Հասարակություն

Եթե վախկոտ ա, ամեն ինչից վախենում ա, թող հեռանա՝ կգա մեկը, ով չի վախենա

Եթե վախկոտ ա, ամեն ինչից վախենում ա, թող հեռանա՝ կգա մեկը, ով չի վախենա

«Հրապարակը» գրել էր, որ հինգշաբթի՝ մարտի 27-ին անհետ կորածների եւ գերիների ծնողները շրջափակելու են Հակակոռուպցիոն դատարանի շենքը՝ պահանջելով ակտիվացնել «Քիմիկների զորամաս»-ի գործով դատական նիստերը։

«Քիմիկների զորամաս»–ի հետ կապված քրեական գործը 2020 թ․ 44-օրյա պատերազմին առնչվող գործերից է, որի շրջանակում քննության առարկա են դարձել Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի զինծառայողների 62 հոգանոց խմբի շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները:

Ըստ գործի նյութերի՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանով 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել ու ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Ըստ մեղադրանքի՝ Մակարյանը ճիշտ չի կազմակերպել անձնակազմի տեղափոխումը, եւ նրա, ինչպես նաեւ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով խումբը... Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է մինչ օրս։ Այս գործով ամբաստանյալի աթոռին են գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը, կապիտան Էլլադա Հարությունյանը։ 

Այս գործով դատական նիստ վեջին անգամ տեղի է ունեցել երեք ամիս առաջ, այն էլ հետաձգվել է։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի մայր Հռիփսիմե Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Հակակոռուպցիոն դատարանում բողոքի ակցիա իրականացնելուց հետո ծնողները վաղը մտադիր են անժամկետ նստացույց սկսել կառավարական ամառանոցի առջեւ՝ գերիների վերադարձի պահանջով։ Ըստ նրա՝ Փաշինյանն անկարող է ահետ կորածների, գերիների հարցով զբաղվել, մտածում է միայն իր աթոռի մասին։ 

«Էս մարդը մոռացության է տալիս Հայոց ցեղասպանությունը, այն ամենը ինչ մեր նկատմամբ արել են ադրբեջանցիներն ու թուրքերը։ Եթե ես հայ եմ, ուրեմն պիտի հիշեմ, որ իմ պապերին ցեղասպանել են, Սումգայիթ են արել, էթնիկ զտումների ենթարկել։ Փաշինյանն ուզում է այդ ամենը մոռանալ՝ հանուն իր աթոռի։ Մեզ պետք է, որ մեր երեխաներին վերադարձնեն, էնքան ենք նստելու, ցույց անելու, մինչեւ մեր երեխաներին բերեն։ Կապիկություն են անում արդեն 4 տարի։ Եթե վախկոտ ա, ամեն ինչից վախենում ա, թող հեռանա՝ ժողովուրդն իր հարցերը կլուծի, կգա մեկը, ով չի վախենա»,-ասաց Հակոբյանը։

Ծնողները լուռ չեն մնալու, ծրագրեր ունեն։ «Գնալու ենք դատարան, հետո իր կեցավայր, սակայն որեւէ մեկի հետ չենք ուզում հանդիպել, որովհետեւ 4 տարի 5 ամիս է մեզ խաբում են։ Իրենց դեմքն արդեն չենք ուզում տեսնել, մեզ մեր երեխաներն են պետք, այնքան ցույց կանենք, մինչեւ մեր էրեխեքին բերեն, թեկուզ ամիսներով կնստենք։ Մեզ խոստացել են, որ լավ է լինելու, բայց լավ չի եղել։ 4 տարին բավարար էր, որ ժողովուրդը հասկանար՝ հնարավոր չի սրանց հետ, ինչքան կարելի է խաբվել։ Ազգային ժողով էլ գնացինք, մեզ ասացին՝ պատասխան կտան, բայց նորից կապիկություն արեցին՝ ոչ մի պատասխան էլ չտվեցին»,-նշեց անհետ կորածի մայրը։

Պարբերաբար նաեւ հանդիպումներ են ունեցել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ, կրկին անարդյունք։
«Աբազյանը շատ հանգիստ մարդ է, մեղմ, կարողանում է ժողովրդին համոզել, բացատրել, բայց այս հարցը միայն Փաշինյանը կարող է լուծել, եթե ուզի՝ կանի։ Թումանյանի կկուն ե՞նք, կրկնում եմ՝ վախկոտ է, թո՛ղ գնա, կգա մեկը, ով չի վախենա։ Ինքն է մեղավոր այս ամենի մեջ։ Կարողանում է երկիրը քանդել, ծախել, վաճառել, մեր երեխաների հարցով զբաղվել չի կարո՞ղ»,-նկատեց անհետ կորածի մայրը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image