հոդվածով նախատեսված հանցագործություն է, որի համար անհապաղ Աննա Հակոբյանի դեմ քրեական վարույթ պետք է հարուցվի։ Անձը հրապարակավ հայտարարում է իրեն հայտնի ծանր հանցագործությունների մասին, որ իբր թե Հայաստանում կատարվում են, եւ մեկը նրան չի՞ հրավիրում իրավապահ համակարգ՝ տեղեկություն կամ ցուցմունք տալու, որ միջոցներ ձեռնարկվեն, հանցագործությունը կանխվի։
Թույլ տվեք հարցնել՝ այս երկրում գոյություն ունի՞ իրավապահ համակարգ, թե՞ ոչ։ ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակը երկնագույն երանգների մեջ լողարանի ճեմասրահի վերածած չկայացած դիզայները, որն ինչ-որ դիպվածով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոն է զբաղեցնում, ո՞ւր է նայում։ Թե՞ իրավապահ համակարգում համարում են, որ Աննա Հակոբյանն էլ Փաշինյանի նման մտավոր ու հոգեւոր խանգարված վիճակում է, իր հալյուցինացիաներն է բարձրաձայնում, գուցե՝ սեփական կյանքի դրվագներ են հիշում, եւ այդ գրառումը զառանցանք է, որին պետք չէ լուրջ վերաբերվել։
Լուրջ, թե անլուրջ՝ հանցագործությունների մասին Աննա Հակոբյանի կատարած հրապարակային գրառումը տարածվել է նաեւ ԶԼՄ-ներով, ուստի փաստացի հանցագործության մասին հաղորդում է, որի համար պետք է քրեական վարույթ նախաձեռնվի, նրան պետք է իրավապահ մարմիններ հրավիրեն։ Իսկ եթե քրեական վարույթի ընթացքում պարզվի, որ Աննա Հակոբյանը մանկապղծությանն առնչվող ոչ մի հանցագործության վերաբերյալ տեղեկության, փաստի չի տիրապետում (չի էլ կարող, քանի որ նման հանցագործություններ Հայաստանյայց առաքելական եկեղեցում չեն եղել, ոչ մի նման գործ իրավապահ մարմինները երբեւէ չեն քննել), ապա կնշանակի, որ գործ ունենք Աննա Հակոբյանի կողմից կատարվող հանցագործության՝ սուտ մատնության հետ։ Իսկ ՀՀ ՔՕ 476-րդ՝ «Սուտ մատնությունը» հոդվածը նախատեսում է․ «Սուտ մատնությունը` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը, (...) որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, պատժվում է (...) ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով»:
Philip de Bel-ի ճակատագիրը՝ որպես նախազգուշացում
Չգիտեմ՝ Աննա Հակոբյանի հանդեպ որեւէ համակրանք տածող քանի անձ կգտնվի այս երկրում, բայց ատողները հազարներ են, եւ նրանցից մի քանիսի նախաձեռնությունը բավարար կլինի, որպեսզի Հակոբյանը իր՝ 30.05.2025-ի գրառման համար, եթե այսօր իրավապահ մարմիններ չհրավիրվի էլ, ապա հաջորդ իշխանության օրոք քրեական հետապնդման ենթարկվի։ Հետեւաբար, եթե Աննա Հակոբյանի գիտակցությունը դեռ լիովին մթագնած չէ, ապա ճիշտ կվարվի, որ ներողություն խնդրի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուց, նրա սպասավորներից, հայ ժողովրդից եւ իր գրառումը ջնջի։
Իսկ առհասարակ՝ 30.05.2025-ի գրառումից ակնհայտ է, որ Աննա Հակոբյանը կապկում է Նիկոլ Փաշինյանին եւ կրկնում Հայաստանի ու հայության վրա ստվեր նետելու Փաշինյանի մոլագար վարքը։ Եվ հասել էր այնտեղ, որ 44-օրյա պատերազմից հետո անամոթաբար հայտարարում էր, թե պատերազմի ընթացքում 11-12 հազար դասալիք է եղել։ «Հրապարակի» խմբագրությունը հարցում էր արել դատախազություն՝ պարզելու, թե քանի անձ է դատապարտվել 44-օրյա պատերազմում դասալքության մեղադրանքով։ Պատասխանել էին՝ 11-12 հոգի․․․ Ընդամենը։
