Այլ

Մարտի են գնում միայն ջահելները

Մարտի են գնում միայն ջահելները

Վերջին օրերին Նեպալում տեղի ունեցող բողոքի ցույցերն ու սրընթաց զարգացումները, որոնց նախաձեռնողը «Սերունդ Z» շարժումն է՝ համալրված երիտասարդներով, հանգեցրել է ոստիկանության հետ արյունալի բախումների, կառավարության հրաժարականի։ Պատճառն առաջին հայացքից սոցիալական ցանցերի արգելափակումն է, սակայն իշխանությունների այդ որոշումն ընդամենը բողոքի ցույցերի խթան հանդիսացավ։ Իսկ ճգնաժամն ավելի խորն է:
Արգելքի պաշտոնական պատճառն այն էր, որ սոցցանցերը, այդ թվում՝ Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը, YouTube-ը եւ X-ը, անտեսեցին պաշտոնապես գրանցվելու հրամանը, որով իշխանությունն ուզում էր «հակազդել կեղծ լուրերին եւ ատելության խոսքի տարածմանը»։ Նեպալյան սոցցանցերի հատվածում քաղաքական էլիտայի՝ Nepokids կամ Nepobabies մականունով երեխաների շքեղ եւ անհոգ կյանքը պատկերող լուսանկարներն ու տեսանյութերը հսկայական ժողովրդականություն են ձեռք բերել։ Բայց նաեւ մեծ վրդովմունք եւ ցասում հարուցել մի երկրում, որտեղ մեկ շնչի հաշվով տարեկան եկամուտը 1400 դոլարից պակաս է։ Նեպալցիները շատ երիտասարդ ժողովուրդ են. երկրում միջին տարիքը 25 տարեկանն է, երիտասարդների շրջանում գործազրկությունը շատ բարձր է: Երկրի տարբեր քաղաքներում շարունակվող անկարգությունների վրա այս գործոնները նույնպես ներազդել են, եթե չասենք՝ բողոքի գլխավոր պատճառները հենց դրանք են, իսկ սոցցանցերի արգելքն ընդամենը պատրվակ է՝ կուտակված խնդիրները բարձրաձայնելու համար:

Նեպալում շատերը, հատկապես՝ երիտասարդները, մեկնում են արտերկիր՝ աշխատանք փնտրելու, իսկ երկրի բյուջեի մեկ երրորդը կազմված է արտասահմանից ստացված փոխանցումներից։ Եվ, ահա, սոցցանցերի արգելքը հանրության այս շրջանակներում ընկալվեց իբրեւ «բողոքի կամ դժգոհների բերանը փակելու, նրանց ձայները լռեցնելու բռնի փորձ», բայց սոցցանցային բռնի «լռեցման» որոշումն ավելի լայն բացեց դժգոհ հանրության աչքերը, իսկ բողոքի ալիքը դարձավ ավելի սոցիալական ու ցանցային՝ համակելով ամբողջ երկիրը:

Առհասարակ, վերջին տասնամյակներում, քաղաքացիական պատերազմից հետո, Նեպալը պարբերաբար անկայուն վիճակում է եւ ցնցումների մեջ. այս ընթացքում 13 կառավարություն է փոխվել։ Միապետությունը կորցրել է ժողովրդի վստահությունը, իսկ ժողովրդավարական ինստիտուտները չեն վերականգնել այն։ Շարունակվող քաոսի պայմաններում ցուցարարները հրկիզել են Նեպալի 2 հիմնական քաղաքական ուժերի պալատները, Հնդկաստանի սահմանին գտնվող ոստիկանական անցակետերը, ծեծի ենթարկել նախարարների, նախկին երկու վարչապետերին, որոնցից մեկի կինը մահացել է այն բանից հետո, երբ անկարգության մասնակիցներն այրել են նրանց տունը: Այրվել են նաեւ երկու նախկին վարչապետերի, ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի գրասենյակի եւ Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի շրջանային դատարանները։ Նախարարներին անվտանգության ուժերը տարհանել են, իսկ վարչապետն ու կառավարության ղեկավարը հրաժարական են տվել: Սակայն Նեպալի նախագահը դեռեւս հրաժարական չի տվել: Ուշագրավ է նաեւ, որ նեպալցի հանրությանն ու երիտասարդությանը ոգեշնչել է հարեւան Բանգլադեշի օրինակը, որտեղ ուսանողական բողոքի ցույցերն անցյալ տարի հանգեցրին կառավարության տապալմանը։

Ի դեպ, բողոքի ցույցերի առաջնորդները վստահեցնում են, որ կարողացել են «ծնկի բերել» իշխանությանը, եւ ժողովրդին են դիմել՝ չվնասել հանրային սեփականությունը, քանի որ այն շուտով անցնելու է իրենց իշխանության ներքո: Հակադիր բեւեռում՝ զինվորականները եւ երկրի նախագահը նույնպես համանման կոչ են արել՝ հորդորելով պահպանել հանգստություն, չոչնչացնել պետական սեփականությունը եւ համաձայնության գալ։ Կարեւոր է նաեւ, որ բողոքի ցույցերից օրեր անց կառավարությունը չեղարկեց սոցցանցերի արգելափակումը, բայց դրանով հարցը չլուծվեց, եւ քաոսը Նեպալում շարունակվում է: Թե որքանով կանսան իշխանության կոչին՝ հանդարտվել, համաձայնության գալ, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, որ Նեպալի դեպքերը հագեցած են երիտասարդական տաքարյունությամբ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image