Մեկ այլ դրվագ էլ Փաշինյանի հակահայ ստախոսություններից ինքս եմ պատահաբար լսել. կառավարության նիստի ժամանակ նա մոտավորապես ասում էր, թե պետք է մեր դպրոցահասակ երեխաները թեստ անցնեն՝ թմրանյութերի հետ առնչությունը պարզելու համար։ Դա ասվում է մի երկրում, որտեղ ընդամենը 1-2 տասնյակ դեպք է արձանագրված դպրոցահասակ երեխայի կողմից թմրանյութ օգտագործելու՝ 8, թե 18 դեպք մի երկրում, որտեղ 400-450 հազար դպրոցահասակ երեխա կա․․․
Պարզ է, չէ՞, որ զինվորին ու երեխային անգամ չխնայող, իր հրեշավոր ստերով նրանց սեւացնող ու չարախոսող արարածը պետք է կա՛մ վերջացած սրիկա լինի, կա՛մ անմեղսունակ։ Նման արարածն իր հիվանդ երեւակայությամբ եկեղեցում չուլան տեսնելուց պիտի ընկրկի՞, թե՞ նրան կապկող-կրկնողը՝ եկեղեցականներին վատաբանելուց։ Ուղղակի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հասցեին իրենց լպիրշ արտահայտություններով, ստահոդ վերագրումներով Փաշինյանն ու Հակոբյանն արդեն ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի, այլեւ Աստծո եւ քրիստոնեության դեմ են սրբապղծություն ու ոտնձգություն կատարում։ Իսկ նման վարքը մարդկանցից առավել Աստված է պատժում, հաճախ՝ այնքան դաժան, որ դարերով չի մոռացվում։
Իրենց կրթությամբ ու մտավոր մակարդակով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, հնարավոր է լսած չլինեն Philip de Bel-ի (Ֆիլիպ Գեղեցիկ) կամ Templar Knights Order-ի (Տաճարական ասպետների ուխտ) մասին, սակայն, ինչպես օրենքների չիմացությունը չի ազատում դրանց խախտման համար պատասխանատվությունից, այնպես էլ պատմության չիմացությունը չի պաշտպանում պատմության կրկնության զոհ դառնալու հեռանկարից։
Templar-ները (Templiers,тамплиеры) խաչակրաց ամենահզոր ուխտի ասպետներն էին, որոնք ոչ միայն պաշտպանում էին Տերունական սրբավայրերը Երուսաղեմում, այլեւ դիմագրավում ու կասեցնում էին թյուրքական վայրագ ցեղախմբերի տարածումը Մերձավոր Արեւելքում։ 11-14-րդ դարերում Եվրոպայի ամեն ազնվականի համար մեծագույն պատիվը կյանքում Templar Knights Order-ում ծառայելն էր, նրանք վեր էին բոլոր պետություններից, արքաներից, օրենքներից, ենթարկվում էին միայն Հռոմի պապին եւ հեքիաթային հարուստ էին՝ ի հաշիվ ողջ քրիստոնյա աշխարհից շռայլվող նվիրատվությունների։
Templar-ների ուխտը ստեղծվեց Կիլիկիայի Հայոց Թագավորության հետ գրեթե միաժամանակ, մեկ-երկու տասնամյակի տարբերությամբ (Փիլարտոս Վարաժնունին վախճանվել է 1092-ին, Hugo de Payens-ը ծնվել է 1070-ին): Templar Knights Order-ի կործանումից (1314) մի քանի տասնամյակ անց կործանվեց նաեւ Կիլիկիայի Հայոց Թագավորությունը (1375)։ Tem-plar-ներից հետո թյուրքական բաշիբոզուկներն այնպես տարածվեցին Մերձավոր Արեւելքում, որ ի վերջո կործանեցին նաեւ Բյուզանդական կայսրությունը։
Իսկ Templar Knights Order-ը կործանեց Ֆրանսիայի արքա Philip de Bel-ը: Դա արեց գլխավորապես այն պատճառով, որ արքունական գանձարանը դատարկ էր, եւ արքունիքն ահռելի պարտքեր ուներ Templar-ներին, իսկ Templar-ների մոտ մեծ հարստություն կար։ Կողմնակի շարժառիթն էլ այն էր, որ Philip de Bel-ն էլ, Փաշինյանի նման, խելացնոր պատրանքներ ուներ, թե ինքն ավելի ճիշտ է ընկալում քրիստոնեություն ուսմունքը, քան խաչակրաց ասպետները, հոգեւորականները, ընդհուպ՝ Հռոմի պապը։ Եվ ինքը պետք է լինի Խաչի կրողը, նոր խաչակիր շարժման հիմնադիրը։ Դրա համար 1307-ից Philip de Bel-ը սկսեց ֆրանսիացի Templar ասպետների հետապնդումները, ձերբակալությունները, սպանությունները, մինչեւ 1314-ի գարնանը Templar ուխտի վերջին Grand Magister-ին՝ Ժակ դե Մոլայի (Jacques de Molay) մահապատժի ենթարկելը՝ խարույկի վրա այրելով։
Ինչ եղավ դրանից հետո։ Նույն՝ 1314-ի աշնանը 46 տարեկանում, որսի ժամանակ ընկավ, ողնաշարը կոտրեց եւ մի քանի օրում տանջամահ լինելով վախճանվեց Philip de Bel-ը։ Գահ բարձրացավ նրա 4 զավակներից ավագը, որը 2 տարի անց մահացավ՝ ինչ-որ հիվանդությունից։ Մի քանի ամիս անց ծնվեց մահացածի որդին՝ ի ծնե արքայի տիտղոսով, սակայն ապրեց ընդամենը 5 օր։ Հաջորդիվ գահ բարձրացավ Philip de Bel-ի երկրորդ որդին՝ նորից մի քանի տարի անց մահացավ՝ երիտասարդ տարիքում։ Նա չուներ որդի, եւ եղբոր մահից հետո գահ բարձրացավ Philip de Bel-ի վերջին՝ կրտսեր որդին, որը 3-4 տարի անց մահացավ՝ 33 տարեկանում 1328-ին, չունենալով որդի։ Ավելի երկար ապրեց միայն Philip de Bel-ի դուստրը, որը կնության էր գնացել Անգլիա։ Նրա որդին էլ անգլիական գահին բարձրացավ որպես Էդուարդ III արքա, որը Ֆրանսիայի դեմ հարձակումով սկսեց Հարյուրամյա պատերազմն Անգլիայի եւ Ֆրանսիայի միջեւ։
Այդքան դաժան աստվածային զայրույթ ու պատիժ վիճակվեց Philip de Bel-ին, որը դեռ խաչակիր ասպետների դեմ էր դուրս եկել, ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման՝ Սուրբ Աթոռի։
Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը Վատիկանում՝ Պետրոս առաքյալի Աթոռի գահակալ Հռոմի պապի առջեւ կամ Եգիպտոսում՝ Մարկոս Ավետարանիչի Աթոռի գահակալ Ալեքսանդրիայի պատրիարքի առջեւ (Ղպտի եկեղեցու հովվապետ), ստորաքարշ արտահայտությունը դեմքին, քիչ էր մնում հատակին թավագլոր լիներ, պետք է գիտակցեր, որ եթե Հիսուսի աշակերտներից Պետրոսը կամ Մարկոսն իրենց կամոք կամ հանգամանքների բերումով են Հռոմ եւ Ալեքսանդրիա գնացել, ապա Թադեւոս առաքյալին, Աբգար արքային տված իր խոստման համաձայն, Եդեսիայի Հայոց Թագավորություն ուղարկել է Հիսուսը։ Եդեսիայից էլ Թադեւոս առաքյալն անցել է Մեծ Հայք՝ Հայաստան։ Եդեսիա է ուղարկվել նաեւ Հիսուսի միակ գրավոր խոսքը՝ այս երկրագնդի վրա թողնված, եւ Հիսուսի միակ պատկերը՝ իր դեմքից վերցված` Mandylion de Edessa-ն։
Այնպես որ, Թադեւոս առաքյալից սկզբնավորված Թադէի Աթոռը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին եւ Էջմիածինը՝ իբրեւ աթոռանիստ, այն կրոնական բացառիկությունն ու արժեքն ունեն, որ Հռոմի, Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Անտիոքի առաքելական Աթոռները հազիվ թե ունենան։ Այդքանով էլ Սուրբ Էջմիածնի, նույն է թե՝ Թադէի Աթոռի, նրա գահակալի ու սպասավորների դեմ վայրահաչելը, այն էլ՝ հրապարակավ, այնպիսի սրբապղծություն է, հակաքրիստոնեություն, մեղք ու հանցանք, որի համար Նիկոլ Փաշինյանի պատիժը կարող է Philip de Bel-ին վիճակվածից խիստ լինել։
Փաշինյանը թող Philip de Bel-ի ու նրա սերունդների հետ կատարվածը մտքում պահի, իր մոլագարությունը չափավորի, կրոնի ու քրիստոնեության ասպարեզում անհատակ տգիտությունը կարելվույն կրճատի եւ լռի․․․ Աննա Հակոբյանին էլ լռեցնի։